06 04 2020

Նախարար-բժիշկներ բանավեճ՝ պանդեմիայի օրերին

Նախարար-բժիշկներ բանավեճ՝ պանդեմիայի օրերին

ՁԻԱՀ –ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժիշկ համաճարակաբաններն արձագանքել են մեր հրապարակմանը՝ կառավարության հայցած օգնությունը  իրենց  կողմից մերժվելու մասին, թեև խմբագրությանը հասցեագրված նամակում չի ընդգծվում կոնկրետ մանագետների անուններ, նամակը ստորագրված է  ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի նախկին վարչի անունից՝ Արշակ Պապոյան:   

Հրապարակված հոդվածը ՁԻԱՀ կենտրոնի հատկապես համաճարակաբանների մասին էր, որոնց կարքիը պետությունն այս պահին շատ ունի՝ երկրում պանդեմիայի տարածումը զսպելու և վիրուսի ներթափանցումը Արցախի դարպասներից ներս թույլ չտալու գործում, շեշտադրվում էր նաև վերապրոֆիլավորած թվով՝ 9  բուժկենտրոնների  բուժանձնակազմի համալրման խնդիրը, մանավանդ, որ մասնագետների կրիզիս է հասունանում նաև բուժանձնակազմի վարակված լինելու պատճառով:

Մինչդեռ ՁԻԱՀ կենտրոնից ազատված պրոֆեսիոնալ կադրերը այս եռացող վիճակում  նկատելիորեն պարապ են մնացել կամ այլ գործով են զբաղված:

1․ Հոդվածում,  նշվում է բժիշկ համաճարակաբանների պասիվ դիտոդի կարգավիճակը՝ պանդեմիական աշխատանքներում, սակայն Yerevan․Today-ին ուղված հերքման տեքստում, չգիտես ինչու, բժիշկ Արշակ Պապոյանը հերքում է այդ ամենը՝ բուժքույրերի և երկու ինֆեկցիոնիստի ներգրավվածության փաստը վկայակոչելու միջոցով: Այո՛, ՁիԱՀ կենտրոնից հեռացած բուժքույրերից մի քանիսն իսկապես ներգրավված են տարբեր ԲԿ-ներում, ըստ որում՝ պայմանագրային հիմունքներով, և այդ մասին գրված էր  մեր  նախորդ հրապարակման մեջ, սակայն ինֆեկցիոնիստի մասին տեղեկատվությունը չէր տրամադրել Առողջապահության նախարարությունը՝ երևի այն նկատառումով, որ հարցադրումը եղել է զուտ համաճարակաբանների մասին: Ուստի մղադրել լրագրողին ապատեղեկատվություն տրածալու մեջ, անիմաստ է:  

2․ Պարոն Պապոյանը  խիստ դժգոհել է, որ հեղինակը չի անդրադարձել Առողջապահության նախարարության փոփոխությանը՝ ՁԻԱՀ կենտրոնը Նորք ինֆեկցիոնին միացնելու կառավարության որոշմանը, ինչը իրենց համար խիստ անցանկալի պայմանաններ է ստեղծել: Ընդ որում, պարոն Պապոյանը տողատակերում վերահաստատում է այն միտքը, որ իրենք այս օրերին ազատ դիտորդ են դարձել այդ լարվածության պատճառով, իրենց կողմից դրսևորվող սառը վարքագծի հիմքում Առողջապահության նախարարի հետ առկա տարաձայնություններն են եղել և չի թաքցնում պարո Պապոյանն այն գինը, որի դիմաց ՁԻԱՀ կենտոնից հեռացած մասնագետները ամբողջ կազմով միգուցե ներգրավվեին  պանդեմիայի դեմ պայքարում... եթե նախարարն իջներ իր բարձունքից և դիմեր մասնագետների օգությանը:

Նշենք, սակայն, որ անհասկանալի է նաև առողջապահության նախարարության կեցվածքը․ մասնագետների ուժը կենտրոնացնել պետք է ամեն պարագայում ու ամեն ամեն գնով՝ չսպասելով, որ նրանք անձամբ իրենց ծառայությունն առաջարկեն։ Այսինքն, մենք ականատես ենք փոխադարձ մերժումը։ Իսկ ո՞ւմ են բաժին հասնում բացասական հետևանքները․․․

Ի վերջո իչու՞ նստել ու սպասել  ոմն չինովնիկի առանձնահատուկ հրավերին, երբ Նորքի ինֆեկցիոնում օր ու գիշեր տառապում են ձեր գործընկերները և նրանց գոնե հերթափոխի հաշվին հանգստանալ է պետք, մի՞թե ճիշտ էր  այս իրավիճակում առաջնորդվել նախապայմաններով, երբ առանց այդ էլ բուժանձնակազմի շարքերում ավելանում են վարկված բժիշկները, իսկ պանդեմիան կանգ չի առնում, սրընթաց տարածվում է ու լափում է մեր պետության  ներուժը՝ անկախ արսենթորոսյանների, պարետի  ու կառավարության ղեկավարի ով լինելուց: 

3․ Հեղինակին ուղված մյուս մեղադրանքի առնչությամբ, թե ինչու  չի դիմել նաև համաճարակաբանների տեսակետը լսելու համար, ընդգծենք, որ նյութում զետեղված է Առողջապահության նախարարության պաշտոնական պատասխանը, այսինքն՝ հենց այն կառույցի, որն այսօր համակարգում է պանդեմիայի դեմ տարվող աշատանքների առողջապահական մասը, այդ թվում՝ բուժանձնակազմի ներգրավման ու նրանց հետ աշխատանքների կազմակերպման,  հետևաբար՝ լրագրողն առաջին հերթին հենց համակարգող օղակից պարտավոր էր ստանալ իր տեղեկատվության հերքող կամ հաստատող լուրը, ինչը և արվել է բարեխղճորեն և դրանից հետո հարկ չի եղել լրացուցիչ անգամ պատասխանող մյուս կողմին՝ համաճարակաբաններին դիմել:  Իսկ եթե իսկապես եղել է համագործացություն պետության հետ և պատասխանը թերի է մատուցվել ԱՆ-ից, կնշանակի պարետատանը կամ Կառավարությունում իրավիճակը շատ ավելի խառն է, ու պրոցեսները չեն համակարգվում մեկ ընդհանուր կետից ու դա խիստ վտանգավոր վիճակ է ստեղծում: 

Ուրեմն ինչ, ստացվում է պետությունը սո՞ւտ է ասում․ այո, պետական կառավարման այս օղակը՝ ԱՆ-ն, որն առաջին լիազոր մարմինն է՝ ներգրավված ՀՀ-ում պանդեմիայի դեմ պայքարում, և նախարարն անձամբ է իր խնդրանք-կոչին արձագանքած կամավորագրված բուժանձնակազմի ցանկով զբաղվում, ստացվում է՝ չի՞ տիրապետում իրավիաճկին, այո՞… Եթե դա իսկապես այդպես է և եթե իսկապես հիմնավոր են ՁԻԱՀ կենտրոնից հեռացած մասնագետների պնդումները, ուրեմն կներեք․.. մեզ սպառնացող վտանգն իրականում շատ ավելի մեծ է, քան՝ կորոնավիրուսը: Ստացվում է՝   երկրում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պայմաններում  ամեն ինչ թողնվել է մի խումբ մարդկանց հույսին, ովքեր ի վիճակի չեն իրավիճակը իրենց վերահսկողության տակ առնել, պատասխանատուներ են նշանակված անձիք, ովքեր միգուցե կառավարվում են տարբեր  կենտրոններից ու տարբեր օրակարգերով են առաջնորդվում:

Ստորև ներկայացնում ենք ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժիշկ համաճարակաբների հերքման տեքստը՝ մեր հրապարակմանը

«Անընդունելի ենք համարում  Սյուզի Բադոյանի հեղինակած «Ովքե՞ր են կառավարությանը մերժած մասնագետները» հոդվածը: Հեղինակը պարտավոր էր ոչ միայն առողջապահության նախարարությունից, այլև հենց մասնագետներից ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները: Այդ դեպքում կիմանար, որ իրենց մասնագիտական և մարդկային խղճի կանչով, ի սկզբանե որպես  կամավորներ կենտրոնի նախկին երկու վարակաբան և երկու բուժքույր դիմել են համապատասխան բուժհաստատություններ, և այս պահին աշխատում են, ընդ որում՝ վարակաբանները «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում:    Եվս մեկ նախկին աշխատակից ներգրավված է վարակի դեմ աշխատանքներում մեկ այլ բժշկական կենտրոնում: Որոշ մասնագետներ հետ են վերադարձել ՁԻԱՀ-ի կենտրոն նույն մասնագիտական և մարդկային խղճի կանչով: Իսկ կենտրոնի բժիշկ-համաճարակաբաններն ու բժիշկ-վիճակագիրները սեփական նախաձեռնությամբ ներգրավվել են կորոնավիրուսային վարակի համաճարակաբանական իրավիճակի վերլուծության, գնահատումների և մոդելավորման աշխատանքներում, որոնց հիման վրա մշակվել և որոշում կայացնողներին է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում COVID-19 վարակին պատրաստվածության և հակազդման պլան», նաև մասնագետների կողմից թարգմանվել, տեղայնացվել և համացանցով տարածվել է «Ինչ պետք է իմանան ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ կորոնավիրուսային վարակի (COVID-19) մասին» տեղեկատվական թերթիկը:

ՁԻԱՀ-ի կենտրոնից աշխատանքից ազատման դիմումները գրվել են դեռևս փետրվարի 28-ին, երբ երկրում չկար կորոնավիրուսային վարակի արձանագրված որևէ դեպք: Դա ոչ թե բոյկոտ էր, այլ  ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու անհիմն որոշման հնարավոր հետևանքներին լիազոր մարմնի ուշադրությունը հրավիրելուն, մեկ տարի չլսված ձայնը լսելի դարձնելուն ուղղված հարկադրված ու թերևս հուսահատ քայլ, որին ցավոք արձագանք չեղավ: Աշխատանքից ազատվածներն այն մասնագետներն են, որոնց գիտելիքներն ու հմտությունները դարձել են «խիստ պահանջված» այս ծանր օրերին, սակայն այդ նույն գիտելիքներն ու հմտությունները մեկ տարուց ավել արհամարհվել և մերժվել են նախարարության կողմից: Գիտակցելով գործազուրկ դառնալու հեռանկարը՝ մասնագիտական և մարդկային տեսանկյունից չափազանց ծանր ու աննախադեպ այդ քայլին Կենտրոնի աշխատակիցները դիմեցին՝ չցանկանալով դառնալ նշված որոշման իրագործման անցանկալի հետևանքների կրողն ու պատասխանատուն:   

Ոչ կոռեկտ ենք համարում հոդվածագրի «..մի ամբողջ մարտ ամիսը նրանք նախընտրեցին  իրենց ռեալիզացնել հեռուստաեթերներում՝ սուր քննադատելով կորոնայի դեմ պետության ջանքերը, բայց ոչ մի դեպքում չմիանալ և չօգնել Նորքում շաբաթներով ճգնող կոլեգաներին» ձևակերպումները: Կենտրոնի արհեստավարժ աշխատակիցները «հեռուստաեթերներով  իրենց ռեալիզացնելու կարիք չունեն», նրանք բոլորն էլ վաղուց կայացած և իրենց արհեստավարժ լինելն այլևս ապացուցելու կարիք չունեցող մասնագետներ են: Իսկ հեռուստաեթերների ժամանակ հնչեցվել է կենտրոնի աշխատակիցների անհամաձայնությունը վերոնշյալ որոշման առնչությամբ,  նաև բազմիցս նշվել է աշխատանքից ազատված մասնագետների՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ներգրավվելու պատրաստակամությունը, և պետք չէ խեղաթյուրել փաստերը: Ի դեպ, ՁԻԱՀ-֊ի կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու իրական նպատակներին և գործընթացի հիմնական դերակատարներին կանդրադառնանք ավելի ուշ։

Նշեն նաև, որ «...14 բուժաշխատողների վարակման դեպքը...» բացարձակ կապ չունի այս կամ այն մասնագետի պայքարի մեջ ներգրավվածության հետ: Դրա պատճառները փնտրեք այլ տիրույթներում:

Ինչ վերաբերում է «...սակայն պետության մեկնած ձեռքը օդում է թողել  ՁԻԱՀ վերկանգնողական կենտրոնի պրոֆեսիոնալ հակահամաճարակաբանների խումբը» ձևակերպմանը, ապա տեղեկացնենք, որ մասնագիտական կարծիքն արհամարելով աշխատանքից ազատելով և հարկադիր պարապուրդի մատնելով ՁԻԱՀ-ի կենտրոնի շուրջ 60 փորձառու, արհեստավարժ մասնագետներին, որոնց թվում են՝ վարակաբաններ, համաճարակաբաններ, բժիշկ-լաբորանտներ, բուժքույրեր, առ այսօր չարձագանքելով ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցների կառուցողական առաջարկներին՝ առողջապահության նախարարությունն ինքն է օդում թողնում իրեն մեկնած ձեռքը, իսկ ՁԻԱՀ-ի կենտրոնի այսօրվա ղեկավարությունն էլ դրսևորում է անտրամաբանական գործելաոճ՝ մերժելով վարակաբանների և բազմափորձ բուժքույրերի աշխատանքի վերադառնալու դիմումները, որոնք ելնելով իրավիճակից եւ մի կողմ դնելով տարաձայնությունները՝ փորձել են վերադառնալ նախկին աշխատավայր:

Նաև ցավալի է, որ հոդվածագրի տեղեկատվության աղբյուրը՝ առողջապահության նախարարությունը, տեղյակ չէ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումների կադրերով ապահովվածության  հարցերով  զբաղվող նախարարության պատասխանատուի հետ Կենտրոնի մի քանի նախկին աշխատակիցների օրերս կայացած հանդիպման մասին, որի ընթացքում մասնագիտական խումբն առաջարկել է վարակի դեմ պայքարի միջոցառումներին իր աջակցության շրջանակը և հայտնել իր պատրաստակամությունը կամավորության սկզբունքով, առանց որևէ վարձատրության իրականացնելու դրանք: Առ այսօր  չկա որևէ արձագանք այդ առաջարկին: 

Առաջարկում ենք ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարից ճշտել, թե ինչու՞ էր հրաժարվել այդ նույն բուժքույրերին, որոնք այսօր այլ բուժհաստատություններում անձնվիրաբար կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները, հետ ընդունել աշխատանքի, և ընդհանրապես, ի՞նչ չափանիշներով է նա առաջնորդվում հետ վերադառնալու ցանկություն հայտնած որոշ աշխատակիցներին ընդառաջելիս, իսկ մյուսներին՝ մերժելիս: Մենք ունենք այդ միջադեպերի առնչությամբ մեր հիմնավոր վարկածը, սակայն ցանկալի է իմանալ դրանց վերաբերյալ նշված պաշտոնատար անձի  պարզաբանումները:

Հ.Գ 1. Ի դեպ Կենտրոնը, որտեղ մենք աշխատել ենք, կոչվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, այլ ոչ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոն կամ  ՁԻԱՀ վերկանգնողական կենտրոն:

Հ.Գ 2. Իմիջիայլոց, մասնագետների արտերկրում վերապատրաստման կուրսերի և  գործուղումների համար պետությունը որևէ լումա չի ծախսել:

Հ.Գ 3. Ի գիտություն. սա էլ աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմումի տեքստն է. «Ելնելով «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի շուրջ ծավալվող իրադարձություններից, կրկին առերեսվելով որպես մասնագետներ արհամարհված լինելու փաստին, չհանդուրժելով առողջապահության նախարարության, նախարարության կողմից նշանակված «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի և առողջապահության նախարարությունից կազմակերպություն ուղարկվող այլ անհատների կողմից կիրառվող ճնշումները, նորից հայտնելով մեր անհամաձայնությունը «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին միացնելու որոշմանը, և չցանկանալով դառնալ դրա իրագործման արդյունքում անցանկալի հետևանքների կրողը՝ մենք՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներքոստորագրյալ աշխատակիցներս, ներկայացնում ենք աշխատանքից ազատման դիմում՝ թողնելով ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը ՀՀ առողջապահության նախարարության վրա», 28 փետրվարի 2020թ.:            

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ