07 02 2020

Փաշինյանի «բլեֆը» չանցավ

Փաշինյանի «բլեֆը» չանցավ

Փետրվարի 6-ի երեկոյան, երբ ԱԺ նիստը կարծես ավարտված էր, իսկ Փաշինյանն էլ արդեն արտասանել էր իր կրակոտ, անձնական վիրավորական արտահայտություններով հագեցած ճառը, Սահմանադրական դատարանի մի խումբ դատավորներ ելան ՍԴ շենքից ու հանգիստ քայլում էին: Իշխանական քարոզչամիջոցի աշխատակցուհին հերթով գրեթե բոլորին դիմեց՝ անընդհատ փորձելով նրանցից գոնե թեթևակի «քաղաքական գնահատականին» մոտեցող մի ֆրազ կամ կես ֆրազ պոկել: Բայց՝ ապարդյուն: ՍԴ դատավորները, ավելի ճիշտ՝ ՍԴ բոլոր այն դատավորները՝ Հրայր Թովմասյան (ՍԴ նախագահ), Արևիկ Պետրոսյան, Ալվինա Գյուլումյան, Ֆելիքս Թոխյան, ում դիմեց իշխանական քարոզչամիջոցի աշխատակիցը, միանգամայն հստակ ու հարգանքի արժանի կեցվածք դրսևորեցին:

Բնութագրական է, որ ՍԴ նշված բոլոր դատավորները ընկճված չէին, ներկայանում էին բարձր տրամադրությամբ: Այնպես, որ լրացուցիչ անգամ բացահայտ ու առանց ավելորդ բառ ասելու ցույց տվեցին բոլորին՝ «հարվածը պահում են»:

Ամենևին հակված չեմ ՍԴ դատավորներին ամերիկյան կոմիքսներում պատկերվող  «սուպերհերոս» ներկայացնել: Բայց այն, թե ՍԴ գործող կազմը (բացառությամբ, իհարկե, «թավշյա» իշխանության նշանակած և առանց աշխատելու բարձր գումար ստացող մեկ անդամի) ինչպես է հստակ և օրինականորեն պահում իր դիրքորոշումը, իսկապես օրինակելի է: 

Նախքան ԱԺ արտահերթի «բոլոլան», երբ դեռ «37 քայլականների« նախագիծն էր շրջանառվում, տարբեր մեկնաբաններ նկատեցին, որ այդ ամենը գործող քաղաքական իշխանության «բլեֆն» է, յուրահատուկ հոգեբանական ճնշում ՍԴ դատավորների վրա: «Բլեֆի» դիմելու Փաշինյանի հնարավոր հաշվարկը կարող է և այն էր, որ ԱԺ կողմից նման որոշում ընդունելու սպառնալիքը կարող է ահաբեկել ՍԴ դատավորներին կամ նրանց նյարդերը կարող են տեղի տալ՝ դրանից բխող հետևանքներով ու, վերջնահաշվում հրաժարական կտան: Բայց ՍԴ դատավորները, ի տարբերություն իրենց վրա հարձակվող «քայլականների», իրենց դիրքերում են, համարյա ինչպես «28 պամֆիլովականները»: Իրենց ետևում էլ պետության սահմանադրական կարգն է, Հայաստանում իրավական պետության վարկը պահելու թերևս վերջին բաստիոնը, նահանջելու տեղ չունեն, ու մարդիկ չեն էլ նահանջում:

Ինչի ասես, որ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը և իրենց «ֆեյքեն-ֆելդֆեբելները» չդիմեցին. Է՛լ տոտալ վիրավորանքներ ու հայհոյանքներ, է՛լ քրեական հետապնդում, է՛լ վարկաբեկման արշավ, է՛լ բացահայտ սպառնալիքներ, է՛լ ընտանիքի անդամների դեմ թիրախավորված հետապնդում՝ հատուկ ծառայությունների ներգրավմամբ, է՛լ կաշառելու «օրենքավորված» բացահայտ փորձ:

Ոչինչ չստացվեց:

ԱԺ-ում ունեցած մեծամասնությամբ ձեռնարկված իշխանական գրոհը, որ շանտաժի միջոցով ՍԴ դատավորների վրա էլի մեկ հուժկու ճնշում գործադրելու նպատակ էր հետապնդում, փաստորեն, նույնպես ապարդյուն անցավ:  

Նիկոլ Փաշինյանը, իր իսկ հրահրած այս դիմակայության մեջ, վաղուց է պարտվել: Մեծ հաշվով նա, որպես վարչապետի պաշտոն ունեցող և պետության ռեպրեսիվ համակարգը տնօրինող գործադիր իշխանության ամենաբարձր պաշտոնյա, ավելի շատ ռեսուրսներ ունի: Բայց, եթե նույնիսկ որոշի, պատկերավոր ասած՝ «խարույկ բարձրացնել» ՍԴ դատավորներին ու իր «ֆեյքեն-ֆելդֆեբելները» նետվեն այդ հրամանը կատարելու, միևնույն է, դրանով վերջին շտրիխը կդնեն նրա պարտության պատմական արձանագրության տակ:

Ելույթի վերջում, երբ արդեն բոլոր վիրավորական ու ցածր արտահայտություններն արել-վերջացրել էր, երբ անմեղության կանխավարկած ասվածը հերթական անգամ ոտքի տակ էր գցել, Նիկոլ Փաշինյանը սկսեց խոսել այն մասին, թե պատրաստ է հանդիպել ՍԴ դատավորների հետ, նրանց բացատրել, գուցե նաև՝ համոզել: Եթե նա այդքան վստահ է, որ միակ իրավացին է ու՝ վերջ, որ ոչ մի հակաօրինական բան չկա իր գործողություններում, ապա էլ ի՞նչ անհրաժեշտություն ունի հանդիպել ՍԴ դատավորների հետ: Ձեռքի ո՞ւժ է փորձելու նրանց հետ, թե՞, օրինակի համար, Ալվինա Գյուլումյանին փորձելու պետական ու սահմանադրական իրավունք բացատրել:

Բայց հավելյալ մեկ ձեռքբերում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունի: Սահմանադրական դատարանի դեմ հրահրած այս «բոլոլայով» գործող իշխանությունը Հայաստանի վրա արտաքին լրացուցիչ ճնշման անցանկալի առիթ է տալիս, ավելի ճիշտ՝ արդե՛ն տվել է:

 

Ա. Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ