03 04 2020

Գազի գինը․ Երբ զանգում ես Բելառուսի նախագահին ու բողոքում․․․

Գազի գինը․ Երբ զանգում ես Բելառուսի նախագահին ու բողոքում․․․

Գազի գինը թանկանում է, սպառողների վրա այսօրվա ծանր պայմաններում կարող է հավելյալ 36 տոկոս գնաճ լինել միայն գազի սպառումից։ 

Նիկոլ Փաշինյանը մինչ վարչապետ դառնալը, իշխանություններին խստորեն քննադատում էր գազի գնի համար, ասում էր, թե դա վասալային հարաբերությունների արդյունք է, չեն կարողանում բանակցել, փայ են մտնում և այլն։ Նա ասում էր, որ գազի գինն էականորեն նվազեցնելու հնարավորություն կա։ Հենց դարձավ վարչապետ, խոստանում էր Վլադիմիր Պուտինի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ հարցը բարձրացնել։ Գնաց-հանդիպեց-եկավ ու 2018 թվալանի դեկտեմբերի 2-ին հյտարարեց, թե Պուտինը զարմացել է, որ Հայաստանում գազի գինը թանկ է։ Ասաց, որ երբ Պուտինն այցելել է Գյումրի, տեսել է մարդկանց հագուստը, հասկացել է, որ լավ չեն ապրում և գազը էժանացրել է։ 

Բա հիմա ինչո՞ւ է թանկանում, գուցե Վլադիմիր Պուտինը Հ1-ի կադրերից կամ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացել է տնտեսական հեղափոխության մասին ու որոշել է, թե արդեն լա՞վ ենք ապրում։ Բնականաբար՝ ոչ։

Գազը, հարգելի քաղաքացիներ, քաղաքական հարց է։ Տնտեսական գործոնները սոսկ երկրորդ հարցն են, անշուշտ՝ կարևոր։ Բայց գլխավոր կոմպոնենտը քաղաքական է։

Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ ու ի սկզբանե դրժեց տված խոստումները, մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն ընկավ մտածմունքի տակ՝ որքանո՞վ է վստահելի գործընկեր Հայաստանի նոր ղեկավարությունը, եթե հենց սկզբից դրժում է անգամ սեփական ժողովրդին տված խոստումները։ Եթե մասնավորեցնենք, ապա առաջին դրժած խոստումը «վենդետա չի լինելու»-ն էր։

Նախ ռուսական իշխանամերձ բազմաթիվ վերլուծաբաններ, և ապա պաշտոնական Մոսկվան՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի շուրթերով, զգուշացրին, որ դա իրենց դուր չի գալիս։ Երբ Փաշինյանը շարունակեց իրականացնել իր մտածածը՝ առանց հաշվի առնելու փորձագիտական ու պաշտոնական գնահատականները, արդեն հասկանալի էր, որ ռուսական աջակցությունը շատ հարցերում կնվազի։ Այստեղից էլ արձագանքում էին, թե՝ մեկ խորանարդ մետրի համար կվճարենք 1000 դրամ, մեկ հացի համար կվճարենք 1000 դրամ, բայց մեր ինքիշխանությունը․․․ Իսկ հիմա այդ մասին մոռացել են, բնականաբար։ 

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձել է Վլադիմիր Պուտինի հետ քննարկել գազի հարցը, բայց նա թեման տեղափոխել է «Գազպրոմի» դաշտ, թե՝ գազը իրենք են տալու, իրենց հետ բանակցի։ Նիկոլ Փաշինյանն Ալեքսեյ Միլլերի հետ բանակցելու է ուղարկում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, նա էլ տապալում է։ Միլլերն ասում է՝ գազը քաղաքական հարց է, խոսեք Պուտինի հետ։ 

Ինչո՞ւ են այսպես ֆռացնում։ Որովհետև, ինչպես արդեն նշեցինք, Նիկոլ Փաշինյանը ստեղծել է խոստումները չկատարողի համբավ։ Դրա հետ մեկտեղ, նաև տղամարդու պես բանակցություններ վարել չի կարող։ Նա Պուտինին համարում է իր մեծ եղբայրը, հայ-ռուսական հարաբերությունները՝ պատմության ընթացքում ամենաջերմը, բայց տակից «խաղեր է տալիս»։ Փաշինյանը բացառիկ տաղանդ ունի հարաբերություն փչացնելու։ 

Հայ ռուսական հարաբերությունները և ընդհանրապես, պետությունների հետ հարաբերությունները ոչ միայն ժողովուրդներից, տնտեսական, քաղաքական հարաբերություններից, ռազմական փոխգործակցությունից և այլնից են կապված, այլ՝ ղեկավարների անձնական շփումներից։ Ի՞նչ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ։ Ոչ մի, հարաբերություն չկա ընդհանրապես։ Նրանք մի քանի անգամ հանդիպել են, բայց այդ բոլոր հանդիպումները եղել են ի միջի այլոց, ինչ-որ ծրագրերի շրջանակներում՝ ֆուտբոլի առաջնություն, ԵՏՄ նիստ, ՀԱՊԿ նիստ և այլն։

Ամեն անգամ հանդիպում ստանալու կամ ինչ-ինչ հարց լուծելու համար Փաշինյանը գնացել է զիջումների․ մի անգամ գնել ենք Սու30 ՍՄ-ներ, որոնք, փորձագետների բնորոշմամբ, չափազանց թանկ են ու ոչ արդյունավետ, մի քանի անգամ դեմ ենք քվեարկել ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերին, երկու անգամ հումանիտար առաքելություն ենք ուղարկել Սիրիա (որի պատճառով, ի դեպ, ԱՄՆ-ն դադարեցրեց Արցախի Հանրապետությանը տրվող օգնությունը)։ 

Վերջ, էլ բան չունի տալու։ Բայց նաև տղամարդավարի բանակցել չի կարող ու դիմում է անթույլատրելի մեթոդի։ Ո՞րն է դա․

Գազի գինը Հայաստանում բարձրանում է միմիայն Նիկոլ Փաշինյանի պատճառով։

Մարտի 31-ին Բելառուսի նախագահի լրատվականը հայտնեց,որ հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև: Նրանք ընդգծել են բնական գազի գնի բարձր մակարդակը` նշելով, որ այն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր ստեղծված իրավիճակին:

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը զանգել ու բողոքել է, որ մեր գազի գինը թանկ է։ Բայց ինչո՞ւ է բողոքել Լուկաշենկոյին, եթե գազի խողովակը բացող-փակողը նա չէ։ Բայց ինչո՞ւ Լուկաշենկոյին, ասենք՝ ոչ Ղազախստանի նախագահին, Տաջիկստանի նախագահին, այլ՝ Լուկաշենկոյին։ Չէ՞ որ մեր երկու երկրներին կապող միակ թելը ԵԱՏՄ-ն է։ Բելառուսի հետ ունենք չնչին առևտրաշրջանառություն, չունենք տրանսֆերտ, չունենք աշխատող, չունենք կապեր։ Դրան գումարած՝ Բելառուսի նախագահն Ադրբեջանի ղեկավարի ընկերն է և փորձ է արել Ադրբեջանին խցկել ՀԱՊԿ և ԵԱՏՄ։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաճախ է քննադատում Ռուսաստանին, և քննադատում է կոպիտ բառապաշարով։ Բայց չնայած այդ քննադատությանը, նրանց հարաբերություններն անխախտ են, նրանք պարտավոր են այդպիսին լինել, որովհետև այն սոցիալական ու քաղաքական տարածքը, որտեղ բնակվում են, չեն առանձնացնելու։ Եվ Փաշինյանը հավանաբար մտածել է, որ քանի որ Լուկաշենկոն երբեմն դուխով քննադատում է, կարող է էս հարցում էլ կպնենք իրար։

Եվ խնդրեմ, հենց հաջորդ օրը եկավ լուրը։ Այս հեռախոսազրույցից ուղիղ մեկ օր անց՝ ապրիլի 1-ին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների սահմանման կամ վերանայման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն տարածեց։

Գազը հուլիսի 1-ից կթանկանա 36 տոկոսով։ Դիմումը տվել են, ՀԾԿՀ-ն քիչ հնարավորություններ ունի։

Սա ապտակ էր։ Ինչու և ինչի համար՝ պետք է մըտածի ՀՀ իշխող թիմը։ Իսկ ժողովուրդը միայն կարող է փնթփնթալ և վճարել։

Մենք կարող ենք մեղադրել Բելառուսին, որ մի բան իրար մեջ խոսել էինք, անմիջապես դարձրեց մամուլի հաղարդագրություն ու ամբողջ ԵԱՏՄ-ով տարածեսց, մենք կարող ենք մեղադրել Ռուսաստանին, որ չի մտնում մեր դրության մեջ և այլ բաներ է պահանջում։ Բայց մենք պետք է մեղադրենք առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին, որ բանակցություններ վարելուց 0 լինելով՝ հարաբերություններ փչացնելու կարգին մասնագետ է։

Երբ ասում ենք, որ Հայաստանում իշխում է առանց քաղաքական անցյալի, անփորձ, բանակցելու համար անկարող ու քաղաքականապես անմակարդակ ուժ, սա նկատի ունենք։

Ու սա դեռ միայն սկիզբն է։ Հայաստանի դուռը, ինչպես մյուս այլ երկրների, չոքել է տնտեսական կործանիչ ճգնաժամը, ու այս ընթացքում գոնե «յոլա տանելու» համար դեռ շատ-շատերի հետ պետք է բանակցել։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ