05 08 2019

Դատավորի հետապնդման քաղաքական պատճառները

Դատավորի հետապնդման քաղաքական պատճառները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դատավոր Դավիթ Գրիգորյանը քաղաքական գործիչ չէ: Նա, բնականաբար, կուսակցական չէ: Չունեն դատավորները նման իրավունք, չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ քաղաքական գործունեությամբ զբաղվել: Դրա համար էլ դատավոր են, իսկ օրենքը պահանջում է, որ դատավորները քաղաքականապես չեզոք պետք է լինեն:

Բայց դատավոր Դավիթ Գրիգորյանը այժմ համակողմանի ու այդ թվում՝ քրեական հետապնդման է ենթարկվում զուտ քաղաքական պատճառներով: Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը դա չի էլ թաքցնում: Լրիվ բացահայտ է ամեն ինչ, թե՛ հետապնդումը, թե՛ դրա իրական շարժառիթը:

Շարժառիթներից առաջինը այն է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը, «Մարտի 1-ի» այսպես կոչված նոր գործի քննության շրջանակում բավարարեց Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը: Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց:

Այդքանն արդեն բավական էր, որ Դավիթ Գրիգորյանը դառնա Նիկոլ Փաշինյանի ու նրա հավատակիցների «աչքի գրողը»: Փաշինյանը դրանից անմիջապես հետո ընդհանուր հարձակում կազմակերպեց դատական համակարգի վրա (դատարանների շրջափակումը), բայց նաև թիրախավորված հարձակում սկսվեց կոնկրետ դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա:

Համարյա վայրկենապես թարմացվեց մի քրեական գործ, դատավորին մեղադրանք ներկայացվեց, նրա աշխատասենյակում խուզարկություն արվեց: Բայց ինչպես հավաստեց դատավորի պաշտպանությունն ստանձնած փաստաբանը, Դավիթ Գրիգորյանի աշխատանքային համակարգչից և աշխատասենյակում առգրավվել է ամեն ինչ, ինչ թեկու թեթևակի կարող էր կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործի հետ: Այսինքն՝ թիրախավորումն ու նպատակադրումները լրիվ բացահայտ են:

Անզեն աչքով տեսանելի ապօրինությունն արձանագրեց վերաքննիչ դատարանը, որը օգոստոսի 5-ին բավարարեց Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը բեկանեց խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։

Իսկ այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն ներկայացրեց իրենց պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու հարցով, օրենքի ուժով անհապաղ դատական նիստ անցկացնելու վերաբերյալ, դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի իշխանության կազմակերպած հետաշնդումները ավելի սաստկացան, իսկ «նորացված կազմով» ԲԴԽ-ն էլ հուլիսի 28-ին որոշում կայացրեց դատավորի լիազորությունները ժամանակավորապես կասեցնելու մասին: Դա նշանակում է, որ «Մարտի 1-ի» գործի քննությունը պետք է վերահանձնարարվի այդ դատավորի:

Հիմա այդ այլ դատավորը կցանկանա՞ դառնալ նույնպիսի քաղաքական հետապնդման զոհ կամ թիրախ՝ աչքի առաջ ունենալով Դավիթ Գրիգորյանի թարմ օրինակը, վերացական կամ տեսական դժվար է ասել, իսկ գործնականում՝ հազիվ թե ունենա:

Այսինքն, միայն դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քաղաքական պատճառներով իրականացվող հետապնդումից բացի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ որոշակի հետապնդման ճնշման «պրեսսի» տակ է դնում նաև մյուս բոլոր դատավորներին, դատական համակարգը: Դրանից հետո, Նիկոլ Փաշինյանը խոսում է անկախ դատական համակարգ ձևավորելու մասին, օրինակ:

Փաստաբանների, իրավաբանական գիտելիքներից բացի նաև քաղաքացիական կեցվածք ու պետականամետ ընկալում ունեցող մի խումբ մարդիկ, իհարկե, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, չեն լռում, գնահատականներ և հայտարարություններ են հնչեցնում մեկ անձի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կապրիզով իրականացվող այս ինքնիրավչության (սամասուդի) վերաբերյալ: Բայց նրանց իշխանությունը չլսելու է տալիս: Դրված է կոնկրետ նպատակ, դրված է խնդիր. ամեն գնով դատապարտել նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ կանգ չառնելով օրենքն ու օրինականությունը ոտնատակ գցելու վրա, ճնշումների և հետապնդման ենթարկել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն Նիկոլ Փաշինյանի տված հանձնարարությունից շեղվել, միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանի հետ կապված գործն օգտագործել՝ դատական համակարգը Նիկոլ Փաշինյանի անվերապահ անձնական ենթակայության տակ դնելու, դատական համակարգը կազմաքանդելու համար:

Նման իրավիճակում երկրի ներսում որևէ գործով անիմաստ է խոսել արդարադատություն իրականացնելու կամ բնականոն դատական գործընթաց ակնկալելու կամ դրա հնարավորության մասին։ Իսկ ոչ միայն իրավական առումով, մյուս տարբերակը քաղաքական իրավիճակի փոփոխությունն է:

Հարութ Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ