16 11 2019

ֆորս-մաժորը կարող է ստեղծել Փաշինյանը

ֆորս-մաժորը կարող է ստեղծել Փաշինյանը

Արցախի հերոս, Արցախի I և Հայաստանի II նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից անհապաղ ազատելն այլևս աշխարհաքաղաքկան անհրաժեշտություն է։ Այլապես Հայաստանը կվերադարձվի, լավագույն դեպքում` 1996 թվական և դարձյալ կկանգնի պետության գոյատևման վտանգի առջև։ Իսկ այդ վտանգը դիմագրավելու համար դարձյալ երկիրն ու ազգը կզգա նախագահ Քոչարյանի անհրաժեշտությունը և նա ազատ կարձակվի արդեն ո՛չ թե առողջ դատողության ու հայեցողության արդյունքում, այլ` ստիպվածության հետևանքով։

Նույնպիսի անհապաղ անհրաժեշտություն է` բացառել Արցախի հերոս, մարտական գեներալ, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի պլանավորված կալանավորումը։ Այլապես Արցախը կթավշապատվի և կհայտնվի նույն վտանգի առջև։ Հենց այն, ինչը նիկոլի թվին կատարվում է Վիտալի Բալասանյանի նկատմամաբ, անառարկելի ապացույց է, որ նախագահ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրագործվում։ Նույնն արվում է Արցախի նախագահի թեկնածու Բալասանյանի նկատմամբ։ Ու թեև նա ազնվորեն կատարել է իր զինվորական ու պետական պաշտոնյայի պարտքը, բայց Փաշինյանը առայժմ հնարել է դրանց սահմանադրականությունը կամ օրինականությունը պարզելու անհրաժեշտություն, հետո կմոգոնի դրանք սահմանադրական կարգի տապալում որակելու հիմքեր։ Այսինքն. ինչպես նախագահ Քոչարյանի դեպքում` չկա հանցանք, բայց կա՛ Բալասանյանին անհապաղ կալանավորելու աշխարհաքաղաքական պատճառ և Փաշինյանի ցանկությունը։

Բանն այն է, որ ինչպես նախագահ Քոչարյանը Հայաստանում, այնպես էլ նախագահի թեկնածու Բալասանյանը Արցախում, խանգարում է Փաշինյանին` իրագործել օտարից ստացած հայակործան առաջադրանքը։ Այսինքն. նախագահ Քոչարյանի նման` հիմա էլ Բալասանյանն է խանգարում Փաշինյանին` Արցախում հաստատել իր անձիշխանությունը և իր խամաճիկին վերահսկվող ընտրությունների միջոցով նշանակել նախագահ։

Հիմնավորապես վերակողմնորոշվող աշխարհաքաղաքական առկա ու առաջիկա հարաբերությունների հիման վրա տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումների անգամ մակերեսը դիտարկելու և որոշ համադրումներ անելու պարագայում բացահայտ է դառնում, որ թավշյա Հայաստանի իշխանությունը չունի ու ընդունակ էլ չէ ձևավորել սեփական կողմնորոշումը։ Առավել հանգամանալի ու խորքային վերլուծություններ, դրանց վրա հիմնված տարբերակային ու վարկածային կանխատեսումներ մեր արտաքին գերատեսչությունն ուղղակիորեն չի անում։ Իսկ որ մեր երկում այլևս չկան փորձագիտական կենտրոններ և աշխարհաքաղաքական, ռազմաստրատեգիական, աշխարհատնտեսական, սոցիալդեմոգրաֆիական ուսումնասիիություններ ու վերլուծություններ անող ինստիտուտներ` ի լուր աշխարհի հայտարարել է հենց Փաշինյանը։  

Սա օրվա իշխանության և՛ անկարողության, և՛ միտումնավոր անգործության հետևանք է։ Մինչդեռ անգամ կողմնակալ, վերապահումներով, օրվա իշխանության պատվիրած պատկերով վերլուծության դեպքում անխուսափելիորեն կհաստատվի, որ արտաքին քաղաքական սեփական ուղեգիծ պետությունը չունի և այն խոտորվում է օրվա իշխանության օտար շահերին ծառայելուն ու վարչապետի անձնական խարխափումներին զուգահեռ։

Երկրի ու ազգի, ժողովրդի ու պետության շահերի վրա հիմնված, սեփական անվտանգությունն ու սահմանները, մշակույթն ու արժեքները պաշտպանելուն նպատակաուղղված ներքին քաղաքականություն չունենալու պարագայում պարզապես անհնարին է ունենալ սեփական արտաքին քաղաքականություն։ Հիմա` «նիկոլի թվին» մեր ներքին քաղաքականության ալֆան ու օմեգան որոշվում է օտար դեսպանատներում, սորոսյան կազմակերպություններում, նաև արևմուտքի հարևան` ավանդական թշնամի երկրի ֆինանսավորմամբ ու արևելքի հարևան` ռազմատենչ ոսոխ երկրի շահերը սպասարկող կառույցների գրասենյակներում։ Հետևաբար, մեր երկրի արտաքին քաղաքականությունը ևս նրանք են թելադրում։

Մինչդեռ օտարածին այդ քաղաքականություն-ծրագրերը իրագործվում են մեր իսկ ժողովրդին էյֆորիկ թյուրիմացության մեջ գցելու հետևանքով ընտրված մեր իսկ թավշյա իշխանության ձեռքերով։ Տարիուկես հետո, սակայն, սոցիալական թմբիրից, տնտեսական կոլապսից, բարոյական հետընթացից առաջացող սպառնալիքներն արթնացնում է ժողովրդի առողջ բանականությունը և նա հիմա իր իշխանությունը յուրացրած անձիշխանից ո՛չ թե արդարացումներ, ո՛չ թե պատճառաբանություններ, այլ արդյունքներ է պահանջում։ Օտարի թելադրած քայլերի հետևանքով առաջացած վիճակին երբ անձիշխանը փորձում է բացարություններ գտնել, ստիպված ստում է և էլ ավելի խորացնում անորոշությունը։

Ժողովրդին թյուրիմացության մեջ գցելու նրա նոր փորձերը ձախողվում են և շատ ավելի ցավալի հետևանքներ առաջացնում արտաքին քաղաքական դաշտում։ Վերաբաժանվող աշխարհում վերակողմնորոշվող և ակնդետ մեզ հետևող երեկվա բարեկամների ու բոլոր հարևանների համար մենք ինքնաոչնչացման գնացող օբյեկտ ենք ու վաղվա ավար։ «Նիկոլի թվին» մեր երկրում միակ գործածվողը դարձած պոպուլիզմի, դեմագոգիայի, դիլետանտիզմի, իմիտացիայի խառնորդը աշխարհաքաղաքական աղբ է դառնում, որի գարշահոտը գրավում ու գրգռում է արագ փոփոխվող աշխարհում իր տեղը որոնող ու իր դերն ապահովելու համար այլոց ռեսուրսներին տիրանալ ցանկացող բոլորին։

Սա հենց այն «համաշխարհային քաղաքականության նոր շրջափուլի վատ սցենարների սպառնալիքներն» են, որոնց մասին իր հարցազրույցում զգուշացրել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը. «Ստեղծված իրավիճակը խոր իմաստավորում և հավասարակշռված արտաքին քաղաքականություն է պահանջում, որն ի զորու կլինի չեզոքացնել Հայաստանին և Ղարաբաղին սպառնացող նոր վտանգներն ու մարտահրավերները: Այսօր տարածաշրջանում Թուրքիային միակ զսպող գործոնը մնացել է Ռուսաստանը: Ստեղծված իրավիճակում անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում՝ այլընտրանքի ակնհայտ բացակայությամբ»:

ՌԴ պաշտպանության նախարար Շոյգույի և արտգործնախարան Լավրովի այցերը Երևան ո՛չ սովորական էին, ո՛չ էլ հերթական, այլ հուշում են Փաշինյանի նկատմամբ ընդգծված անվստահությունը և շահագրգիռ վերահսկողությունը։ Առաջինը եկել էր ասելու, որ անկախ օրվա անձիշխանի ցանկությունից, Գյումրու ռազմակայանի ներուժը բազմապատկելու է ըստ համաձայնագրի, երկրոդը հայտարարեց, որ օրվա անձիշխանի հոգեհոր օրոք է Արցախը դուրս մնացել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային կազմից։ Երկուսին էլ քաջ հայտնի է, որ անձիշխանը Արցախում թավշյա հեղաշրջում է պլանավորում, որ իր նախագահին նշանակի ու նրա ձեռքով իրագործի Բոլթոնին խոստացած ծրագիրը… Երկուսն էլ փաստացի շեշտեցին, որ Ռուսատանը և Իրանը իրենց անելիքը կանեն և ամեն կերպ կխափանեն բոլթոնյան լուծումը։

Անվերապահ է, որ Արցախի իշխանությունն էլ իր քայլը պետք է անի ու նախագահի պաշտոնը չզիջի թավշյա դրածոյին: Իսկ սա հենց այն է, ինչ անում է Վիտալի Բալասանյանը։ Մարտական գեներալը գիտի, որ այս իրավիճակում իր հարաբերությունները ՌԴ-ի հետ չվատացնելու նկատառումով Թուրքիան կարող է օգտագործել Սիրիայի քրդական հատվածից հեռացած ահաբեկիչների գործոնը՝ նրանց մղելով և՛ Նախիջևան, և՛ Ադրբեջան, և՛ Արցախ, և՛ Հայաստան՝ տարբեր նպատակներով, բայց նաև նրանց միջոցով ֆորս-մաժոր ստեղծելու համար։

Նույն ֆորս-մաժորը կարող է ստեղծել Փաշինյանը. եթե նրան հաջողվի մեր ներքին լարվածությունը և իր իշխանությունից ահագնացող դժգոհությունը, Արցախ-Հայաստան արհեստականորեն թեժացող լարումը վերածել քաղաքացիական պատերազմի: Այստեղ էական ու որոշիչ դերակատարման է ձգտում իրեն «ծռեր» անվանող սորոսաթրքական ահաբեկչական խումբը, որը Նիկոլին որոշակիորեն արդեն ինչ-որ քայլեր է թելադրում:

Հենց սա է Վիտալի Բալասանյանի աննախադեպ ակտիվության գլխավոր պատճառը։ Նա նաև ստիպված է զսպել Փաշինյանի արցախյան դրածոների նկրտումները։ Սա աշխարհաքաղաքական անհրաժեշտություն է` պայմանավորված ժողովրդի ու ազգի մնայուն շահերով: Եվ սա է անհրաժեշտ դարձնում նախագահ Քոչարյանի ազատության մեջ լինելու հանգամանքը: Իսկ Փաշինյանն այլևս անհույս ուշացել է, քանի որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն անվերադարձ, առնվազն տեսանելի հեռանկարում, հեռանում են և՛ Մերձավոր ու Միջին Արևելքից, և՛ Անդրկովկասից: Մինչդեռ ՌԴ-ն ոչ մի դեպքում չի զիջի Հայաստանում իր ունեցած աշխարհաքաղաքական դիրքերը։ Իսկ դրա համար նա մեր երկրում ուզում է ունենալ վստահելի դաշնակից, որը Փաշինյանի նման երկակի խաղեր չի խաղա, կգիտակցի հայոց ազգային շահերը և կլինի կանխատեսելի։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ