Միանգամից մի քանի առումով բավականին ծանր տպավորություն թողեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 28-ի՝ «կոլապսիկ» ելույթը:
Դիտարկենք այդ «լայվի» բովանդակության առավել տպավորված դրվագներն ու շեշտադրումները:
Նախ, այնպիսի տպավորություն էր, որ էներգետիկ ոլորտի պատասխանատուները կամ նրանցից մեկը երեկ չէ առաջին օրը Նիկոլ Փաշինյանին բացատրել է, թե ինչ ֆինանսական սխեմայով է գործում երկրի էներգետիկ համակարգը՝ արտադրող կայաններից մինչև բաշխիչ ցանցեր: Եվ ինքն էլ, հեծանիվ հայտնագործածի նման, դա «ուղիղ եթերով» հանրությանն էր փորձում բացատրել: Թե՝ «...ՀԷՑ-ը վճարում է արտադրողներին, արտադրողները վճարում են մատակարարներին, նրանք վճարում են հարկեր... Այսինքն համակարգը աշխատում է այսպես. իրենք վճարում են, մենք վճարում ենք, իրենք վճարում են, մենք վճարում ենք...»: Լուսահոգի ուսուցիչս նման պատասխան տվող աշակերտին կասեր՝ նստի՛ր, պատասխանելու համարձակության համար՝ մի մեջքը կոտրած «3»:
Լավ, ո՞րն էր ասելիքը: Եվ ինչո՞ւ հենց այդ ոճով ու ոգով: Ո՞ւմ վրա էր մուննաթ գալիս վարչապետ Փաշինյանը:
Նրան, բացի էներգետիկ ոլորտի ֆինանսական հոսքերի սխեմայից, բացատրել են, որ եթե սպառողները շարունակեն չվճարել սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց, ապա ամբողջ համակարգը կարող է պարզապես կաթվածահար լինել:
Բանն այն է, որ արտակարգ դրության առաջին ժամկետի կամ ամսվա ընթացքում ՀՀ վարչապետի մակարդակով հայտարարություն է եղել, որ չվճարումների դիմաց արտակարգ դրության պայմաններում սպառողների (բնակիչների) էլեկտրական հոսանքի, բնական գազի, խմելու ջրի մատակարարման դադարեցում կամ անջատումներ չեն լինի:
Սակայն մի քանի օր առաջ, ինչպես հայտնի է, հոսանքի մատակարարը վերջնագրային տոնով պահանջեց վճարումները կատարել: Եվ Նիկոլ Փաշինյանի «լայվը» նվիրված էր այդ թեմային ու իրավիճակին:
Սակայն նրա բացատրույթուններն ավելի բարդացրեցին խնդիրը, մյուս կողմից՝ բացահայտեցին քննադատների իրավացիությունը, երբ գործող կառավարությունը գնահատում են որպես անպատասխանատու և անձեռնահաս: Նիկոլ Փաշինյանը, ընդունում է, որ հայտարարել են, թե՝ անջատումներ չեն լինելու, ու բացատրում է... այն ժամանակ, որ դա հայտարարել ենք, մեր հույսն այն է եղել, որ մեկ ամսից արտակարգ դրությունից դուրս կգանք... այն ժամանակ չգիտեինք, որ արտակարգ դրությունը երկարացնելու ենք... Ու նման բաներ:
Էհ, 1000 ներողություն, բայց թե՛ առաջին անգամ, թե՛ երկրորդ անգամ, այսինքն՝ և՛ արտակարգ դրություն հայտարարելը, և՛ դրա գործողության ժամկետը երկարաձգելը կառավարության որոշումն ու դիրքորոշումն են եղել, այլ ոչ թե կողմնակի ինչ-որ մութ ու դավադիր ուժերի:
Այն պահին, երբ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը հասկացան և որոշեցին, որ արտակարգ դրության ժամկետը մեկ ամսով երկարացնում են, գոնե այդ ժամանակ կարո՞ղ էին հանգիստ ու ընկալելի հայտնել հանրությանը, որ սիրելի հպա՜րտ ժողովուրդ ջան, գնացեք և կոմունալները վճարեք: Ասվե՞լ է նման բան: Ո՛չ: Այլ միանգամից՝ վերջնագիր, վարչապետի կատարմամբ էլ՝ մուննաթ, թե՝ մեր հայտարարությունը ոմանք սպեկուլյատիվ են ընկալել, մուծումներ չեն արել, ծանր վիճակ է ձևավորվել և այլն:
Ի դեպ, նկատենք, որ Հայաստանի ժողովրդական իշխանությունը արտակարգ դրության առաջին ամսվա համար միայն (ինչպես հիմա է պարզվում) ասել էր, որ անջատումներ չեն լինի, եթե չվճարեք: Որոշ այլ երկրների կառավարությունների նման ՀՀ «ժողովրդական» իշխանությունը չի ասել, թե՝ կառավարությունը իր վրա է վերցնում կոմունալ ծախսերը (հասկանալով, որ գործից կտրված մարդիկ եղած միջոցներն այլ կենսական նպատակներով կծախսեն): Այսինքն, բոլորն էլ Հայաստանում հասկանում էին, որ ծախսած հոսանքի, գազի, ջրի դիմաց վճարելու են, գուցե որոշ ուշացումով, այնպես չէ, էլի, որ հույսները կառավարության վրա էին դրել:
Ո՞րն է հարցի գինը: Սա ևս հետաքրքիր պահ է:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ հայտարարվեց՝ եթե չվճարեք, ապա կանջատենք, մոտ 7 միլիարդ դրամի վճարումներ եղան, «էներգետիկ համակարգը կոլապսից փրկվեց»: Ի լրումն, կոնկրետ 4300 սպառողի էլեկտրական հոսանքի մատակարարումը դադարեցվել է՝ 30 հազար և ավելի դրամ չվճարելու դիմաց: Ենթադրենք, միջինը 40 հազար դրամ են պարտք, դա էլ կստացվի ևս 172 միլիոն դրամ:
Շարունակենք հաշվել. 7 մլրդ 172 մլն դրամը համարժեք է մոտ 14,3 միլիոն դոլարի:
Նկատենք, որ այս ընթացքում շարունակաբար հիաշատակվող ու թվով 14-ի հասնող սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման համար կառավարությունը ընդհանուր առմամբ հատկացրել է (կամ տրամադրելու է) 27,8 միլիարդ դրամ կամ մոտ 55,5 միլիոն դոլար:
Հարց է ծագում. կառավարությունը, որն այդքան միջոցներ կարող է հատկացնել սոցիալական աջակցության ծրագրերին, կառավարությունը, որը միշտ հավաստիացնում է, թե ձեռքի տակ, այդ թվում՝ պահուստավորած գումարներ ունի, տեսնելով, որ իր կայացրած որոշումների հետևանքով էներգետիկ համակարգում կոլապսային, կաթվածահար վիճակ է սպասվում, չի՞ կարող օպերատիվ կարգով 10 կամ 14 միլիոն դոլար հատկացնել՝ այդ կոլապսից այդ պահին խուսափելու համար: Չենք ասում՝ պարտքով տա կամ սպառողների կուտակած պարտքերը զրոյացնի (ինչպես ճանապարհային տուգանվածների հին տուգանքները ներվեցին), այլ տվյալ պահին սուսուփուս աջակցի երկրի էներգետիկ համակարգին, իսկ սպառողների կուտակած պարտքն էլ, 1-2 ամսում շատ հանդարտ, առանց ջղային միմիկաներ անելու, առանց նյարդային ձայներանգների ու հիստերիաների, կվճարվին, գումարները էներգետիկ համակարգից կվերադառնային կառավարության տրամադրության տակ:
Մոտեցման ու ընկալման հարց է: Այլապես, ով ասես, կարող է վարչապետի աշխատասենյակում հայտնվել ու բացատրել, թե՝ գիտե՜ք, «եթե ճգնաժամ չլիներ, էսպես չէր լինի», գիտե՜ք մի խնդիրը լուծում ենք, դրանից երկրորդ խնդիրն է ծագում, երկրորդն ենք լուծում՝ երրորդը...
Չնայած, ե՞րբ նման բաների մասին մտածեին, եթե խնդիր կար բանկային գաղտնիքը հեչ անել, համատարած գաղտնահեևելու և լսելու հնարավորություն և իրավունք տվող օրինագծեր մշակել, մնացյալը՝ դեռ չասած:
Նիկոլ Փաշինյանը հաստատում է, որ իրենք «էմոցիոնալ որոշում են» կայացրել: Իսկ որոշ սպառողներ էլ դրա վրա սպեկուլյացիա են անում: Կներեք, բայց սա արդեն լրիվ անլուրջ մոտեցում է: Ի՞նչ ասել է՝ «էմոցիոնալ որոշում» մի ամբողջ կառավարության դեպքում, այն էլ նման հարցերում: Ի՞նչ ասել է՝ էմոցիոնալ: Դա թերթի խմբագրակա՞ն է, ընդդիմադիր խմբակցության ղեկավարի «օդում կախված լուրերով» ելո՞ւյթ, թե՞ կառավարության որոշում:
Հետո էլ հայտարարում է, թե՝ կարող եք ասել, որ այսքանով կամ այնքանով վատ կառավարություն է, կարող եք հայհոյել...
Հայհոյանք և այլնը, առհասարակ, իշխանամետ-իշխանապաշտպանների ոճն ու ինքնադրսևորման ձևն է: Ինչ վերաբերում է կառավարությանը և իշխանությանը, ապա գնահատականը կտան ժամանակը և քաղաքացիները՝ ընտրության ժամանակ: Լինի՝ արտահերթ, թե հերթական: Չնայած, այսպես որ գնա, ավելի շուտ՝ արտահերթ: Եվ ի դեպ, իսկապես վատ կառավարություն եք: Ու անպատասխանատու:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը