Միլանի Հայ Առաքելական եկեղեցում համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` գիտնական ներկայացած կինը կոչ արեց հրաժարական տալ՝ նշելով, որ դա ամենամեծ բանն է, որ նա կարող է անել Հայաստանի համար։ «Այս քաղաքականությունը, որ վարում եք հիմա, տանում է Արցախը և Հայաստանը կործանման։ Որպես Հայաստանի քաղաքացի` ես ծայրահեղ մտահոգված եմ նոր իշխանությունների արտաքին և ներքին քաղաքականությամբ` ատելության քարոզ, բոլոր պետական ինստիտուտների կազմաքանդում, Արցախի հարցում ոչ մի ռազմավարություն գոյություն չունի: Ես համարում եմ, որ այս քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի պետականության համար լրջագույն սպառնալիք է: Դա կործանման ճանապարհ է»։
Գիտնականի գնահատականի նմանությամբ այստեղ՝ Հայաստանում, շատերն են արտահայտվում և նշում նույն բանը՝ այո, իշխանությունը Հայաստանը տանում է կործանման ճանապարհով և լավ կանի, որ հնարավորինս շուտ գնա։
Նիկոլ Փաշինյանն իրեն բոլորովին տարօրինակ չպահեց, նա վարվեց այնպես, ինչպես իրենց դրսևորում են ջղայնացած ու հուզված մարդկանցից շատերը՝ սկսեց անիմաստ մեղադրանքներ շաղ տալ աջ ու ձախ։ Այս անգամ պոպուլիզմն ու դեմագոգիան արտահանեց Հայաստանից։
Բերենք Հայաստանի վարչապետի մտքերի անտրամաբանական շղթան միայն Արցախի հարցի մասով։
«Ասում են Արցախի հարցում մենք չունենք ռազմավարություն։ Իսկ Ո՞րն էր Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռազմավարությունը՝ Մեղրին տա՞լն էր ռազմավարությունը, թե էն էր, որ այսպես ասած, ինչպես իրենք էին բանակցում, Ադրբեջանի 7 շրջանները վերադարձնեն խաղաղության դիմաց։ Եվ հիմա իրենք մեղադրում են, որ մենք հող ենք վերադարձնում»,- ասաց Փաշինյանը։
Նախ պատմաբանները կմեղադրեն Փաշինյանին պատմություն չիմանալու մեջ, քանի որ դրանք Ադրբեջանի 7 շրջաններ չեն, այլ ազատագրված Արցախ։
Մեղրու շուրջ բանակցելու մասին ցնդաբանությունն այնքան է հերքվել, որ Մեղրու տարբերակի մասին խոսողին այլևս լուրջ չեն ընդունում։ Խոսել մի բանի մասին, որը չկա, դա նույնն է, թե կառավարության նիստում խոսել սատանայի գոյության մասին ու հանձնարարել փնտրել նրան։ Բայց Մեղրու տարբերակը ցույց է տալիս, թե որքան հեռու է բանակցություն ասածից Նիկոլ Փաշինյանը։
Պատկերացնենք նման իրավիճակ․ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի հետ մասնակցում է բանակցությունների։ Ալիևը բանակցային առաջարկ է բերում Երևանն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը կտրուկ մերժում է։ Մերժեց, բայց ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Երևանը հանձնելու բանակցություններին։
Սերժ Սարգսյանը 7 շրջանները վերադարձնում էր Ադրբեջանի՞ն։ Այդ դեպքում ինչո՞ւ չվերադարձրեց, Նիկոլ Փաշինյանը եկավ ու կասեցրե՞ց դա վերելակում։ Եթե Սերժ Սարգսյանը չի զիջել որևէ շրջան, ապա իրավունք ունի՞ Փաշինյանը նրան զիջելու մեջ մեղադրելու։ Այն դեպքում, եթե Փաշինյանից դեռ շատ առաջ Սարգսյանը հայտարարել է, որ լուծման որևէ տարբերակ պետք է կայանա Արցախի համաձայնության պարագայում։ Չմոռանանք շեշտել այն պարագան, որ Սերժ Սարգսյանը այդ հողերի համար կռվել է, մինչ Նիկոլ Փաշինյանը փախչում էր բանակից։ Եվ հիմա ո՞վ է ավելի շատ նման հող հանձնողի՝ նա՞, որի թիմակիցները մշտապես գլխացավանք են համարել Արցախի ազատագրված տարածքները, իսկ «շեֆն» էլ անգամ հայտարարել է՝ «տղա եք՝ մի տվեք», թե՞ մարդը, որը կռվել է թիզ առ թիզ։ Գոնե այդ մեկը կասկած չի հարուցում՝ «Տղա էին, չտվեցին»։
Ուշագրավ է․ Փաշինյանը հայտարարում է, թե Սերժ Սարգսյանն ուզում էր հողերը վերադարձնել, հետո Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում ելույթ է ունենում և ասում, թե խաղաղ և տևական կարգավորում հնարավոր է միայն փոխզիջման, փոխադարձ հարգանքի, երեք ժողովուրդներին ընդունելի լուծման դեպքում։
Այսինքն դու մեղադրում ես մյուսին փոխզիջելու շուրջ քննարկման համար, ու դու ասում ես, որ միակ ճանապարհը փոխզիջումն է։ Այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը խոսում էր միայն Հայաստանի ու Արցախի օգտին լուծելու մասին, իսկ դու՝ նաև Ադրբեջանի։ Տրամաբանությունը ասում է՝ ուրեմն դու՛ ավելի շատ ես պատրաստ փոխզիջել։
Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը մինչ օրս դեռ չի հայտնել, թե այդ ո՞ր տարբերակն է, որ երեք կողմերին էլ ընդունելի կլինի, իր պատկերացմամբ։ Որևէ նման տարբերակ դեռ չի առաջարկել։
Ի տարբերություն իրեն, Ադրբեջանի համար ընդունելի տարբերակը հայտարարել է Ալիևը՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»։ Իսկ դու դրանից առաջ հայտարարել ես՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Եվ ուրեմն ի՞նչ երեք ժողովուրդների համար ընդունելի տարբերակ։
Ի դեպ, «երեք ժողովուրդների» մասին։ Չկա Հայաստանի ու Արցախի ժողովուրդ, պարոն Փաշինյան, կա հայ ժողովուրդ որն ունի 2 պետություն՝ մեկը ճանաչված, մյուսը դեռ ոչ։ Իշխանական գործող թիմը շարունակ տարանջատում է մտցնում Հայաստանի ու Արցախի հայերի միջև, ինչը խիստ ծայրահեղական է, անընդունելի։ Բաժանարար գծերը լավ տեղ չեն տանում։
Հենց այս ամենը նկատի ունենալով է, որ ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի մասին գիտի այնքան, որքանով բավական է եղել իր «դեղին» թերթի էջերում նյութ գրելու և իշխանությանը քննադատելու համար։ Ոչ ավելին։ Նա գուցե հիմա պաշտոնի բերումով սկսել է շատ իմանալ, իմանալ գաղտնիքներ, իմանալ նույնիսկ այնպիսի գաղտնիքներ, որոնց մասին անընդունելի էր հայտնելը իր տեսակի գործչին։ Բայց նա հավատում է դեռևս այն ամենին, ինչ ինքն է գրել ժամանակին՝ սեփական թերթի էջերում։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը