13 04 2020

Այս մսաղացով բոլորը կանցնեն. ԱԺ նախկին պատգամավորի փաստաբան

Այս մսաղացով բոլորը կանցնեն. ԱԺ նախկին պատգամավորի փաստաբան

«Այս մսաղացով բոլորը կացնեն, քանի որ մեթոդը սկսել են կիրառել արդեն շատերի նկատմամբ:  Բայց ոչ ոք թող վստահ չլինի, որ իր կիրառած  մասաղացով մի օր էլ ինքը չի անցնելու։ Ի վերջո ընթացակարգեր կան,  չի կարելի շրջանցել էդ բոլոր ընթացակարգերը, դրանք  ինքնանպատակ չեն սահմանվել: Հակառակ դեպքում, եկեք ով ՀՀ-ից բացակայում է այսօր, միանգամից որոշենք, որ հանցագործ է և հետախուզում հայտարարենք, ինչո՞ւ ոչ»,- YerevanToday-ի հետ զույցում անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործին՝ այսպիսի որակումներով իրավիճակը գնահատեց  փաստաբան Հրանտ Անանյանը, և հայտնեց, որ ինքը դեռևս ծանոթ չէ մեղադրանքին հիմնավորապես, քանի որ իր վստահորդի լիազորագրից հետո միջնորդվել է, բայց արհեստական ձգձգումներով առայժմ չի տրվել հնարավորություն ծանոթանալու գործի նյութերին: 

Նշենք, ՀՀ Գլխավոր դատախազությունը օրերս հայտնեց, որ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանին հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու գործով որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել (Քրօր. 314.3-րդ հոդվածի 2-րդ  եւ 310-րդ հոդվածի 1-ին մասով) և անգամ հայտարարվել է հետախուզում։

Նախկին պատգամավորի  նկատմամբ  ձեռնարկած գործողութունների համար, ասվում է, որ հիմք է ծառայել «Հետք»-ի հրապարակումը՝  Արթուր Գևորգյանի կողմից ամերիկյան իր բնակարանները վաճառելու ու 1.5 մլն դոլարով Գլենդելում առանձնատուն գնելու մասին:

«Չարաչար սխալվում է Գլխավոր դատախազությունը, շատ շուտով կտեսնենք, թե կարված գործի հղորդագրության որ մասն է ի վերջո հիմնավորվում ու որ մասն է ջուր»,- ասաց փաստաբան Անանյանը՝ ընդգծելով, որ գործը  փուչիկ է, ինքն անձամբ քաղաքական կոնտեքստով միտում է նկատում: Փաստաբանն ապշած է, որ Գլխավոր դատախազությունը մեղադրյալին պատշաճ ծանուցումը ապահովելու փոխարեն շտապել է քրեական գործի մասին հայտնել Հանրային հեռուստանընկերության «Հայլուրի» թողարկման ժամանակ:

«Նկատենք, քրգործն իրականում հարուցվել է մարտ ամսին, ընդ որում՝ առանց պատշաճ քննություն անցկացնելու: Եվ այս պայմաններում անթույլատրելի է անձին, առանց պատշաճ ծանուցման,  տեղեկացնում են իր նկատմամբ հարուցված քրգործի մասին՝ միանգամից ԶԼՄ-ով հաղորդում տարածելու միջոցով, Հանրային ՀԸ լուրերով առաջադրված մեղադրանքի ու հետախուզման մասին հանրայացնելով: Անթույլատրելի է խաղալ մարդու  հեղինակության հետ, վնասել նրա գործարար համբավը, սա անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է, ինչը հաճախ է հանդիպում վերջին շրջանում, ու կտեսնեք, որ հրապարակված տեղեկություների ինչ էական մաս իրականում ֆարս է, առնչություն չունի իրականության հետ:  Ի վերջո, եթե այդքան հիասքանչ էր ամեն բան, ուրեմն պիտի նախաքննությունն ավարտված լիներ, բայց նախաքննությունը դեռ օրգանական շարունակությունունի, ուրեմն ի՞նչ կարիք կար ցուցադրաբար մարդուն մեղադել և հետախուզման մասին հայտարարել հանրայինի եթերով: Ես այստեղ միտում եմ տեսնում՝ կապված իմ պաշտպանյալի պատգամավորական գործունեության, քաղաքական հետագծի հետ միգուցե, բայց այս պահին չեմ ուզում իմ գնահատականներով խախտել մասնագիտական էթիկայի սահմանները։ Առաջիկա օրերին, երբ կծանոթանամ գործի ողջ էությանը, հայտարարություն կանեմ»,- նշեց փաստաբան Անանյանը:  

«Հետախուզում կարող է  հայտարարվել անձի նկատմամբ, եթե անձը թաքնվում է քննությունից, և խուսափում է  և հետևաբար նրա գտվելու վայրը հայտնի չէ իրավապահներին: Մինչդեռ Արթուր Գևորգյանի պարագայում նա հաշվառված է ՀՀ ում Երևանի բնակավայրի համապատսխան հասցեում, որտեղ, ի դեպ, ներկայում նաև իր ընտանիքի անդամն է բնակվում՝ մայրը, իսկ իրավապահ մարմինները նրա ընտանիքի անդամ հանդիսացող անձին ոչ ծանուցում են ուղարկել, ոչ դիմել են, ոչ հարցրել Արթուր Գևորգյանի գտնվելու մասին, մայրիկին չեն հարցաքնել։ Իրավապահները  կարող էին նաև Արթուր Գևորգյանի ծանուցումն ուղարկել ԱՄՆ, ինչը դարձյալ չի արվել փաստացի: Այսինքն՝ նվազագույն գործողությունը չի կատարվել Արթուր Գևորգյանի գտնվելու վայրը պարզելու համար, ուստի ես համարում եմ, որ միանշանակ ապօրինի է պաշտպանյալիս նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը ի սկզբանե, ապօրնի է գնահատել, որ նրա գտնվելու վայրը անհայտ է, և դրանով պայմանավորված՝ ինքնին ապօրինի է նաև կալանավորման որոշումը»,- ասում է փաստաբանը և հավելում, որ վերջին շրջանում գլխավոր դատախազությունը կոպտորեն խախտում է կանոններ՝ նախաքաննական փուլում․ «Նախաքննության գաղտնիությունը միայն գործի շահերից ելնելով չէ, որ պարտավոր են կողմերը  պահպանել, դա կոչված է նաև ապահովելու կասկածելի մեղադրյալի իրավունքների պաշտպանությունը՝ զերծ պահելով նրան պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին սպառնացող, վտանգ ստեղծող հրապարակայնացումից:   Մեր իրավապահները վերջին շրջանում հաճախ են մոռանում անմեղության կանխավարկածի մասին,  ամբողջ նախաքննության ընթացքում խեղաթյուրում են պատկերը՝ հրապարակայնացնելով նախաքննական գաղտնիությունը: Մինչդեռ   ամբողջ ծավալով և խորությամբ չի հիմնավորվել անձին առաջադրված մեղադրանքը, չէ որ նախաքննական մարմինը կարող է և սխալվի, չիբացառվում , որ սխալմամբ է  մեղադրյալ ներգրավվել, ուրեմն ինչու չպահել ընթացակարգը»:

Փաստաբանը նշեց, որ Արթուր Գեւորգյանը չի խուսափում քննությունից, և պատրաստ է վերադառնալ հնարավորության դեպքում:  

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ