29 04 2020

Հրանտ Բագրատյանի մի «պատասխանի» մասին

Հրանտ Բագրատյանի մի «պատասխանի» մասին

Օրերս Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է մեր հրապարակումներից մեկին, որտեղ ինչպես ինքն է նշել՝ «իմ անունը նշված չէ, հոդվածն իմ դեմ չէ», բայց անհրաժեշտ է համարել պատասխանել։ Խոսքը «90-ականների սեփականաշնորհումը՝ հայաստանյան հսկա ձեռնարկություններից մեկի օրինակով» հոդվածին է վերաբերում։ Ի՞նչ կարելի է ասել այդ «պատասխանի» մասին։ Զերծ մնալով պարոն Բագրատյանին իր պես «ոմն» նախկին վարչապետ որակելուց, անդրադառնանք նրա պատասխանին և մեր վերոնշյալ հրապարակմանը։

Նախ՝ վերոնշյալ հրապարակումը եղել է ոչ թե այս տարվա, այլ 2019 թ․-ի ապրիլի 18-ին։ Մարդը շփոթել է տարին։ Այժմ՝ բովանդակության մասին։

Հրանտ Բագրատյանը որոշ մեջբերումներ է արել մեր հոդվածից՝ դրանք անվանելով սուտ, ապա մեր հոդվածի հետ կապ չունեցող մեկնաբանություններ արել։

Առաջին հերթին հարկ ենք համարում մեկ անգամ ևս պնդել այդ հոդվածի հիմնական գաղափարը՝ «90-ականներին տեղի ունեցած վայրի սեփականաշնորհումը խորհրդային տասնամյակների ընթացքում ստեղծածի փոշիացումն էր, և Հայաստանի՝ որպես արդյունաբերական երկրի ոչնչացումը, կասկածի որևէ տեղիք չի տալիս։ Որքան էլ փորձ է կատարվում դա ներկայացնել որպես բարեփոխում կամ ժողովրդի օգտին արված քայլ, իրականությունը տրամագծորեն հակառակն է»։ Նմանապես պնդում ենք, որ այդ տարիների սեփականաշնորհման ընթացքում կիրառվել է այն մոդելը, երբ․

1․ Գործարանները և ոչ միայն գործարանները սեփականաշնորհման հանելիս, շուկայական արժեք չէր նշվում, այն տարիների այն հիմնավորմամբ, որ նման արժեք ձևավորված չի

2․ Այդ գործարանները համարվում էին գնված, եթե գնորդը ձեռք էր բերում թողարկված բաժնետոմսերի 25 տոկոսը

3․ Այդ 25 տոկոսի համար վճարումն էլ կատարվում էր վաուչերներով

4․ Վաուչերների անվանական արժեքը 20 հազար դրամ էր (ի դեպ, սկզբնական շրջանում 10 հազար դրամ), իսկ շուկայական արժեքը՝ 2-3 հազար դրամ։ 

Այս ամենի հետևանքով, ըստ էության, արդեն իսկ ցածր՝ ոչ շուկայական արժեքով սեփականաշնորհման դրված ձեռնարկությունը նոր սեփականատերը ձեռք էր բերում անգամներով ավելի ցածր գնով։ Հատկապես ցանկանում ենք ընդգծել, որ վաուչերների շուկայական գինը եղել է 2 հազար դրամ, և Հրանտ Բագրատյանի պնդումը, որ այն ցածր չի եղել 6 հազար դրամից, սուտ է։ Հարյուր հազարավոր քաղաքացիներ կհաստատեն այդ փաստը, որը կառավարության շենքի պատուհանից, խոստովանենք, դժվար կլիներ  «նկատել»։ 

Աճուրդի կենտրոնում սեփականաշնորհման դրված «Երազի» գինը պաշտոնական տեղեկատվություն է՝ 28309 բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 10000 դրամ արժողությամբ, ինչը կազմում է 283 մլն դրամ։ Հրանտ Բագրատյանը նշում է 353 մլն դրամ՝ հաշվեկշռային արժեք, որից 20 տոկոսը տրվել է կոլեկտիվին, որից հետո մնացել է 273 մլն դրամ։ Այսինքն, գրեթե մեր նշած այն թիվը, որը ստացվում է բաժնետոմսերի քանակը դրանիցից յուրաքանչյուրի արժեքին բազմապատկելուց հետո։ Հետևաբար, նախկին վարչապետը կամ խճճվել է, թվերի մեջ, կամ մոռացել դրանք՝ մեզ սուտ հանելով, կամ էլ սուտ է որակում իր կառավարման ժամանակ գործած աճուրդի կենտրոնի հրապարակած 283 մլն դրամ կազմող գինը, որը, այդուհանդերձ, շատ չի տարբերվում իր նշած 273 մլն դրամից։

Դոլար-դրամ փոխարժեքի մասին։ Մենք նշել էինք, որ այն 1995 թվականին մոտ 400 դրամ էր։ Նշել էինք տարեկան միջին փոխարժեքը։ Եթե ավելի կոնկրետ, այն 405 դրամ է կազմել, որը էապես տարբեր չէ մեր նշածից և առավել ևս «շատ ավելի բարձր» չի եղել, ինչպես նշում է պարոն Բագրատյանը։ Հետևաբար, ևս մեկ որակված «սուտ», համբերատար հերքենք։

Այնուհետև, նախկին վարչապետը հայտնում է, որ «Երազ» գործարանը ունեցել է նաև պարտքեր, որոնք չէին մտցվում գնի մեջ և դարձյալ ստի մեջ մեզ մեղադրում։ Մինչդեռ, մեր հոդվածում ոչ ոք չէր ասել, որ այդ գումարը մտնում է ձեռնարկության արժեքի մեջ։ Նա նաև հայտնում է, որ «գործարանը սեփականաշնորհելիս նրա կազմից հանվել են 2 մասնաճյուղերը, բոլոր բնակելի շենքերը, Ջերմուկի շենքերն ու շինություննները, օժանդակ տնտեսությունը»։ Շատ լավ, իսկ ո՞վ էր ասել, որ դրանք մտել են գործարանի արժեքի մեջ։ Անհասկանալի է թե ինչո՞ւ է Հրանտ Բագրատյանն ինչ-որ տեղեկություններ հաղորդում, դրանք վերագրում մեր հրապարակմանը և չգիտես ինչո՞ւ ինքն էլ հերքում։

«Գործարանը սեփականաշնորհել են «Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ական իշխանության մաս կազմող կամ մոտիկ կանգնած մարդիկ»։ Սուտ», գրում է Հրանտ Բագրատյանը։ Մեր հրապարակման մեջ, սակայն, սևով սպիտակի վրա գրված է․ «Դրանք (վաուչերները) 2-3 հազար դրամով գնում էին Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ական իշխանության մաս կազմող կամ մոտիկ կանգնած մարդիկ և որպես 20 հազար դրամ վճարում այս կամ այն ձեռնարկությունը գնելիս»։ Մեր գրածի և Հրանտ Բագրատյանի մեջբերածի տարբերությունը առավել քան ակնհայտ է։ Հետևաբար, նախկին վարչապետը ևս մեկ գոյություն չունեցող ձևակերպմանը անդրադառձել և միանգամից սուտ որակել։ Հետագա պարզաբանումներն էլ այն մասին, թե ո՞վ է ձեռք բերել գործարանը, ի՞նչ կապ ունի կամ չունի ՀՀՇ-ի հետ, ի՞նչ է ասել նա այն ժամանակվա կառավարությանը, անիմաստ և անտեղի են դառնում։ 

Ինչ մնում է «Երազի» վերջնական վաճառքի գնին, ապա Հրանտ Բագրատյանը նշում է, որ դա «հեղինակը ստացել է բացահայտ սուտ և կիսատ տեղեկատվության հիման վրա»։ Մենք այդ գինը ստացել ենք, ինչպես արդեն նշեցինք, աճուրդի կենտրոնի կողմից հրապարակած գործարանի արժեքը և այդ տարիներին կիրառվող սեփականաշնորհման մոդելը հիմք ընդունելով։ Եթե աճուրդի կենտրոնը «բացահայտ սուտ» տեղեկատվություն է հրապարակել, ապա դա թերևս այդ ժամանակվա կառավարության և վարչապետի թերացումն է։ 

Խոսելով «Երազ» գործարանի աշխատել-չաշխատելու նպատակահարմարության մասին, նախկին վարչապետը գալիս է այն եզրակացության, որ այդ ձեռնարկությունը աշխատեցնելն անհնար էր և բերում նախկին ԽՍՀՄ ավտոգործարանների օրինակները։ Իր այս ասածը նույնպես նա եզրափակում է «ևս մեկ սուտ» արտահայտությամբ։ «Երազի» աշխատել-չաշխատելու նպատակահարմարության մասին կարելի է համաձայնվել Հրանտ Բագրատյանի հետ, կարելի է չհամաձայնվել, կարելի է վիճել, բայց դարձյալ անհասկանալի է թե ինչո՞ւ է այդ մասին նա խոսում, երբ մեր հոդվածում ընդհանրապես դրա մասին ոչինչ գրված չէ։ Առավել ևս անհասկանալի է, թե ի՞նչն է նա համարում «ևս մեկ սուտ»։  

Ուշագրավ է, որ Հրանտ Բագրատյանը փորձում է հերքել այն իրականությունը, որ նման ձևով սեփականաշնորհումից օգտվում էին Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ական իշխանության մաս կազմող կամ մոտիկ կանգնած մարդիկ։ Այո, դա այդպես է եղել՝ պնդում ենք մեկ անգամ ևս։ Թե ինչո՞ւ է նախկին վարչապետը ցանկանում իր վրա վերցնել վերոնշյալ անձի և քաղաքական ուժի «մեղքերը», երևի միայն իրեն է հայտնի։ Գուցե ցանկանում է արդարանալ իր սեփականաշնորհման մոդելի պատճառով արդյունաբերության փոշիացման համար, գուցե այլ պատճառ կա։ Անհասկանալի է նաև, թե ի՞նչ կապ ուներ մեր հրապարակման հետ այսպես կոչված՝ «մազութի գործը», որի հետ կապված էլ ինչ-որ փաստաթուղթ է հրապարակել։ Դեռ լավ է, որ դա էլ որպես հերթական «սուտ» մեզ չի վերագրել։

Ի վերջո, եթե Հրանտ Բագրատյանը ինչ-ինչ անհամաձայնություն կամ լրացումներ ուներ մեր հրապարակման հետ, առանց վիրավորական կամ արհամարահական արտահայտությունների, գոյություն չունեցող ստեր հայտնագործելու, կարող էր դիմել կայքի խմբագրություն, և անգամ մեր հոդվածի հրապարակումից մեկ տարի անց, մենք սիրով նրա գրավոր կամ բանավոր տեսակետը կներկայացնեինք։ Ընդ որում, ոչ միայն վերոնշյալ հրապարակման, այլ ընդհանրապես հանրությանը մտահոգող տնտեսական հարցերի վերաբերյալ։ 

Արա Մարտիրոսյան

Հ․Գ․ «90-ականների սեփականաշնորհումը՝ հայաստանյան հսկա ձեռնարկություններից մեկի օրինակով» հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ