Դատարանների մուտքերը փակելու վարչապետի հայտնի կոչից հետո թրենդ դարձան «վեթինգ» և «անցումային արդարադատություն» հասկացությունները, և իշխանությունը մեզ անծանոթ այս եզրույթները ստուգաբանեց այսպես՝ «վեթինգը կօգնի ստուգելու դատավորի, պետական պաշտոնյայի և սպայի նյութական, գույքային դրության համապատասխանությունը՝ իր զբաղեցրած պաշտոնի հետ»:
Որոշվեց՝ հաշվետու, անկախ դատական համակարգ ունենանալու համար առաջնահերթորեն վեթինգի սրի տակով պիտի անցնեն նախկին իշխանության օրոք դատավոր դարձածները՝ և ապա լոբբինգ արվեց՝ համընդհանուր վեթինգի կիրառման գաղափարը՝ բոլոր դատավորների ու նախկին պաշտոնավորների նկատմամբ:
Իհարկե, մարդիկ հասկացել էին, որ իրականում դատական համակարգի «ռեսթարթի» համար խթան դարձավ Արցախի գործող և պաշտոնաթող նախագահների անձնական երաշխավորությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու՝ դատարանի որոշումը: Որոշումն անսպասելիորեն նոր ու տհաճ սցենարներ գծեց Փաշինյանի համար, և այդ ցասումի պահին ծնվեց վեթինգով անհնազանդներին պատժելու սադիստական գաղափարը:
Դատական իշխանության ներկայացուցիչները սուր քննադատեցին նոր մոդելի կիրառումը, քանի որ պարզ չէր նպատակն ու մեխանիզմները, իսկ ահա քաղաքական մակարդակում շատերը միաբերան պնդում էին, որ դատարանների մուտքերը արգելափակելու էմոցիոնալ պոռթկումը արդարացնելու միտումով էր հնչել «վեթինգ» բառը՝ պոստֆակտում մտածված լուծում էր՝ վարչապետի հակասահմանադրական հրահանգն արդարացնելու համար: Այիսնքն՝ դատական իշխանությունը նորացնելու իլյուզիան իրադրային որոշում էր: Գաղափարի առաջամարտիկը դարձավ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նա ստանձնեց վեթինգի ինստիտուտը ձևավորելու հանձնառությունը:
Չմոռանանք՝ միջազգային կառույցների կողմից խիստ քննադատության արժանացավ համընդհանուր վեթինգի կիրառման՝ ՀՀ իշխանության մոտեցումը, նրանք աջակցություն էին հայտնում դատաիրավական բարեփոխումներին՝ հստակ ընդգծելով, որ դրանք պետք է տեղի ունենան բացառապես «օրենքի և սահմանադրության շրջանակներում»: Ի վերջո, Վենետիկի հանձնաժողովը ստիպեց ՀՀ իշխանություններին հրաժարվել համընդհանուր վեթինգի գաղափարից, այդ առումով մեծ դերակատարում ունեցավ նաև ԵԽ բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան, քնարկումների արդյունքում ՀՀ իշխանությունները եկան համաձայնության:
Եվ ահա այսօր, մեկ տարվա անորոշությունից, վեթինգի գաղափարի ու դրա ներդրման կառուցակարգերի շուրջ մտքի դեգերումներից հետո հայտարարվում է, որ դատավորների վեթինգ չի լինելու և այս հայտարարությունը հնչեցնում է հենց այն կառույցի ղեկավարը, ում ձեռքում էր կենտրոնացված վեթինգի իրականացման ողջ գործիքակազմը: Նոր օրենքի «թույլ լինելուց»՝ հիասթաձված դժգոհել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում: Սորոսական նախկին իրավապաշտպանը բացել է որոշ փակագծեր՝ վեթինգի բովանդակային փոփոխության շուրջ առկա ներիշխանական տարաձայնությունների մասին: Փաստացի Փաշինյանը գործել է սորոսական թևի կամքին համակառակ, և իշխանության սորոսականների թևը ալեկոծված հարցազրույցներ է շաղ տալիս, իրեն «քցված» է զգում է զգում, դատափետում է Փաշինյանի կառավարությանը, որ այդպես էլ չստացավ այն վեթինգի բաղձալի գործիքակազմը, ինչին ձգտում էր իշխանությունն ի սկզբանե:
Հանձաժողովի նախագահը հայտնել է, որ Հայաստանում դատական համակարգի ռեսթաթի համար խոստացված վեթինգը չի ինելու, քանի որ նախագահի ստորագրմանը ներկայացված՝ Դատավորների բարեվարքության ստուգում նախատեսող օրենսդրական փաթեթը թույլ չի տալիս 2017թ-ից հետո ընկած ժամանակահատվածում դատավորների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերի ուսումնասիրություն: «Դրանից առաջ ընկած ժամանակահատվածի համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որևէ լիազորություն չի տրվել և ակնկալել, որ հանձնաժողովը մաքրելու է դատական համակարգը, 6 ամիս հետո բոլոր դատավորները մաքրվելու են կամ համակարգը այդ ձևով կմաքրվի, ոչ, այդպես չէ: Սա իրականում վեթինգի նախագիծը չէ, պետք չէ հանրության թյուրիմացության մեջ գցել:
Այս նախագիծն այդ իմաստն արտահայտող գործողություններ չի նախատեսել։ Թե ինչու, ես դրանց պատասխանել չեմ կարող, որովհետև դա ինձ չվերաբերող հարց է»,-իր հիասթափությունն է հայտնել հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ ընդգծելով, որ խիստ էական տարբերություններ կան բարեվարքի կանոնների ստուգման և վեթինգը բովանդակային գործողությունների գործիքակազմերի միջև:
Նոր օրենքով ընդամենը նախատեսվում է դատավորների թեկնածուների բարեվարքության ստուգում, որի վերաբերյալ եզրակացությունը ԲԴԽ-ի համար նշանակություն չի ունենալու։ Այսինքն, Բարձրագույն դատական խորհուրդն առաջնորդվելու է իր կայացրած որոշմամբ։ Ենթադրվում է՝ իշխանության ներսում Ամուլսարի շուրջ երկփեղկվածությանը եկել է հաջորդելու վեթինգի թեման:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը