08 04 2020

Փաշինյանը փոշմանել է. Վարկային արձակուրդը նրա համար այլևս ձեռառնոցի չէ

Փաշինյանը փոշմանել է. Վարկային արձակուրդը նրա համար այլևս ձեռառնոցի չէ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում տեղեկացրել է վարկային արձակուրդ տրամադրելու մասին: Նա, մասնավորապես, գրել է. «Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով:

Վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձի՝ 15.4 միլիարդ դրամի չափով»:

Փաշինյանը, պարզվում է, փոխել է տեսակետը վարկային արձակուրդի վերաբերյալ: Հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխան էր, վարչապետը, վարկային արձակուրդ տալու մասին Տիգրան Ուրիխանյանի հարցին պատասխանելիս, նշեց, որ դեմ է այդ գաղափարին, ու նաև դուրս եկավ հունից․ «Եթե մարդը խրոնիկ անպարտաճանաչ գործընկեր է, խրոնիկ իր պարտականությունները չի կատարում, մի հատ էլ արձակուրդ ենք տալիս ու ասում ենք՝ լավ, մի 2 ամիս էլ մի կատարի՞: Այսօր բնականոն աշխատող մարդկանց, ովքեր բիզնես են անում, ասենք, դիմակ կամ ալկոգել են վաճառում, ինչո՞ւ պետք է վարկային արձակուրդ տանք: Երրորդ, բարեհաջող առևտուր իրականացնողներին, ում շահույթներն այս իրավիճակում շատացել են, ինչո՞ւ պետք է վարկային արձակուրդ տանք: 

 Հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք, էդ լո՞ւրջ եք ասում: Հո տենց ասելով չի, կներեք: Խոսքի արժեքին էլ պետք է, չէ՞, հետևել: Մնում-մնում՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, ձե՞ռ եք առնում:  Տպավորություն է, որ դուք ըտենց բաժանողն եք, մենք էլ թույլ չե՞նք տալիս: Գնացեք ձեր շրջապատի հարստությունը բաժանեք մարդկանց վափշե, հերիք ա, հա՞»:

Օրերի տարբերությամբ այս երկու մտքերն այնքան հակասական են, որ նույնիսկ մեկնաբանության կարիք չկա: Այստեղից առանձնացենք միայն մեկ նախադասություն: Փաշինյանն ասում է` «Խոսքի արժեքին էլ պետք է, չէ՞, հետևել»: Ակամայաից հարց է առաջանում` էդ լո՞ւրջ եք ասում, պարոն Փաշինյան:

 Խոսքի արժեքին հետևելուց խոսում է Նիկոլ Փաշինյանը, ով ընդդիմադիր եղած ժամանակ ասում էր բոյկոտեք ԵԱՏՄ-ն, հիմա ասում է` պետք չէ դուրս գալ այդ կառույցից, ով ասում էր` տաքսիստերը կարող են աշխատել առանց լիցենզիայի, հետո դրա գլիվայր հակառակն ասաց: Խոսքի արժեքից խոսում է Փաշինյանը, ով դատարանում հրաժարվեց իր խոսքերից, երբ եկել էր պատասխանատվության պահը: Հիշենք, թե ինչով ավարտվեց Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի դատական հայցը:

Փաշինյանի տեսակետներն այնքան արագ և այնքան կտրուկ են փոխվում, որ երկրի ղեկավարն ավելի շատ հիշեցնում է մարքեթոլոգի, որին ինչ ապրանք տալիս են, այն էլ ջանասիրաբար գովազդում է: 

Պարոն Փաշինյան, ինչպես դուք եք ասում, ով խոսի խոսքի արժեքից, դուք խոսեք քյաբաբ-խորովածից: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ