03 02 2020

Ի՞նչ կլինի, եթե ներմուծված մեքենաները չվաճառվեն

Ի՞նչ կլինի, եթե ներմուծված մեքենաները չվաճառվեն

Հայաստան մեքենաների զանգվածային ներմուծումն ավարտվեց։ 2015 թ․-ին, ԵԱՏՄ-ին  Հայաստանի անդամակցելիս, նախորդ իշանությունը համաձայնություն էր ձեռք բերել մինչև 2019 թ․-ը Հայաստան ներմուծվող մեքենաների համար արտոնյալ դրույքաչափեր ունենալ։ Այս տարվանից Հայաստան ավտոմեքենաներ ներկրողների՝ ֆիզիկական անձանց համար գործում են ԵԱՏՄ միասնական և ավելի բարձր մաքսադրույքները։

Այսպիսով, նախորդ տարի Հայաստան ներմուծվեց մոտ 190 հազար ավտոմեքենա՝  ԱՄՆ-ից, Եվրոպայից և Ճապոնիայից։ Հիմնվելով պաշտոնական վիճակագրության տվյալների վրա, կարող ենք փաստել, որ գումարային առումով այդ մեքենաների ներմուծման վրա ծախսվել է մոտ 670-680 մլն դոլար։ Այսինքն, նախորդ տարի Հայաստանից այդքան դոլար է դուրս եկել մեքենաներ ներմուծելու համար։ Սա ահռելի թիվ է։ Եթե հաշվի առնենք, որ տարեկան ներմուծումը Հայաստան կազմել է 5,5 մլրդ դոլար, ապա միայն մեքենաների ներմուծումը կազմել է ամբողջ ներմուծման մոտ 12 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ 2018 թ․ին ներմուծվել էր 362 մլն դոլար, իսկ 2017 թ․-ին՝ 247 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ։

Մեքենաների ներմուծումից Հայստանի պետական բյուջեն էական լրացուցիչ եկամուտներ ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հպարտանում է հարկային եկամուտների «աննախադեպ աճով», բայց «մոռանում» ասել, որ դա ոչ թե իր կառավարության, այլ նախորդ «կոռումպացված ռեժիմի» ջանքերի արդյունքն է։ 190 հազար ավտոմեքենաներից յուրաքանչյուրից միջինը մոտ 450 հազար դրամ հարկային մուտքեր են ստացվում, ինչի մասին իր ասուլիսներից մեկի ժամանակ հայտնել էր ՊԵԿ նախագահը։ Ստացվում է, որ միայն ավտոմեքենաների ներմուծումից Հայաստանի պետական բյուջեն անցած տարի ստացել է մոտ 85 մլրդ դրամ։ 

Հիշեցենենք, որ 2019 թ․-ի պետական բյուջեի եկամուտները նախատեսված էին եղել 1 տրլն 401 մլրդ դրամ, իսկ տարեկան հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 464 մլրդ դրամ։ Եթե վերջին գումարից հանենք մեքենաների ներմուծումից եկած 85 մլրդ դրամ եկամուտը, ապա կստացվի, որ բյուջեի եկամուտները գերակատարվել են բացառապես այդ գումարի շնորհիվ, որն այս իշխանության հետ որևէ առնչություն չունի։ Այլապես, կթերակատարվեին ոչ միայն արդեն փաստացի թերակատարված պետբյուջեի ճշգրտված եկամուտները, այլև նախապես սահմանվածը։ Ահա այսպիսի փրկօղակ էր Նիկոլ Փաշինյանի համար մեքենաների ներմուծման համար եղած արտոնությունը։ Սակայն ներկայումս խնդիրներ են առաջացել ոչ միայն ներմուծված մեքենաների, այլև արդեն վաճառվածների հետ։

Ներմուծման արտոնության շնորհիվ էժան ավտոմեքենաները Հայաստանից հիմնականում ձեռք են բերել Ղազախստանի քաղաքացիները։ Նրանք այսօր իրենց երկրում կանգնել են այդ մեքենաների գրանցման խնդրի առաջ։ Ղազախստանի պնդմամբ, Հայաստանի համար արտոնությունը նախատեսված է եղել Հայաստանի, այլ ոչ թե ԵԱՏՄ այլ երկրների քաղաքացիներին զանգվածային վաճառքի համար։ Ղազախստանի քաղաքացիներից շատերը այդ մեքենաները ձեռք են բերել գրանցելով դրանք Հայաստանի որևէ հասցեի և անձի վրա։ Հիմա Ղազախստանի կառավարությունը պահանջում է նրանցից վճարել մաքսազերծման հին և նոր դրույքաչափերի տարբերությունը։ Ինչպե՞ս կլուծվի այս հարցը, դժվար է ասել։ 

Համենայնդեպս, ակնհայտ է մի բան, որ ԵԱՏՄ երկրներից այլևս չեն գալիս Հայաստան ավտոմեքենա գնելու։ Սա լրջագույն խնդիր է ստեղծում մի քանիսից մինչև մի քանի տասնյակ կամ հարյուր ավտոմեքենաներ ներկրած անձանց և ոչ միայն նրանց համար։

Հազարավոր մարդիկ մեքենաների էժան ներմուծման համար վարկեր են վերցրել և մեծ գումարներ են ներդրել՝ դրա դիմաց տներ գրավ դնելով։ Մինչդեռ, ներմուծված 190 հազար մեքենաների մեծ մասը դեռևս վաճառված չէ, իսկ վարկերի տոկոսներին վճարումները պետք է կատարվեն, չխոսելով արդեն մայր գումարի մարման մասին։ Ինչպե՞ս է դա արվելու, եթե ավտոմեքենաները չեն վաճառվում։

Առաջին հերթին տուժելու են մեքենաներ ներկրած անձիք։ Դժվար է անգամ պատկերքացնել, թե ի՞նչ վիճակում են նրանք հայտնվելու, եթե ներմուծված մեքենաների վաճառքի համար շուկա այդպես էլ չգտնվի։ Հայաստանի պահանջարկը շատ փոքր է, և անգամ գների հավանական նվազման դեպքում մեծաթիվ վաճառք երկրի ներսում չի լինի։

Վարկեր տրամադրած բանկերն են խնդիրներ ունենալու։ Թեև նրանց համար ելք ամեն դեպքում կա՝ կբռնագանձեն վարկերի տրամադրման համար գրավ դրված անշարժ գույքը։ Սա նշանակում է, որ շատ մարդիկ կհայտնվեն անդունդի եզրին՝ մնալով առանց տան, ինչը սոցիալական լուրջ դժգոհություններ է առաջացնելու։ Միաժամանակ, անշարժ գույքի գները, որոնց աճի մասին անընդհատ խոսում է Նիկոլ Փաշինյանը և որը չունի լուրջ հիմք, կսկսեն նվազել։ Այսինքն, իշխանության կողմից անշարժ գույքի գների փչվող փուչիկը կպայթի շատ ավելի շուտ, քան նրանց կարող է թվալ։

Ստեղծված կացությունը բացասական է ազդելու, թե տնտեսության վրա ընդհանրապես, թե բնակչության եկամուտների և գնողունակության վրա մասնավորապես։ Եթե միայն մեկ տարվա ընթացքում Հայաստանից ավտոմեքենաներ ներմուծելու համար դուրս է եկել 670-680 մլն դոլար, դա նշանակում է, որ այդ գումարը չի շրջանառվել երկրի ներսում։ Այսինքն, առևտրի շրջանառութան վերջին մեկուկես տարվա նվազումը պայմանավորված է նաև այս գործոնով։ Հիմա, եթե բերված մեքենաները չեն վաճառվում և այդ գումարը գոնե հետ չի վերադառնում, դա ավելի է խորացնելու բնակչության գնողունակության անկումը։ Դա էլ իր հերթին շղթայաբար ազդելու է տնտեսության մյուս ճյուղերի՝ առևտրի, ծառայությունների, գյուղատնտեսության և շինարարության վրա։ Այն, որ այս տարի հարկային եկամուտներ մեքենաների ներմուծումից սպասել պետք չի, թերևս ավելորդ է ասել։

Թե ինչպե՞ս է խնդիրների այս համախումբից դուրս գալու իշխանությունն ու Նիկոլ Փաշինայնը դժվար է ասել։ Միանշանակ է մեկ բան՝ գումարային և գույքային կորուստ կրող մարդկանց խաբել տնտեսության «վագրային թռիչքի» մասին հեքիաթներով հաստատապես չի հաջողվելու։

Արա Մարտիրոսյան    

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ