18 02 2020

Ի՞նչ կա տնտեսական աճի «թիվ կրակելու» հետևում

Ի՞նչ կա տնտեսական աճի «թիվ կրակելու» հետևում

Տնտեսական աճի ցուցանիշի «թիվ կրակելու» արշավը շարունակվում է։ Արշավ, որի նախաձեռնողն ու միակ մասնակիցը Նիկոլ Փաշինյանն է։ Նա նախ հայտարարում է, որ 2019թ․ տնտեսական աճը կլինի 7 տոկոս, ապա 7-7,5 տոկոս և հիմա արդեն 8 տոկոս և ավելի։ Հետաքրքրիր է, ո՞րն է ավելորդ համեստության պատճառը՝ կարելի էր միանգամից հայտարարել երկնիշ՝ 10 տոկոսի աճի մասին և հրահանգել վիճակագրական կոմիտեին «կյանքի կոչել»։ Սակայն աճի արհեստական և քարոզչական նպատակներով պատկերվող ցուցանիշը դժբախտության միայն մեկ մասն է։

Ավելի վատն այն է, որ անգամ վիճկոմի պատկերած աճից շատ ավելի ցածր՝ փորձագիտական գնահատականներով իրականում 3-4 տոկոսանոց տնտեսական աճը արդյունք է տնտեսության այնպիսի ճյուղերում արձանագրվող աճի հետ, որը ոչ մի հիմք չի ստեղծում տնտեսության հետագա զարգացման համար և չի ապահովում դրա ներառական լինելը՝ այսինքն բնակչության ավելի մեծ զանգվածի վրա դրա ազդեցությունը։ Դիտարկենք ըստ տնտեսության ճյուղերի, դրանցում բնակչության ներգրավվածության աստիճանի և ստեղծվող հավելյալ արդյունքի տեսանկյունից։

Գյուղատնտեսությունը, որտեղ ընդգրկված է բնակչության ամենամեծ մասը, որը կերակրում է բնակչությանը և որը ցանկացած պետության հոգածության ներքո է, շարունակում է գտնվել անկման մեջ։ Միայն հայտարարություններով ոլորտում անկումը չի դադարի, իսկ հարյուր հազարավոր մարդիկ իրենց կյանքում շարունակում են զգալ այդ անկման բացասական ազդցեությունը։ 2018 թ․-ի առաջին եռամսյակում հաջողվել էր գյուղատնտեսությունը դուրս բերել անկումից և անգամ փոքր՝ մոտ 2 տոկոսանոց աճ ունենալ։ Սակայն նույն տարում, երբ իշխանությունը փոխվեց, ամռան ամիսներին ոռոգման նպատակով Սևանից Նիկոլ Փաշինյանի կողմից ջրառ թույլ չտալու պատճառով գյուղատնտեսությունը մոտ 16 մլրդ դրամի կորուստ կրեց և կրկին հետ շպրտվեց դեպի խորը անկում։

Տնտեսության թերևս կարևորագույն ճյուղը՝ արդյունաբերությունը անցած տարի ունեցած աճի գերակշիռ մասով պարտական է հանքարդյունաբերությանը։ Այն նույն հանքարդյունաբերությունը, որն ըստ Նիկոլ Փաշինյանի «մեզ համար ապագա չէ», բայց որով հիմա նա հպարտանում է։ Արդյունաբերության 9 տոկոսանոց աճի գերակշիռ մասը հենց այս ճյուղում արձանագրված մոտ 24 տոկոս աճի, այիսնքն ընդերքից հանվող հանքանյութի վաճառքի շնորհիվ է։ Մշակող արդյունաբերությունում տոկոսային աճն ավելի փոքր է՝ 7,6 տոկոս։ Ի դեպ, արժե հիշեցնել, որ 2017 թ․-ին արդյունաբերության աճը երկնիշ էր՝ 12,3 տոկոս։ Հետևաբար, ոչ մի հեղափոխական զարգացում ոչ միայն չենք ունեցել, այլև աճի տեմպի նվազում ունենք։

Շինարարությունում աճը 4,6 տոկոս է կազմել։ Այս ճյուղի առանձնահատկություններից է մեծաթիվ աշխատատեղեր ընդգրկելը։ Եթե անցած տարվա առաջին ամիսներին տարփողվում էր շինարարությունում 20 տոկոսանոց աճը և հայտարարվում, որ մեզ «բում» է սպասվում, ապա տարեվերջին ականատես եղանք աճի տեմպի նվազման ցուցանիշին։ Այսինքն, այստեղ արձանագրված ցածր և դրանով հանդերձ խիստ կասկածելի աճը նույնպես ներառական ազդեցություն չի ունեցել բնակչության վրա, իսկ արձանագրվող ծավալները էական հիմք չեն ստեղծել տնտեսության հետագա զարգացման համար։ Ինչո՞ւ կասկածելի՝ քանզի տարեկան աճի տեմպի անգամ այս՝ նվազած ցուցանիշը հնարավոր եղավ «ապահովել» տարվա վերջին՝ դեկտեմբեր ամսին վիճկոմի պատկերած 85 տոկոսանոց աճի շնորհիվ։

Առևտրի ոլորտում, իհարկե, որևէ արժեք չի ստեղծվում, բայց այստեղ արտացոլվում է նաև արդյունաբերությունում և գյուղատնտեսությունում տեղի ունեցող երևույթները և անդրադառնում այդ ոլորտում ընդգրկված մարդկանց։ Ըստ վիճկոմի, առևտրում աճը անցած տարի կազմել է 8,9 տոկոս։ Այս ցուցանիշն առևտրով զբաղվողների մոտ առնվազն ժպիտ է առաջացնում, քանի որ ակնհայտ է վերջին մեկուկես տարում առևտրի ծավալների նվազումը։ Սակայն վիճակագրությունը աճ է պատկերում։ Այն, որ այստեղ աճ պատկերելը պարզապես անհեթեթություն է, փաստում է հետևյալ երևույթը։ Ամիսներ շարունակ արդյունաբերությունում չնչին աճ էր արձանագրվում, իսկ ներմուծումը՝ անկում, բայց առևտրում բարձր՝ երկնիշ աճ էր պատկերվում։ Հարց է առաջանում, ինչպե՞ս է դա հնարավոր, քանի որ առևտրում վաճառվում են կամ ներմուծված, կամ տեղում արտադրվող ապրանքները։ Հիմա, երբ ներմուծումն ու արդյունաբերությունը ավելի մեծ աճ են արձանագրել, առևտրի աճի տեմպը փոքրացել է։ Եզրակացություն՝ նախկինում առևտրի երկնիշ աճը, այսպես ասած «ավանսով» էր ցույց տրվում։ Հիմա փորձում են մոտեցնել իրականությանը, բայց դեռ դեռ հեռու են մնում դրանից։

Ծառայությունների ոլորտում արդնե երկրորդ տարին է, ինչ երկնիշ աճն արձանագրվում է հիմնականում բուքմեյքերական գրասենյակներում կատարվող խաղադրույքների ծավալների շարունակական ավելացման շնորհիվ։ Պարզ է , որ նման աճը ոչ միայն հիմք չի ստեղծում տնտեսական զարգացման համար, այլ մի բան էլ բնակչությունից կլանում և փոշիացնում է գումարներ, որոնք կարող էին շրջանառվել այլ ոլորտներում։

Սա է տնտեսական աճի հետեում թաքնվող իրականությունը։ Իրականություն, որի մասին Նիկոլ Փաշինյանն իհարկե չի խոսա։ Այնպես, ինչպես նրա թիմի՝ պատգամավոր դարձած նախկին տնտեսական լրագրողները, որոնք նախկին իշանության օրոք ամբոխավարության մաստեր-կլաս էին տալիս՝ խոսելով ներառական տնտեսական աճ ունենալու անհրաժեշտության մասին։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ