02 03 2020

Երբ վարչապետն ասում է 1 մլն մարդ, նկատի ունի 757 հազար

Երբ վարչապետն ասում է 1 մլն մարդ, նկատի ունի 757 հազար

Ստախոսությունը Հայաստանում դարձել է պետական քաղաքականություն և իշխանությունը պահելու գլխավոր գործիք։ Նիկոլ Փաշինյանի շարունակում է ստել ճիշտ այնպես, ինչպես դա անում էր մինչև իշխանության գալը և չի դադարելու դա անել հետագայում ևս։ Նրա հերթական ստերից մեկը իր ֆեյսբուքյան էջում օրերս կատարած հետևյալ գրառումն էր․ «2018 թվականի մայիսից մինչ օրս Հայաստանում ավելի քան 1 միլիոն մարդու աշխատավարձը կամ թոշակը կամ նպաստը բարձրացել է»:

Փաստենք՝ 1 մլն մարդու մասին թիվը բացահայտ կեղծիք է։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2018 թ․-ին Հայաստանի Հանարպետությունում թոշակառուների թվաքանակը 463 հազար մարդ էր, նպաստառուներինը՝ 92 հազար մարդ, իսկ պետական համակարգում աշխատողներինը՝ 202 հազար մարդ։ Տարրական թվաբանական գիտելիքներ ունեցողը՝ անկախ նրանից վարչապետի պաշտոն է զբաղեցնում, թե ոչ, կարող է հաշվել և տեսնել, որ այս թվերը իրար հետ գումարելով, ստացվում է 757 հազար մարդ։ Դարձյալ տարրական թվաբանություն իմացողը գիտի, որ 757 հազարը 1 մլն չէ և 1 մլն-ից պակաս է 243 հազարով։

Հիմա աշխատավարձի, թոշակի կամ նպաստի բարձրանալու մասին։ Հիշեցնենք, որ մինչև «սիրո և հանդուրժողականության» քնքուշ անվանումը ստացած իշխանության գրավումը, Նիկոլ Փաշինյանը խոստանում էր թռիչքային տնտեսական աճ և մարդկանց եկամուտների կտրուկ ավելացում։ Այսօր ակնհայտ է, որ առաջին խոստումը տեղի չի ունեցել, իսկ երկրորդը՝ տեղի է ունեցել միայն Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի, շրջապատի երիտասարդ հեղափոխականների և նոր իշխանությանը հավատարմության երդում տված ճամբարափոխների կյանքում միայն։

Մեկ անգամ ևս տեղեկացնենք, որ, մասնավորապես, կենսաթոշակների բարձրացումը նախատեսված էր 2019 թ․-ի հունվարին և ավելի մեծ չափով, ինչի մասին դեռ 2017 թ․-ին հայտնել էին նախորդ իշխանության ներկայացուցիչները։ «Թավշյա» հեղափոխությունը մեկ տարով հետաձգեց այդ գործընթացը, իսկ բարձրացումը եղավ ավելի փոքր՝ 3000-4000 դրամով։ Նպաստները բարձրացան 6000-6500 դրամով։ Սրան հակառակ, բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ սկսեցին ստանալ կտրուկ բարձրացած՝ 900 հազարից մինչև 1,5 մլն դրամաշխատավարձ։ Սակայն նոր իշխանության ագահության գագաթնակետը պետական բյուջեից բացահայտ թալանվող աստղաբաշխական պարգևատրումներն են, որոնք միայն անցյալ տարվա ընթացքում կազմեցին մոտ 21,5 մլրդ դրամ կամ մոտ 45 մլն դոլար և որին անդրադարձել ենք մեր նախորդ  դրամ կամ մոտ 45 մլն դոլար և որին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ:

Եվ վերջում, Նիկոլ Փաշինյանի գրառման ցինիզմի աստիճանի մասին ավելի լիարժեք պատկերացում կազմելու համար, համեմատենք պարգևատրումներին և կենսաթոշակների բարձրացման հատկացված գումարները։ Պետական կառավարման համակարգի 18 հազար աշխատակիցների պարգևատրումների համար պետական բյուջեից նախորդ տարի ծախսվել է 21,5 մլրդ դրամ, իսկ 463 հազար թոշակառուների բարձրացման համար՝ այս տարի հատկացվել է մոտ 20 մլրդ դրամ։ Սա նշանակում է, որ պարգևատրվողներից յուրաքանչյուրը նախորդ տարի ստացել է 1,2 մլն դրամ լրացուցիչ գումար (ընդգծենք, որ նախարարներն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները ստացել են միջինից անհամեմատ ավելի մեծ գումարներ), իսկ թոշակառուներից յուրաքանչյուրն այս տարվա ընթացքում որպես բարձրացված կենսաթոշակ կստանա ընդամենը 43 հազար դրամ լրացուցիչ գումար։ Այսինքն, պարգևատրում ստացածներից յուրաքանչյուրին հատկացվել է ․․․ 28 անգամ ավելի գումար, քան թոշակառուներից յուրաքանչյուրին։ Այս մասին իր գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, ոչինչ չի ասում ․․․

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ