Հանրությունը հիշում է իհարկե մեկ-երկու ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի այս գրառումը․ «Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով: Եվ ահա՝ 2019 թ. առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25,1 տոկոսով կամ 152 մլրդ դրամով»։ Գրառում, որի մեջ միանգամից մի քանի ստեր կային։
Առաջինը, որ ինքը ոչ թե մեկ-երկու տարում, այլ իր իշխանության գալուց անմիջապես հետո էր խոստացել բյուջեի եկամուտների կտրուկ աճ։ Երկրորդ, ոչ թե 25-30 տոկոսով, այլ մեկ երրորդով աճի խոստման մասին էր։ Երրորդ, ոչ թե կիսամյակի ցուցանիշով, այլ տարեկան։ Մի խոսքով, արդեն սովորական է դարձել երկրի թիվ 1 կեղծիք տարածողի նման գործելաոճը։
Այժմ, երկու ամիս անց հետաքրքրական է, թե ինչպե՞ս է փոխվել պետական բյուջեի և մասնավորապես հարկային եկամուտների ցուցանիշը և որքանո՞վ է այն համապատասխանում հետին թվով ուղղումներ կատարած խոստումների հետ։
Համաձայն պետական եկամուտների կոմիտեի հրապարակման, այս տարվա օգոստոս ամսին հավաքվել է մոտ 105 մլրդ դրամի հարկային եկամուտ, որը տարվա ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշներից է։ Հունվար-օգոստոսին էլ հավաքված հարկային եկամուտները կազմել են 937 մլրդ դրամ։ Հետաքրքրական է, որ հունվար-հունիս ամսվա տվյալները ներկայացնելով, ՊԵԿ-ը նաև տոկոսային ցուցանիշ էր ներկայացրել, թե որքան ավելի է հավաքվել նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ, իսկ ահա հունվար-օգոստոսի տոկոսային համադրումը նախորդ տարվա նույն ժամանահատվածի ցուցանիշի հետ չկար։ Մնում է միայն գլխի ընկնել, թե ինչո՞ւ։
Այսպիսով, ըստ պետական եկամուտների կոմիտեի, հունվար-հունիսին հարկային եկամուտներն աճել էին 24,5 տոկոսով։ Քանի որ հունվար-օգոստոսի տոկոսային ցուցանիշը բացակայում էր, հիմք ընդունելով գումարային տվյալները այդ հաշվարկը կատարեցինք մենք։ Ստացվեց, որ այդ ժամանակատվածում հավաքված 937մլրդ դրամի հարկային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հավաքված 772 մլրդ դրամից ավելի են արդեն 21,4 տոկոսով։ Այսինքն, երկու ամսվա ընթացքում հարկային եկամուտների հավաքման տոկասային ցուցանիշն իջել է 3 տոկսային կետով։ Սակայն, սա դեռևս իրական պատկերը չի։
Դարձյալ ՊԵԿ տեղեկատվության համաձայն, միասնական հաշվի մնացորդի վրա առկա է մոտ 8 մլրդ դրամ, որը պետք է հետ վերադարձվի տնտեսվարողներին։ Եթե այս գումարը հանենք, դարձյալ ըստ ՊԵԿ-ի, մնում է հունվար-օգոստոսին հավաքված 929 մլրդ դրամ։ Սա անցյալ տարվա նույն ժամանահատվածի հավաքվածից ավելի է արդեն մոտ 20 տոկոսով։ Այսինքն, իրական աճը անգամ 21,4 տոկոս չէ, այլ ընդամենը 20 տոկոս։ Սակայն սա էլ ամբողջը չէ։
Նախորդ կառավարությունը արտահանողներին հետ էր վերադարձրել մոտ 55 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ՝ հիմնականում 2018 թ․-ի հունվար-փետրվար ամիսներին։ Այսինքն, առանց այդ գումարի էին անցյալ տարվա հունվար-օգոստոսի հարկերը կազմել 772 մլրդ դրամ։ Ներկայիս կառավարությունը որոշել է վերջապես, իր իշխանության գալուց մեկուկես տարի հետո, արտանահողների հետ վերադարձնել գումարները, որոնց հույսը, Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, նրանք արդեն չունեին։ Անշուշտ, բարոյական չի, երբ մարդուն կամ ընկերությանը իրեն պատկանող գումարը հետ ես վերադարձնում և դա ներկայացնում որպես լավություն։ Մյուս կողմից էլ համադրում ես նախորդ տարվա այն ցուցանիշների հետ, որտեղ հետ վերադարձված 55 մլրդ դրամը ներառված չի եղել։
Այժմ տեսնենք, թե ինչպիսի՞ն կլինի հարկերի հավաքման այս տարվա հունվար-օգոստոսի ցուցանիշը, եթե ներկայիս կառավարությունը արտահանողներին հետ վերադարձնի ԱԺ որոշմամբ սահմանված 56 մլրդ դրամը։ Դրա համար բավական է 929 մլրդ դրամից հանել 56 մլրդ դրամ, կստացվի 873 մլրդ դրամ։ Այսինքն, արդեն համադրելի դարձած այս ցուցանիշը եթե համեմատենք անցյալ տարվա հունվար-օգոստոսի հետ, ապա կստացվի, որ հարկային եկամուտների աճն այս տարվա ութ ամիսներին ընդամենը 13 տոկոս է։ Սա է Նիկոլ Փաշինյանի հայտարարած 25-30 տոկոսի համեմատ և նրա գրառման մեջ նշված 25,1 տոկոսի փոխարեն այսօր արձանագրվող աճի իրական ցուցանիշը։ Ընդ որում, հարկային եկամուտների այս տարվա աճի մեջ էական դեր ունի ավտոմեքենաերի ներմուծումից ստացվող գումարները։ Դա ԵԱՏՄ մտնելու ժամանակ նախկին կառավարության կողմից ձեռք բերված արտոնության արդյունք է և որի ժամկետն այս տարի ավարտվում է։ Այսինքն, եկող տարի այդ գումարներն այլևս չեն լինի։
Ինչ մնում է 13 տոկոս հարկային եկամուտների աճին, ապա տոկոսային առումով ՀՀ պետական բյուջեն ավելի բարձր աճեր է ունեցել 2002, 2003, 2006, 2007, 2010, 2013 թվականներին, իսկ համանման աճեր՝ 2001, 2011 թվականներին։ Թե որքա՞ն կլինի 2019 թ․-ի տարեկան աճը, կերևա առաջիկայում։ Այնպես որ ներկա պահի դրությամբ բյուջեի եկամուտների աճի մասին Նիկոլ Փաշինյանի հերթական «աննախադեպը» ոչ այլ ինչ է, քան հերթական փուչիկը, որը պայթում է անգամ ամենաչնչին հպումից և որը փչվում է բացառապես «դուխով» գլխարկ կրողների համար։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը