«Մենք իսկապես որպես ժողովուրդ պետք է ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք, ավելի խորը իմանանք մեր պատմությունը»։ Սա ասել է Նիկոլ Փաշինյանը վերջերս Իտալիա կատարած այցելության ժամանակ, հայկական վարժարանում ունեցած ելույթում։ Չհամաձայնվել թերևս չի կարելի։ Սակայն անհասկանալի է, թե ո՞ւմ էր ուղղված այն։ Եթե ձուլման դեմ ամենօրյա պայքար տանող սփյուռքի հայկական վարժարանների և դրանցում ուսումնառող հայ երեխաների, ապա դա ոչ այլ ինչ էր, քան ցինիզմի հերթական դրսևորում։ Այն դեպքում, երբ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինայնը հայտարարում է, որ հայ եկեղեցու պատմության առարկայի ուսուցումը Հայաստանի դպրոցներում սխալ է և հավանություն տալիս կրթության նախարարության կողմից պետական բուհերում հայոց լեզու և գրականության, հայոց պատմություն առարկաները ոչ պարտադիր դարձնելուն։
Մեր պատմությունը ավելի լավ իմանալու կոչը լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանն աներ առաջին հերթին իր կառավարության, «քայլած» պատամավորներին և առաջին հերթին ինքն իրեն։ Անշուշտ, պարտադիր չէ, որ վարչապետի պաշտոնում հայտնված մարդը լինի պատմաբան։ Պարտադիր չէ նաև, որ լինի իրավաբան, տնտեսագետ, քաղաքագետ կամ բժիշկ։ Սակայն պարտադիր է, որ նա ունենա մասնագիտություն և բարձրագույն կրթություն, ինչի առկայությունը կրթական որոշակի բազա կստեղծեր հայոց պատմությունն ավելի լավ իմանալու և անհրաժեշտության դեպքում այդ իմացությունը կիրառելու համար։ Սակայն, քանի որ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մասնագիտություն, ոչ բարձրագույն կրթություն, ապա այդ պատճառով նա չի կարողանում անհրաժեշտության դեպքում կիրառել այդ իմացությունը՝ չխոսելով արդեն հայոց պատմության մեջ իրենց անունները փառքով պսակած անձանց հանդեպ նրա կողմից իրականացվող հետապնդումների մասին։
Եթե Նիկոլ Փաշինյանը հայոց պատմությունը իմանար՝ թեկուզ ոչ խորությամբ, ԵԱՏՄգագաթնաժողովի ընթացքում Իլհամ Ալիևի հայտարարությանը Հայրենական մեծ պատերազմում Գարեգին Նդեհի գործունեության հետ կապված փաստարկված և համոզիչ պատասխան կտար։ Սակայն նա չգիտեր այդ պատերազմում հայ ժողովրդի ունեցած հսկայական ներդրման մասին։ Նա չգիտեր և ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մոտ չկարողացավ ասել, որ այդ պատերազմում 103 հայ արժանացել է ԽՍՀՄ բարձրագույն՝ հերոսի կոչման, որից 2-ը ԽՍՀՄ կրկնակի հերոսի կոչման, որ մենք ունեցել ենք 4 փառապանծ մարշալներ, 60 գեներալներ, որ ունեցել ենք ազգային դիվիզիաներ խորհրդային բանակի կազմում, որ 300 հազար հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել ֆաշիզմի դեմ պայքարում։ Եթե նա պատմություն իմանար, ապա կասեր, որ Գարեգին Նժդեհը չի մասնակցել ոչ մարտական գործողություններին, ոչ առավել ևս ֆաշիզմի լծի տակ հայտնված ժողովուրդների հալածմանը, այնպես ինչպես հայ գերիներից կազմված հայկական լեգիոնը, որ ի տարբերություն սրա՝ ֆաշիստական Գերմանիայում ստեղծված ադրբեջանական լեգիոնը մասնակցել է խորհդային բանակի դեմ մարտերին։
Եթե Նիկոլ Փաշինյանը իմանար մեր պատմությունը, հարցազրույցի ժամանակ չէր ասի, որ Գարեգին Նժդեհը Հովհաննես Բաղրամյանի հետ միասին մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին։ Այն դեպքում, երբ առաջինը մասնակցել է Ղարաքիլիսայի, իսկ երկրորդը՝ Սարդարապատի ճակատամարտին։ Այստեղ սեփական պատմությունը չիմանալուն գումարվում է Հայաստանի աշխարհագրության չիմացությունը, քանի որ Սարդարապատն ու Ղարաքիլիսան (ներկային Վանաձորը), բավականին հեռու են գտնվում։
Եթե Նիկոլ Փաշինյանը կարևորեր սեփական պատմության խորը իմանալու անհրաեշտությունը, հայ գիտնականներին «սուրճ խմողներ» չէն անվանի՝ չունենալով ոչ նչանց վաստակը, ոչ գիտելիքները։
Եթե Նիկոլ Փաշինյանն ունենար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ պատմությունը սովորելու համար, ապա կկարողանար հասկանալ պատմական իրադարձությունների պատճառահետևանքային կապը, ինչպես նաև անհատների դերը պատմության մեջ։ Այդ դեպքում, նա գուցե տեղյակ լիներ փառասիրության և շահամոլության պատճառով տարբեր ժամանակներում հայոց պետականությունը քայքայած մարդկանց Տիգրան Մեծի որդու՝ Տիգրան կրտսերի, Բագրատունիների թագավորության անփառունակ արքա Հովհաննես-Սմբատի և Պետրոս Գետադարձ կաթողիկոսի կամ Արշակունիների Վարազդատ թագավորի մասին։ Այդ դեպքում նա գուցե եզրակացություններ էլ աներ երկրի ղեկավարի պաշտոնում իր մնալու հետագա նպատակահարմարության և պատմության անարգանքի սյունին հայտնվելուց խուսափելու մասին։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը