07 10 2019

Ասում եք, թե չկա՞ «վերադարձ նախկինին»

Ասում եք, թե չկա՞ «վերադարձ նախկինին»

Փաշինյանական պրոպագանդայի ու պոպուլիզմի ծեծված տրաֆարետներից է, թե՝ «վերադարձ նախկինին չի լինելու»:

Դատարկախոսություն է, որովհետև, ոնց կամ որքան էլ կամենաս ժամանակը հետ պտտել, այդպես չի լինում: Բայց Փաշինյանի ասածի ու իր ադեպտների կրկնածի բովանդակությունն այն է, թե նախկին իշխանությունը չի վերադառնալու այլևս, թե նախկին «հանցավոր ռեժիմի» բարքերն ու դրվածքը չի վերադառնալու:

Եթե որևէ մեկը անդարձ ու անվերադարձ չի հեռացել քաղաքական ասպարեզից, նա միշտ էլ վերադառնալու շանս ունի: Անգլերեն ֆրազն իզուր չի շեշտում, թե երբեք մի՛ ասա՝ երբե՛ք:

Դառնանք Փաշինյանի ասածին ու բուն իրականությանը:

«Վերադարձ նախկինին» ասում է մի քաղաքական սուբյեկտ, ով այդ քաղաքական դաշտում ամուր կանգնեց 2008-ին, թաթախվեց մարտի 1-ին թափված արյան մեջ, 10 հայ մարդու սպանության մեղքի իր բաժինը շալակեց, «հոգին փառավորվեց»: Ու այդ ամեն ինչը հենց այն բանի համար, որ հնարավոր դարձնի «վերադարձը նախկինին», նույն ինքը՝ իր քաղաքական հայր Լևոն Տեր-Պետրոսյանին նորից բերի իշխանության: Ու նման նպատակներ հետապնդածը հիմա ասում է, թե՝ վերադարձ նախկինին չի լինելու:

Բայց դա ամենը չէ: Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ այնքան «վերադարձ նախկին» կա, որ այդ նախկինը կամ անցյալը, բազմապատկված այլասերվածությամբ ու այլանդակությամբ ոչ միայն վերադարձել է, այլև հատուկ կեցության բրոնյա է ստացել «նոր Հայաստանում»:

«Վերադարձ նախկինի» մեջ են, թվարկենք. ԱԺ պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի, մի բան էլ՝ ապրիլյան պատերազմի հարցով զբաղվող հանձնաժողովի նախագահ Քոչարյան Անդրանիկը, որ առավել «մասնագիտացած» է վիրավորական ու ցինիկ հայտարարություններ անելու վրա: Ասում են, այս անձնավորությունը այնքան «պարկեշտ» է պահել իրեն, երբ 90-ականների առաջին կեսերին Շիրակի տարածքում Լևոն Տեր-Պետրոսյանի լիազորած ներկայացուցիչն էր, հաշվի՝ մարզպետ, անսահմանափակ լիազորություններով: Ասում են այնքան «բարեխիղճ» ու «ազնիվ» պաշտոնյա է եղել, անգամ այն ցուրտումութ տարիներին օգտագործած էլեկտրական հոսանքի համար է կոպեկ առ կոպեկ վճարել:

«Վերադարձ նախկինին չկա»: Ասում են, ու Լևոն Տեր-Պետրոսյանի Կարապետյան Վլադիմիրին նշանակում վարչապետի մամուլի քարտուղար:

Մեկ ուրիշ նախկին՝ Հովհաննես Իգիթյան: Բայց նա չի երևում, հատկապես՝ Ջհանգիրյան Գագիկի ֆոնի վրա: Վերջինին դեռ մի նկատելի պաշտոն չեն տվել, այնպես որ, նրա հիմնական հնարավոր զբաղմունքը կարող է լինել Վահե Գրիգորյանի ինստրուկտաժը, ու ընդհանրապես, Սահմանադրական դատարանի նախագահի դեմ արշավանքի, կիրառվող քայլերի խարհրդատվությունը:

Բայց լևոնական տարբեր հին դեմքերի բացահայտ կամ աննկատ վերադարձը ոչինչ է այն ամեն ինչի համեմատ, ինչը կատարվում է Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Ասում եք՝ «վերադարձ նախկինին» չկա՞:

Այն էլ ոնց կա. Խարդավանքներ ու զրպարտություններ, մարդկանց վրա թիրախավորված հարձակումներ զլմ-ներում ու հրապարակային հարթակներում, բռնություններ՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ կողմից, ուղղորդված հարձակումներ ընդդիմախոսների ու ազատ լրատվական միջոցների, հարթակների վրա («Հայելու» վրա հարձակումը միայն վերջին թարմ դեպքն է), բարեգործական ֆոնդերի անվան տակ՝ գործարարներին ռեկետ անել, պետական կառավարման համակարգում անորոշություն ու բառդակ, տոտալ անպատասխանատվություն: Ո՞ր մեկն ասես:

Այո, տեր-պետրոսյանական նախագահության շրջանի ամենահոռի բարքերն ու թունավոր ներքին մթնոլորտը վերադարձել են: Ու պետք չէ ծղրտալ, թե վերադարձ նախկինին չկա: Այդ նախկինն արդեն վերադարձել է:

Հենց Նիկոլ Փաշինյանն ինքն է «նախկինից վերադարձած»: Նա անցյալից իր հետ «նոր Հայաստան» է բերել նախկինում կուտակած մաղձն ու թույնը, ու «սիրո և համերաշխության» փայլուն ու ճռճռան թղթով փաթաթած՝ լի ու առատ ցփնում է մասսայի վրա, ու նրանք, ովքեր նույն թույնն ու մաղձը կուտակել են տարիներով, հաճույքով կուլ են տալիս:

Ապօրինություններով ուզում են «օրինականության երկիր» ստեղծել: Խելքի աշեցեք:

Ընդդիմախոսների բերանը փակելով ու քաղաքական հակառակորդներին հետապնդելով, խոսում են դեմոկրատիայից ու ազատությունից: Խելքի աշեցեք:

Արցախի ու նաև բանակի ղեկավարությանը պիտակավորելով, վիրավորելով ու նվաստացուցիչ արտահայտություններ անելով, իրենք իրենց հերոս են հռչակում ու հայրենասիրությունից խոսում: Խելքի աշեցեք:

Ամեն ինչ բոլոլայի վերածելով, աղանդավորներին ու սեռական փոքրամասնությունների շահերի պաշտպաններին «դուխ» տալով, ուզում են մեր եկեղեցին «ծնկի բերել»:

Խելքին աշեցեք, ու խելքի եկեք, հայեր, եթե վերջնականապես խելքներդ դեռ չեն կերել:

Հարութ Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ