Ազատ, ինքնորոշված ու ինքնիշխան Արցախը հավաքական հայության ամենից տպավորիչ ու կարևոր ձեռքբերումն է վերջին տասնամյակներում: Կարևոր է գիտակցումը, որ դա միասնական ձեռքբերում է: Հայության ամեն մի մաս դրել է ինչ կարողացել է ու ինչքան կարողացել է: Հայ ժողովրդի լավագույն զավակները իրենց կյանքն են նվիրաբերել: Նաև, չմոռանանք, մեր դժվար ու նեղ պահին մեր փորձությունը կիսած, մեր կողքին կանգնած այլազգի, բայց բարեկամ ժողովուրդների ներկայացուցիչներին՝ եզդի, ասորի, ռուս, թե ալան:
Արցախի հայությունը իր ամեն ինչն է դրել գոյության ու պայքարի զոհասեղանին, որ հենց այդ պայքարի շնորհիվ, զոհասեղան չդարձավ, այլ մի ցատկահարթակ, հենարան, որի վրա ամուր կանգնելով, որը ամուր պահելով, մեր ժողովուրդը պետք է անկասկած շարունակի իր լուսավոր ընթացքը:
Տարբերություն դնելու խնդիր չէ, բայց մի հատկանիշ ժամանակ առ ժամանակ ընդգծվում է. Արցախցի հայերը, ինչ էլ որ կիսած չլինեն, մեկը մյուսի հետ ինչ մանր խնդիր էլ որ չունենան, որոշակի պահի շատ ավելի արագ ու կազմակերպված են համախմբվում: Դա զարմանալի չէ, եթե հասկանում ես, որ հարյուրամյակներ շարունակ, ներառյալ խորհրդային երկրում ադրբեջանական գերության 70 տարիները, Արցախի հայությունը դիմագրավել է իրեն բնաջնջել ձգտող թշնամիներին: Բայց ոչ միայն դիմագրավել է, այլև կարողացել է շատ ավելի երկար պահել և պահպանել պետականության, պետական իշխանության գոնե ներքին ինքնավարության կառույցները, կազմակերպչական հատկանիշներն ու մտածողությունը: Պատահական չէ, որ արցախցի հայերի շարքում այդքան շատ են զինվորականները, գեներալները, մարշալները, մաթեմատիկոսներն ու ֆիզիկոսները, ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչները:
Ոչ մի բան երբեք հենց այնպես, դատարկ տեղում չի լինում: Առավել ևս արագ համախմբվելն ու կազմակերպվելը: Ժամանակին այդպիսին է եղել պատկերը Հայոց աշխարհում՝ առնվազն 300 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա Մեծ Հայքում, երբ ինքնիշխան ու հզոր պետություններ ենք ունեցել: Այդ կարևոր հատկանիշը պահպանվել է երբեմնի ունեցած տերության մի փոքր մասում: Եվ դա կարևոր է:
Կարևոր է, որ ընդամենը մի քանի օրից, սեպտեմբերի 2-ին նշելու ենք Արցախի անկախության 28-րդ տարեդարձը՝ նայելով թե՛ դեպի պատմության խորքը, թե՛ դեպի մշուշոտ ապագա, որը ցանկանում ենք, որ պայծառ լինի:
Իսկ եթե ցանկանում ենք, որ այդ ապագան պայծառ լինի Արցախի, Հայաստանի Հանրապետության, ընդհանրապես հայության համար, ապա պետք է լիարժեք գիտակցենք ու հաշվի տանք մեզ, թե ինչ ենք անում:
Պետք է ընկալենք, որ Արցախը, այո՛ արժեք է, հզո՛ր առավելություն է, այլ ոչ թե մեզ զարգացման օրակարգից հետ պահող բեռ: Հասկանանք այն, ինչ ընդգծում է նոր Արցախի առաջին նախագահ, պարտադրված պատերազմում հաղթանակած ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, որ հիմա անարժան ու մանր պոլիտիկանների քմահաճույքով ապօրինաբար բանտված է:
Պետք է հասկանանք, որ ամեն տեսակ կասկածելի՝ կապտամազ կամ նորաբեղ սուբյեկտներ չպետք է իրենց թելադրող ու ասիչ զգան Արցախում: Նմանները ամբողջ Հայաստանում չպետք է իրենց թելադրող զգան, բայց Արցախում առավել ևս: Էլ մարդ չի մնացել, էգուորձը խառնածնե՞րը պիտի մեզ կյանքի դասեր տան: Էլ մարդ չի մնացել, պիտի դասալիքներն ու դասալքություն խրախուսողնե՞րը մեզ խելք սովորեցնեն: Էլ ոչ ոք չկա ու մնացել է, որ թշնամու հետ ընկերություն անողնե՞րը, թշնամական քարոզները երկրորդողնե՞րը մեր միջնաբերդում դարպաս հսկեն: Նրա՞նք, որ պատերազմի հերոսներին ու նրանց վաստակը նսեմացնում են ու վարկաբեկում: Նրա՞նք, որ մեր ու մեր միջև բաժանումներ են քարոզում, որ իրենց նեղմիտ ատելությունը դրոշ դարձրած, հասարակությանն ու ժողովրդին պատանդ ու անգրագե՞տ են համարում:
Պետք է գիտակցենք ու հաշիվ տանք մեզ, որ օտար ու խորթ բարքեր դավանողներին, դրանց կամակատարներին տեղ տալով, մենք ամեն ամնգամ ավելի էնք հեռանում մեր նպատակների ճանապարհից:
Իհարկե, Հայաստանը, Արցախի հետ միասին, կդիմանա: Կթոթափի այդ թեփը, և ավելի մեծ ուժով առաջ կգնա: Մարդիկ մի օր վերջնականապես ուշքի կգան, ու կվերադարձնենք ամեն ինչ իրենց ճիշտ տեղերը: Այդ ժամանակն էլ կգա, ու այդ ժամանակը շատ ավելի մոտ է, քան թվում է:
Բայց դրանից անկախ և չնայած դրան, մենք պետք է ավելի համախմբված ու կազմակերպված լինենք, կենտրոնացած գլխավորի վրա. ամենաքիչը՝ պահել, պահպանել ինքնորոշված, ազատ ու ժողովրդավարական Արցախի ինքնիշխանությունը, ըստ կարողացածի չափով՝ զարգացնել ու զարգանալ բոլոր ուղղություններով՝ ընկալելով Արցախը ոչ թե բեռ, այլ առավելություն և առաջխաղացման նախադրյալ:
Լեռնիկ Շահնազարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը