19 11 2019

Երկուսն էլ հիասթափված են

Երկուսն էլ հիասթափված են

2018 թվականի հետիշխանափոխության ժամանակահատվածը բավականին ուշագրավ էր։ Աննախադեպ էր, որ իշխանությունն իրար հետևից ակցիաներ էր անում, հանրահավաքներ, երթեր։ Ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը մարդկանց դուրս էր հանում փողոց՝ առիթով ու անառիթ՝ մեկ միտինգի, մեկ պարզապես քայլելու՝ այդպիսով փորձելով իր վստահության մակարդակը հասկանալ, ու ամեն անգամ հաջողվում էր մարդ հավաքել։ 2018թ․ հոկտեմբերի 2-ի հավաքը մարդաշատության իմաստով վերջինն էր։ Այդ ժամանակ ՀՀ քաղաքացիները նրան օգնեցին տապալել սահմանադրական կարգը (կառավարությունը խառնվեց օրենսդիր մարմնի աշխատանքին, տապալեց օրինագիծը և ԱԺ արտահերթ ընտրություն նշանակեց՝ պարտադրանքով, հետագայում ԱԺ ընդունած այդ օրենքը ՍԴ-ն համարեց սահմանադրական)։

Հետո տեղի ունեցան էլի ակցիաներ, որոնք, արդեն, մարդաշատ չէին։ Որովհետև եղան օպտիմալացումներ, եղավ գործազրկություն, տնտեսության աճի մասին Նիկոլ Փաշինյանը թվեր տպագրեց ֆեյսբուքյան էջում, բայց քաղաքացին էլի շարունակեց հացի վրա խնայել։ Քաղաքացու սպասելիքները գնալով փոշիացան, ու սկսեցին հրավիրված ակցիաներին չմասնակցել։

Օրինակ՝ «քաղաքացու օրվա» խորոված փարթին, որի ժամանակ թվում էր, թե ծխի ամպեր են գոյանալու ողջ երկրով մեկ խորովածի պատճառով, պարզվեց, որ նման ցանկություն ունեն մեկ-երկու հոգի՝ Երևանի Մաշտոցի պողոտայում։ Քաղաքացիները որոշակիորեն ցույց տվեցին, որ հիասթփափված են։ Հետո եղավ դատարանների դռների շրջափակումը, որին մասնակցեցին 55 հոգու ձեռքի և ոտքերի մատների վրա հաշվվող մարդիկ, այն էլ՝ պատգմավորներ, թաղապետ-տեղակալներ, մարզպետարանների աշխատողներ և այլն։

Հետո Փաշինյանը լռեց։ Էլ ոչ մի հանրահավաք, էլ ոչ մի երթ։ Ու այլևս փորձ անգամ չի անում վերականգնել երեբմնի հավատի մնացորդները։ Չէ, մի վերջին փորձ արեց․ հրապարակ նետեց իր ձեռագիրը՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» խորագրով։ Փորձեց ճշտել, թե ինչ աջակցություն ունի։ Բայց դա նախ անտարբեր ընդունվեց, հետո հանրության զայրույթին արժանացավ, երբ իմացան, որ ձեռագիր խզբզոցի գովազդման համար 100 հազար դոլար է հատկացվել։

Այս ամբողջ ընթացքում իշխանությունը հեռացավ ժողովրդից, հեռացավ շատ ավելի շուտ, շատ ավելի արագ քայլերով, քան կարելի էր պատկերացնել, քան այդքան նախկին «մերժվածները»։

Մի ժամանակ վարչապետն իր աշխատասենյակից իջնում էր բոլոր ակցիաների ժամանակ, համոզում, թե հանրության խնդիրների պատճառը նախորդ կոռուպցիոն իշխանությունն էր, որ աչքը սարքելու փոխարեն հոնքն է հանել, բողոքավորներին հանգստացնում էր, թույլ էր տալիս քացով խփել կռավարության դռանը՝ որպես իրենց սեփական դռան, անգամ տարածքային կառավարման նախարարությունում խումբ էր ստեղծել, որ պետք է բոլոր դժգոհությունները հավաքեին ու արագ լուծում տայինն։ Հիմա այդ խմբի մասին ոչինչ հայտնի չէ, «ժողովրդի» դուռն ամեն ակցիայի ժամանակ հսկում է ոստիկանական հաստ պատ, նախարարները հետնամուտքից են ելումուտ անում, իսկ վարչապետը ներքև չի իջնում, եթե անգամ իջնում է, ապա միայն թեման մանիպուլատիվ շեղելու, իսկ եթե չի ստացվում, սադրելու համար, ինչպես եղավ զոհված զինծառայողների հարազատների կամ ՀՅԴ երիտասարդների դեպքում։

Հիմա արդեն կառավարական ամառանոցն առավել շատ են հսկում, քան նախկինում, երբ ղեկավարին, իբր թե, ատում էին, հիմա Նիկոլ Փաշինյանն առավել պաշտպնված է դուրս գալիս իր մենաստանից։

Նիկոլ Փաշինյանն էլ է հիասթափված։ Նրան թվում է, թե ՀՀԿ-ի իշխանության գնալով բոլոր խնդիրները կլուծվեն, և մարդիկ պետք է շնորհակալություն հայտնեին իրեն հավիտյանս։ Դրա համար էլ ինքն իրեն շռայլ պարգևատրեց՝ լավագույնս օգտվելով այն բոլոր բարիքներից, որոնք թեև օրենքը չէր արգելում ունենալ, բայց աղքատ երկրում բարոյականությունն արգելում էր։ Բայց ՀՀԿ-ի գնալուց հետո նա սխալը սխալի հետևից գործեց, ու բանը հասավ այնտեղ, որ բազմաթիվ հարցերում հանրությունը դրական է հիշում նախկին տարիները։

Պոպուլիզմով, բանաստեղծություններով, ֆեյսբուքյան գրառումներով, միայն վիճակագրություն ցիտելով ու լայվերով երկիրը չի կարող զարգանալ։ Բայց ուրիշ բան անել նրանք անընդունակ են։

Ու Նիկոլ Փաշինյանը նահանջեց, հիմա նա զբաղված է պետբյուջեն մսխելով։ Իր համար կա միայն աշխատանք-շրջագայություն-տուն-շքեղ վայելք։ Ժողովուրդ չկա ու չի եղել։ Միշտ էլ ժողովուրդն ամբոխ է եղել, որին փորձել է օգտագործել իշխանության գալու համար։ Մի անգամ չստացվեց ու ծանրագույն կորուստներ եղան, երկրորդ անգամ ստացվեց, ու էլի լինում են կորուստներ։ Այս անգամ, սակայն, կորուստը մարդկային տեսակետից չէ, այլ՝ պետականության։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ