20 03 2020

Արայիկ ջան, Մինասի որմնանկարով ոգեշնչված՝ Վրաստանում ի՞նչ արեցիր

Արայիկ ջան, Մինասի որմնանկարով ոգեշնչված՝ Վրաստանում ի՞նչ արեցիր

Ավելի քան երկու շաբաթ առաջ՝ մարտի 3-ին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ շքեղ նկարի մոտ կանգնած էին ինքը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Լուսանկարին կից գրառում էր արել, թե՝ «Մինասի այս շքեղ որմնանկարով ոգեշնչված գնում ենք բանակցությունների Վրաստան»։

Բավականին հավակնոտ գրառում էր։ Այցն էլ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական պատվիրակության կազմում էր։

Հաջորդ օրը նույն նախարարն իր ֆեյսբուքյան էջում ամփոփեց այցը, թե՝ հանդիպել են Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի, կաթողիկոսի հետ ու որոշել են, որ բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում համագործակցությունը կարևոր է։

Վերջ, դա էլ էդ «դուխով» նկարի պատմությունը։ Բայց հետաքրքիր է՝ այդ նկարով ոգեշնչված կոնկրետ ի՞նչ են արել Վրաաստանում յուրաքանչյուրն իր ոլորտում, ի՞նչ պայմանագիր են կնքել, պայմանավորվածության եկել և այլն։

Վրաստանում հայությունը մեծ խնդիրներ ունի, հատկապես՝ Ջավախքում։

Թվարկենք մի քանիսը․

  • Հայաստանում բնակվող ջավախահայ հասարակական-քաղաքական մի շարք գործիչների, հայաստանցի գործիչների, մտավորականների մուտքն արգելված է այդ երկիր։
  • Արդեն երկար ժամանակ է, ինչ գիրք-գրականություն փոխանցելու արգելք կա։ Հայաստանից դասագրքերի մուտքը Վրաստան արգելված է, եթե արգելված էլ չէ, սահմանից ներս չեն թողնում։

  • Հայկական դպրոցները վրացականացվում են, ներդրվել է երկլեզու կրթական համակարգ՝ գրքերի մի մասը հայերեն է, մի մասը վրացերեն, ու հայերենը գնալով սահմանափակվում է։

  • Հայոց լեզվի դասաժամերը կրճատվել են, իսկ հայոց պատմությանը՝ ընդհանրապես հանվել։

  • Հայ ուսուցիչներին թույլ չեն տալիս գալ Հայաստան վերապատրաստման։

  • Հայերենի իրավական կարգավիճակը բացակայում է Վրաստանի՝ «Տեղաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան» չվավերացնելու արդյունքում։

  • 2002 և 2014թթ․ մարդահամարների արանքում Ջավախքի շրջանների հայ բնակչության թիվը նվազել է մոտ 30 տոկոսով՝ ավելի քան 35 հազար մարդով։

  • Ըստ էության, Վրացական պետությունը լծվել է ջավախահայության էթնոձուլման գործընթացին։ Կարճ ասած՝ ուզում է ջավախահայությունից ստանալ վրացի։

  • Արհեստական խոչըտնդոտներ են ստեղծում հայերի համար, բյուրոկրատական քաշքշուկներ տարբեր դեպքերով և առիթներով։

  • Նահանգային մարմիններում հայերը բացակայում են։

  • Ջավախահայ երիտասարդներն արտագաղթում են իրենց ծննդավայրերից։

  • Վրաստանում երկքաղաքացիության սահմանադրական արգելքների հանման պայմաններում ստեղծված օրենսդրական խութերը ՀՀ քաղաքացիություն ստացած տասնյակ հազարավոր ջավախահայերին պահում են լարվածության մեջ՝ ամեն վայրկյան մտածելով վրացական քաղաքացիությունից, Վրաստանում կացության, իսկ վերջնափուլում էլ՝ Ջավախքում երկարաժամկետ կտրվածքով ապրելու կամ, պարզապես, Ջավախք մտնելու իրավունքից զրկվելու մասին (բոլոր նշված կետերի մասով օրինակները բազմաթիվ են և օր-օրի շատանում են):

Եկեղեցիների ու Ցեղասպանության չճանաչման հարցին էլ դեռ չեմ անդրադառնում։ Ոչ էլ նրան, որ թուրք-ադրբեջանական գործոնի ուժեղացումը Վրաստանում ազգային անվտանգության հարց է Ջավախքի ու նաև Հայաստանի համար

Ուզում ե՞ք էլի թվարկեմ։ Հիմա ի՞նչ է արվել այս ամենի ուղղությամբ։ Էն դուխով նկարը՝ Մինասով ոգեշնչված, նշանակում է, որ այս հարցերին պետք է լուծում տրվեր։ Բայց գոնե անդրադարձե՞լ եք։ Կասկածում եմ։ Որովհետև եթե գոնե մի թեթև անդրադարձ լիներ, գոնե մի խնդրի թեկուզ չնչին լուծում տրված լիներ, հայտարարությունները կլինեին ամպագոռգոռ, ինչպես սովորաբար լինում է մի փոքր դրական քայլ անելուց հետո, այլ ոչ թե՝  ստանդարտ հայտարարության պես, թե՝ «․․․կա չօգտագործված ներուժ․․․»։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ