Ազգային-եկեղեցական ժողովի ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության ընթացքը լուսաբանելու համար 1999-ի հոկտեմբերի 27-ի առավոտվանից անընդմեջ Էջմիածինում եղած բազմահմուտ մի լրագրողուհի օրվա ուշ երեկոյան, «սեփական» նախաձեռնությամբ` իբրև ականատես, մանրակրկիտ ցուցմունք է տվել, թե Նաիրի Հունանյանն ու մյուս ահաբեկիչները ինչպես են մտել ԱԺ, ում հետ են առնչվել ու ինչ են արել մինչև նիստերի դահլիճ մտնելը, ինչպես են կատարել ոճրագործությունը և ինչպես է ինքը մյուս լրագրողների հետ դուրս եկել ԱԺ-ից։ Հաջորդ օրը ևս 2 բազմահմուտ լրագրողուհիներ բառացի կրկնել են գործընկերուհու ցուցմունքը։
Ընդամենը 1 օր հետո բացահայտվեց, որ բազմահմուտ 3 լրագրողուհիներից միայն 1-ն է ոճրագործության օրը եղել ԱԺ-ում, իսկ ցուցմունքներում նկարագրված գործողությունները ահաբեկիչներն ուղղակի չէին հասցնի ու չէին կարող անել` իրենց ունեցած ստույգ հայտնի ժամանակահատվածում և հնարավորություններով։ Փաստ է, որ բազմահմուտ 3 լրագրողուհիներն էլ միտումնավոր ստել էին։ Այսպես սկսվեց հոկտեմբերի 27-ին վերաբերվող անխտիր բոլոր փաստերը մեթոդաբար կեղծելու լևոնա-հհշական ծրագիրը, որն այդուհետ անընդհատ շարունակվել ու այսօր նոր դրսևորումներ է ստանում։
Հոկտեմբերի 27-ին իրագործված աննախադեպ ու բացառիկ ոճիրից օրեր անց` նոյեմբերի 2-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սարգսյանների ընտանիքի մտերիմներին հանձնեց իշխանության բոլոր այն լծակները, որոնք նրանք ցանկացել էին ստանալ` հանցագործությունը բացահայտելու և ենթադրյալ պատվիրատուներին հայտնաբերելու համար։ Վարչապետ նշանակվեց Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայր Արամը։ Ընտանիքի բարեկամ Բորիս Նազարյանը գլխավոր դատախազ դարձավ և պետք է վերահսկեր նախաքննության ու հետաքննության ողջ ընթացքը, որը ղեկավարում էր ընտանիքի մեկ այլ բարեկամ` զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը։
Մինչդեռ իսկույն էլ պարզ դարձավ, որ բացառապես Սարգսյանների կամքով ու յուրայիններից կազմված քննչական խումբը որոշակի կանխակալությամբ ընտրել է հետաքննության միայն մեկ վարկած, որի հիմքում 3 «ականատեսների» ակնհայտ կեղծ ցուցմունքներն էին։ Փաստ է, որ իրավական գործընթացն ի սկզբանե ստացավ քաղաքական ռևանշիզմի դրսևորում, որի հիմքում դրվեց «պատվիրատուն Ռոբերտ Քոչարյանն է» հնարածին թեզը ցանկացած ապօրինի ու անմարդկային միջոցներով ապացուցելու, հհշական ագիտպրոպի քարոզներով հանրային գիտակցության մեջ մեթոդաբար և հետևողականորեն ներմուծելու առաջադրանքը։
Փաստ է, որ նախաքննության բոլոր գործողությունները ղեկավարել է զոհված Վազգեն Սարգսյանի բարեկամ ձևացած զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։ Նա, ինչպես և ողջ քննչական խումբն ու գլխավոր դատախազը, ամենևին էլ խնդիր չեն դրել` բացահայտել իրողությունները կամ գտնել հնարավոր պատվիրատուներին ու կազմակերպիչներին։ Նախաքննության միակ նպատակը` կազմակերպիչ ու պատվիրատու նշանակված Ռոբերտ Քոչարյանին հրաժարական պարտադրելն էր։ Այս նպատակին հասնելու համար ձերբակալվեցին ցուցմունք կորզելու համար, բայց իրականում գործի հետ կապ չունեցող անձինք։ Ձերբակալվեցին նաև` մեծ թվով դաշնակցականներ։ Այս կերպ գործող նախագահի դեմ համախմբված կլանը, ըստ երևույթի վրեժ էր լուծում` քաղաքական դրդապատճառներով բանտարկած դաշնակցականներին Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ազատ արձակելու համար։
Փաստ է, նախագահ Քոչարյանը ոչ մի կերպ չմիջամտեց դահիճային ու ինկվիզիցիոն մեթոդներով իրագործված ջհանգիրյանական նախաքննության ոչ մի դրվագին։ Նույնիսկ անմարդկային կտտանքների ու բռնությունների միջոցով սուտը հաստատող ոչ մի փաստ չհայտնաբերվեց. որովհետև անհնարին է սև կատու գտնել նույնիսկ սպիտակ պատերով ամենալուսավոր սենյակում` երբ այնտեղ երբեք ոչ մի կատու չի եղել։ Փաստ է, որ նախաքննության ողջ ընթացքում ո՛չ քննչական խումբը, ո՛չ Ջհանգիրյանը, ո՛չ գլխավոր դատախազը, ո՛չ նորանշանակ վարչապետը բողոքի որևէ առիթ չեն ունեցել, ինչն ապացուցում է, որ նախագահ Քոչարյանը ոչ մի կերպ չի խոչընդոտել նախաքննական որևէ գործողություն։
Մինչդեռ, փաստ է, որ բազում հիմնավորված բողոքներ են եղել, որոնցում մատնանշվել են «պատվիրատուներին բացահայտելու» գործում երկրապահների առաջացրած որոշակի խոչընդոտներ, միտումնավորությամբ խանգարելու, իրենց ուզած ուղղությամբ գործը տանելու դեպքեր։ Այս փաստը բնավ զարմանալի չէ, քանի որ այդ ժամանակահատվածում Երկրապահ կամավորականների միության նախագահի տեղակալը Շիրխանյանն էր, ով նաև նախկինում ՊՆ փոխնախարար էր և իր բանսարկու բնույթի շնորհիվ խիստ ազդեցիկ դիրք ուներ հակաքորչարյանական ճամբարում։
Նրա առանձնակի ակտիվությունը հոկտեմբերի 27-ին և նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված «վերջնագրում» վարչապետական հավակնությունների փաստը ևս մեկ անհերքելի ապացույց է, որ հունանյանների հրոսակախմբի ու ահաբեկչական ոճիրի հետ Շիրխանյանը էական առնչություն կարող էր ունենալ։ Վարկածն էլ ավելի հիմնավոր է դառնում, եթե հաշվի առնենք նրա հետևողական խափանարար գործունեությունը ՀՀ վարչապետի պաշտոնը նոր ստանձնած, ապա ՀՀ նախագահ ընտրված Քոչարյանի նկատմամբ։ Նա էր նաև իշխանատենչության պատճառով վարչապետ Վազգեն Սարգսյանի վստահությունը կորցրած որոշ երկրապահական խմբերի պարագլուխը, որոնք ոճրագործությունից անմիջապես հետո ամեն կերպ ջանում էին մտնել ԱԺ, հաշվեհարդար տեսնել ահաբեկիչների հետ ու տիրանալ իշխանությանը։ Նույն Վահան Շիրխանյանն է որ այսօր անցնում է «Նորքի բանդայի» գործով որպես այդ խմբավորմանը հանցակից, որոնք ըստ ԱԱԾ-ի ձեռք էին բերել մեծ քանակությամբ զենք և զինամթերք և ծրագրել էին մի շարք ծանր հանցագործություններ իրականացնել ՀՀ տարածքում։
Վահան Շիրխանյանը, Արամ Սարգսյանի վարչապետության շրջանում ամեն ինչ արեց, որ նա տապալվի, իսկ նրա պաշտոնանկությունից հետո բոլոր միջոցներով դրդում էր, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը զինված պայքար հայտարարի գործող նախագահի դեմ, իսկ իշխող ՀՀԿ-ն չհամագործակցի Քոչարյանի հետ և Անդրանիկ Մարգարյանը չդառնա վարչապետ։ Նա էր, որ Մյասնիկ Մալխասյանի և Սասուն Միքայելյանի հետ 2008-ին պաշտպանության փոխնախարարներ Մանվել Գրիգորյանին և Գագիկ Մելքոնյանին սադրեց դասալքության` համոզելով անցնել սահմանադրական կարգը զինված տապալելու գնացող Տեր-Պետրոսյանի կողմը։ Իսկ թավշյա իշխանափոխույթունից հետո դարձավ Փաշինյանի «հաճախորդը» և արդեն կալանավորված Ռոբերտ Քոչարյանի դեմ կեղծ ցուցմունքներ մատակարարողը։
Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ վարչապետ Արամ Սարգսյանը այդ ստոր ծրագրին տեղյակ է եղել ու նրանց աջակիցն է դարձել, բայց փաստ է, որ նրա անիրազեկությունն ու անփորձությունը բազմիցս են օգտագործել ու շահարկել` իր կառավարումը ձախողելու, նախագահ Քոչարյանին անհարկի դեմ դուրս գալու, վնասելու, նույնիսկ իր միջոցով հայ-ռուսական, Քոչարյան -Պուտին հարաբերությունները խաթարելու համար։ Հիմա անկասկած է նաև, որ ջհանգիրյանների ու շիրխանյանների միջոցով հհշական կլանին հաջողվել է Արամ Սարգսյանին ներքաշել քաղաքական խարդավանքների մեջ, որոնք ոչ մի կերպ չեն կարող նպաստել հոկտեմբերի 27-ի ոճիրը ենթադրյալ պատվիրողներին բացահայտելուն, բայց պարտակում ու ոչնչացնում են լևոնա-հհշական հետքերը։
Հետևաբար. իր եղբոր, նաև հրապարակային ոճրագործության զոհը դարձած մյուսների սպանության հնարավոր պատվիրատուներին առայսօր չգտնելու համար այլոց մեղադրելուց առաջ, Արամ Սարգսյանը նախ պետք է ազնվորեն խոստովանի, որ իր վեցամսյա վարչապետության ընթացքում ունեցել է դա անելու անհրաժեշտ հնարավորություններն ու լծակները, բայց արել է ճիշտ հակառակը. թույլատրելով ջհանգիրյաններին` կոծկել ակնհայտ իրողությունները և շիրխանյաններին` կիրառել իրենց քաղաքական խարդավանքները։ Ապա նաև. պետք է խոստովանի, թե որպես վարչապետ` ինչու է երկու անգամ հանդիպել իր եղբորն սպանողին ու ինչ զրույց է ունեցել նրա հետ։
Եվ ամենաէականը. պետք է հիշի, որ Տեր-Պետրոսյանին ու հհշին իր եղբայրն է հեռացրել իշխանությունից։ Այս ամենից հետո էլ պարտավոր է ազնվորեն բացատրի. այդ ի՞նչ է ոճրագործությունից 20 տարի անց ակնկալում Փաշինյանից` որը ինքն անձամբ չէր կարող անել որպես վարչապետ։ Իսկ ազնիվ լինելու համար նա անհրաժեշտորեն պետք է գիտակցի, որ հենց նախագահ Քոչարյանը, հետո նաև Սերժ Սարգսյանը թույլ չեն տվել, որ ոչնչացվեն Հունանյան եղբայրներին ու վերացնեն երբևէ իրենց բացահայտելու փաստերը, եթե այդպիսիք կան։
Հիմա նրանք իշխանության են եկել ու արդեն բանակցում են ոճրագործ մարդասպանի հետ։ Եվ բոլորովին էլ բացառված չէ, որ ոճրագործին վաղաժամ ազատվելու դիմում գրելու առաջարկ արածներն էլ պատրաստվում են նրանից ստանալ իրենց ուզածը, որը մի քանի տեսախցիկներով ու հավատարիմ «լրագրողների» ներկայությամբ կտեսագրեն ու կձայնագրեն։ Իսկ դրանից անմիջապես հետո Հունանյանն ուղղակի «հանկարծամահ» կամ «գդալ կուլ տալու» միջոցով «ինքնասպան» կլինի։ Ձեռագիրը ծանոթ է, 90-ականները մոտենում են։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը