30 03 2020

Կառավարությունը տակառ է գլորում փոքր բիզնեսի վրա

Կառավարությունը տակառ է գլորում փոքր բիզնեսի վրա

Մինչ իշխանության անլրջության պատճառով կորոնավիրուսը շարունակում է տարածվել Հայաստանում, իշխանության ղեկին գտնվողները նույն կերպ են վերաբերվում սպասվող տնտեսական վիճակի վատթարացմանը։ Ինչպես մի ամիս առաջ, անտեսելով կորոնավիրուսի տարածման սպառնալիքը, քաղաքական նպատակներին հասնելու մոլուցքով հանրահավաքներ էին անում, այնպես էլ հիմա, անտեսելով տնտեսության մեջ սպասվող ճգնաժամը, խոսում են  տնտեսվարողների նկատմամբ «կրկնակի և եռակի» խիստ լինելու անհրաժեշտության մասին։ 

Մասնավորապես, կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հետևյալն է ասել ՀԴՄ-ների կտրոնների վերաբերյալ․ «... հիմա հատկապես շատ ձեռնարկություններ չեն աշխատում, նույնիսկ շատ խանութներ չեն աշխատում, այս գործընթացի պոտենցիալ հասցեատերերը շատ ավելի քիչ են: Ես ակնկալում եմ, որ պետական եկամուտների կոմիտեն հայտնաբերի և խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չխփող ամեն դեպքի համար, որովհետև որևէ արդարացում չկա դրան, մանավանդ այսօր, որ խանութների շրջանառություններն էականորեն աճել են: ․․․ Պետական եկամուտների կոմիտեն պետք է կրկնակի խիստ լինի հարկերից խուսափելու բոլոր երևույթների նկատմամբ, կրկնակի և եռակի»:

Նույն մարդը օրերս նաև հետևյալ հայտարարությունն է արել․ «Հայաստանում օրավարձով աշխատող մարդ գոյություն չունի ․․․ ստվերում աշխատող այն քաղաքացիները, որոնք ժամանակին  ասել էին, որ «թքած ունեն կառավարության որոշումների վրա», հիմա ունենալու են խնդիրներ ․․․ հիմա իրենք պետք է քայլեր ձեռնարկեն ստվերում աշխատած մարդկանց նույնականացնելու ուղղությամբ»: 

Այս երկու հայտարարությունները անմիջականորեն կապված են փոքր բիզնեսի հետ։

Առաջին հայտարարության մասին։ Նիկոլ Փաշինյանը նախ ասում է, որ շատ ձեռնարկություններ և խանութներ չեն աշխատում, ապա՝ խանութների շրջանառությունները աճել են և պետք է խստագույնս պատժել ՀԴՄ կտրող չխփող ամեն դեպք։ Սովորության համաձայն, ինքն իրեն հակասելով, ամեն ինչ իրար խառնելով, նա իր հերթական շոուն է բեմադրում։ Իմաստը այն է, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե խանութների վիճակը ոչ միայն չի վատացել, այլև լավացել է և նրանց պետք է հերթական անգամ «քերթել»՝ պահանջելով կատարել ՀԴՄ կտրոններ տպելու մոլագարության հասնող իր պահանջը։

Մինչդեռ, իրականությունն այն է, որ բացի իր «եղբայր» խոշոր սեփականատիրոջ և մեկ-երկու այլ սուպերմակետների ցանցերից, մնացած բոլոր խանութներում շրջանառությունները չեն ավելացել։ Ոչ մթերային խանութներն ընդհարապես փակ են, իսկ մինչ փակվելն էլ արդեն իսկ փաստացի պարապուրդի մեջ էին՝ կտրուկ նվազած հաճախորդների պատճառով։ Դատելով Նիկոլ Փաշինյանի պահանջից, հենց այս խանութները սկսեն գործել, ՊԵԿ-ն անմիջապես սկսելու է կրկնակի-եռակի ակտիվությամբ պատժել նրանց ՀԴՄ կտրոն չտպելու համար։ Ի՞նչ է լինելու դրա հետևանքով։ Նվազած շրջանառությամբ և դժվարությամբ գործող խանութները վճարելու են խոշոր տուգանք։ Ինչն ավելի է խորացնելու այդ տնտեսվարողների ծանր վիճակը։ Նրանք չեն կարողանալու կատարել իրենց պարտավորությունները գործընկերների և տարածքների վարձակալների նկատմամբ և հարկադրված են լինելու փակվել։

Սա է Նիկոլ Փաշինյանի հակաճգնաժամային քաղաքականության էությունը։ Այսինքն, ոչ միայն չի թուլացվում հարկային վարչարարությունը փոքր բիզնեսի նկատմամբ, ոչ միայն հարկային մեղմացումներ չեն արվում, այլև ավելի կատաղությամբ և մի քանի ճակատով են հարձակվում նրա վրա։ 

Երկրորդ ճակատը երկրորդ հայտարարության մեջ հնչած պահանջն է օրավարձով աշխատող մարդկանց մասին։ Մեծ դժգոհությունների պատճառ դարձած այս հայտարարությամբ, Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահանջել նաև, որ ստվերում աշխատողները գնան և գրանցվեն իրենց գործատուների մոտ։ Սա ճիշտ պահանջ է ստանդարտ իրավիճակում, բայց ոչ ճգնաժամայինում։ Բանն այն է, որ մեծամասամբ փոքր բիզնեսում են չգրանցված աշխատողները և այս պահին պահանջել, որ նրանք գրանցեն այդ աշխատողներին, նշանակում է երկրորդ տակառը գլորել փոքր բիզնեսի վրա։  Հարց է առաջանում, Նիկոլ Փաշինյանը չի՞ հասկանում, որ ներկա իրավիճակում նման ձևով հարցեր լուծելը կոպիտ սխալ է։ Դա ոչ միայն չի բերելու բյուջեի եկամուտների ավելացման, այլ ընդհակառակը՝ հանգեցնելու է մի կողմից եկամուտների նվազման, մյուս կողմից՝ սոցիալական լարվածության ավելացման։ Ի դեպ, նախկին վարչապետներից Հովիկ Աբրահամյանը հայտարարում էր, որ փոքր բիզնեսից հարկային մեծ եկամուտների ակնկալիք չունեն և պետության համար նախընտրելի է, որ մի քանի տասնյակ հազար առևտրականներ և այլ ոլորտների տնտեսավարողներ կարողանան «իրենց գլուխը պահել» և պետության  համար սոցիալական բեռ չստեղծեն։ Փաստորեն այն ինչ հասկանում էր «թալանչի ռեժիմի» վարչապետ Հովիկ Աբրահամյանը, չի հասկանում կամ չի ցանկանում հասկանալ «ժողովրդի» վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Ի՞նչ ենք ունենալու երկրի ղեկին հայտնված մարդու դրսևորած հերթական անլրջության, անձնական հավակնությունների բավարարման ու տգիտության  հետևանքով։ Այն, ինչ այսօր ունենք կորոնավիրուսի սրընթաց տարածման առումով, նույն պատկերն էլ կարճ ժամանակ անց ունենալու ենք մեր տնտեսության մեջ։ Եվ այդ ժամանակ թող ոչ ոք ուրիշ տեղ չփնտրի ցավալի իրականության պատճառները։

Արա Մարտիրոսյան      

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ