07 11 2019

Ինչպե՞ս Քոչարյանի 4 միլիարդի մասին բլեֆից մի քանի հարյուր միլիոնը միանգամից պակասեց

Ինչպե՞ս Քոչարյանի 4 միլիարդի մասին բլեֆից մի քանի հարյուր միլիոնը միանգամից պակասեց

Ինչպես Ռոբերտ Քոչարյանն ինքն է նշում, այն ամենը, ինչ իր օրոք կառուցվել ու զարգացել է, ասում են, թե իր ընտանիքին է պատկանում։ Հայտնի է, առասպելը հրապարակ են բերել լևոնականները, զարգացրել վերջին 10 տարիներին՝ նախապես իրենց կողմից բստրած 4 մլրդ դոլարը հետագայում եռապատկելով։

Բա ինչի՞ համար էր հեղափոխություն արվել, որ ցույց տային՝ ինչեր է «թալանել», ասենք, Ռոբերտ Քոչարյանը։ Ու ի՞նչ։

2018 թվականին Yerevan.Today-ը մի քանի տասնյակի նամակներ ուղարկեց բոլոր այն ընկերություններին, որոնք, ըստ լևոնանիկոլական քարոզչամեքենայի, պատկանում են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին։ Ստացանք հերքումներ գրեթե բոլոր ընկերություններից։ Դրանք հրապարակեցինք, տարածվեց, լայն արձագանք գտավ։ Մարդիկ արդեն սկսեցին կասկածների մեջ ընկնել՝ ո՞նց, բա ասում էին․․․ Բայց էլի շարունակվում էր միլիարդների առասպելը։

Ու ի՞նչ է կատարվում հիմա։

Նիկոլ Փաշինյանին անվերապահորեն սատարող կայքը նյութ է հրապարակել, թե ում է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Կան շատ անուններ, միայն թե ոչ մեկը Քոչարյան ազգանունը չունի։ Ո՞նց, այդ ինչպե՞ս հանկարծ եղավ, բա 10 տարի ասում էին, թե Քոչարյանինն է, 10 տարի շարունակ լևոնականները տարածում էին նման տեղեկություն ու կորզած ամեն տոննա պղնձի մեջ հաշվում էին Քոչարյանների եկամուտը, ավելացնում 4 մլրդ դոլարին։ Հիմա էլ իրենը չէ, ուրեմն մի քանի հարյուր միլիոն դոլարով պակասեց 4 միլիարդը։ Ի՞սկ եթե Նիկոլին աստվածացնող մամուլը սկսի հետաքննել այլ ընկերություններ և պարզի որ այնտեղ ևս Քոչարյան ազգանունով մարդ ո՛չ հիմա, ո՛չ էլ նախկինում չի եղել, բա ի՞նչ ենք անելու․․․

Խոսակցությունն այս մեկ գործարանի մասով մտավ փակուղի։ Սա ցույց տվեց, որ խոսակցությունները բոլոր դեպքերում կավարտվեն, երբ այդ կեղծ լուրերը տարածողներն իրենք ընդունեն, որ ֆեյք տեղեկություններ են հրապարակել։ Կանե՞ն։ Դժվար թե։

Այդ ցանկից էլի շատ ընկերություններ ևս կպակասեն, սպասեք նոր հրապարակումների՝ ԱԱԾ-ից, ՀՔԾ-ից, այլ լրատվամիջոցներից, որոնք այլ նպատակով, իհարկե, բայց կբացահայտեն այդ ընկերությունների մասին տեղեկությունները և ամեն բան պարզ կդառնա։ Երկարացրած լեզուները մեկ այլ տեղ կմտնեն, երբ հասկանան, որ իրենց խաբել են, էշի տեղ են դրել, թալանի ու ունեցվածքի կայսրություն են հորինել՝ ա՛յ այսօրվա համար, իշխանության գալու համար, թանկ ուղևորությունների, զրահապատ մեքենաների, ճոխ հարսանիքներին ցանկալի հյուր լինելու համար։

Վերջին մեկուկես տարվա ընթացքում, երբ ոմանց թվում էր, որ միլիարդների հասնող ունեցվածքի մասին կլինեն կոնկրետ, շոշափելի փաստեր, քանի որ հիմնական շահարկողները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եկել էին իշխանության, բայց մինչ այս պահը «աղմկոտ» կառավարությունը այս հարցով լռում է: Գրեթե երկու տարի իշխանական ամբողջ լծակների տնօրինում և այս հարցով բացահայտված զրո փաստ: Ի՞նչ խոսք, սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ չորս միլիարդի լեգենդները մարդկանց մանիպուլացնելու, բացասական ֆոն ստեղծելու, թալանված լինելու և անարդարության զգացում առաջացնելու համար է արվել:

Բայց հարց է առաջ գալիս՝ ո՞վ է պատասխան տալու ընտանիքին տասնամյակ շարունակ վարկաբեկելու, վատ ու սուտ նյութեր հրապարակելու համար։ Ո՞վ։

Պահանջատեր քաղաքացին առնվազն պետք է բացատրություն պահանջի իրեն հիմարի տեղ դնելու և հերոս ղեկավարի կերպարը փչացնելու փորձի համար։ Բայց Փաշինյանի մոտ կգտնվի՞ այդքան դուխ ու տղամարդկություն խոստովանելու սուտը:

Վերջում մեջբերում անենք դեռևս նախորդ տարի օգոստոսին հարցազրույցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի խոսքից․ «Այն, ինչ-որ իմ ժամանակ ստեղծվել է կամ սեփականաշնորհվել կամ ինչ-որ դրսի ներդրողներն են եկել մի նախագծի մեջ, բոլոր այդ պրոյեկտները կապում են իմ հետ: Կապում են գիտե՞ք ինչի համար, կապողը չի պատկերացնում, որ կարող է, օրինակ՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը սեփականաշնորհել և փայ չմտնել: Չի պատկերացնում»։

Եվ իրոք չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է առանց փայ մտնելու աշխատել։ Այսօր իշխանության ղեկավարն ընտանյոք հանդերձ փայ է մտել, առայժմ՝ պետբյուջեին․․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ