Երևանի քաղաքապետարանի իմքայլական ներկյացուցիչը, որը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ատելություն է հրահրել. hրապարակել է ՍԴ նախագահի դստեր ֆեյսոբուքյան էջն ու դիմել հանրությանը, թե՝ տեսեք ինչ եք անում։ Դատապարտելի արարք է, ու իր պատիժը կստանա, ինչի մասին հայտարարել է անգամ իր կուսակցությունը։ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարություն է տարածել, որը իհարկե, նորմալ է, բայց նաև նրանում անհասկանալի ձևակերպումներ կան։ Մասնավորապես, երբ ՔՊ խոսնակը հայտարարում է, թե՝ ատելության խոսքը տեղ չունի մեզանում և «մենք ձես պես չենք», անհասկանալի է, թե ում պես չեն և ում պես են։
Երբ բացահայտ սպառնալիք ու ատելության խոսք հնչեցնողներից մեկին դատապարտում եք, սաստում եք, իհարկե լավ է, բայց տարօրինակ է, առնվազն ոչ ազնիվ նույն ձեր կուսակցի հանդեպ։
Այդ ատելության խոսքը ո՞վ է սկսել ու ո՞վ է շարունակում։ Ո՞վ է այդ նույն ատելությունն ակտիվ օգտագործելով՝ պարտադրել հրաժարական, քվեարկել իրենց ուզածով և, ի վերջո, զավթել իշխանությունը։ Իսկ արդյոք տեսնո՞ւմ եք որևէ այլ տեղ ատելության հրահրում, քան ՔՊ-ականներն են, իմքայլականները ու նրանց ագրեսիվ աջակիցները։ Հայաստանում գործող 7 տասնյակից ավելի կուսակցություններից, քաղաքական բազմաթիվ գործիչներից, վերլուծաբաններից, փորձագետներից ու նրանց աջակիցներից ո՞վ է ատելության խոսք տարածում աջ ու ձախ, եթե ոչ՝ «Իմ քայլն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» և նրանց աջակիցները։
Սև լենտերը ովքե՞ր էին կապում ՀՀԿ-ական պատգամավորների տան մոտ, դագաղներն ովքե՞ր էին դնում, քարոզարշավի ժամանակ բեմից ո՞վ էր կոչ անում աղբամանը նետել այս ու այն կուսակցություններին։ Իմքայլական պատգամավորը չէ՞ր, որ հրատապ հավաք էր կազմակերպում դատարանի դիմաց՝ Դավիթ Գրիգորյանին ճնշելու համար, այդ ովքե՞ր էին դատավորի տան հսասցեն ու հեռախոսահամարը գցել Ֆեյսբուք։ Այդ ո՞վ էր, որ երգչուհի Նադեժդա Սարգսյանի մահվանից հետո գրում էր, թե՝ «Մի Սարգսյան էլ հեռացավ ու բոլոր Սարգսյանները պետք է հեռանան»։ Իսկ ո՞վ էր, որ հրապարակում հայտարարեց, թե պետք է ջարդել Բակո Սահակյանի գլուխը։ Ո՞ւր է նա հիմա։ Իսկ ատելությունը պոզով-պոչո՞վ է լինում։ Մարդիկ տեսան, որ կարող են սրիկայություն անել ու պատիժ չստանալ։
Կարծում ենք, դրանք բոլորը ծրագրված տեխնոլոգիաներ էին, որոնցից, չգիտես ինչու, ձեր նպատակին հասնելու համար չէիք խորշում։ Այս անգամ էլ չեք խորշել, ավելին՝ նույնկերպ մտածված և ուղղորդված դրսևորում էր։
Երեկ համացանցը եռում էր վարչապետի «անհամաչափ փաստի»՝ գրիչի հրապարակմամբ, տեսանք թե ինչպես Փաշինյանն ինքն իրեն սարքեց ծաղրի առարկա, որ անգամ իրեն համակրողները սկսեցին մեկը մյուսի հետևից քննադատել իրեն։ Այսպիսի իրավիճակներում է, որ իշխանության պատասխանատուները միշտ մեկ այլ թեմա են գցում դաշտ՝ ուշադրությունը շեղելու նպատակով։ Նախկինում նման դեպքերում, օրինակ, Մարիամ Փաշինյանին ասել են գրառում արա, կամ Աննա Հակոբյանը կամ իր եղբայրը պրովոկացիոն մի բան են ասել։ Այս անգամ էլ, կարծում ենք, օգտագործել են այն տեխնոլոգիան որը համացանցում շատ արագ տարածվում է, դատապարտվում է, կոչեր, ամոթանք և այլն։
Այդ ամենը երեկ կատարվեց, դատապարտեցին անգամ իր կուսակիցները, գրիչի թեման շեղվեց, ամեն բան ստացվեց։ Բայց այստեղ կա մեկ շատ կարևոր «բայց»․ նրանք իրենց կուսակցին սարքեցին վտարանդի, մերժված տեսակ, այնպիսի տեսակ որից «իրենք» չէ՛ն։ Այ այսպես, ինչպես չեն խնայում իրենց տան անդամներին՝ երեխաներից սկսած, այնպես էլ չեն խնայելու իրենց թիմակիցներին, կուսակիցներին, ոչ-ոքի էլ չեն խնայի՝ հանուն իշխանությունը մի փոքր էլ երկարաձգելու։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը