2019թ․ փետրվարի 23-ին Վանաձորում մեծ շուքով անցկացվեց «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը, որը ներկայացվեց իբրև նոր նախագծերիև ծրագրերի առաջխաղացման լավ հնարավորություն:
Այնպիսի շուքով ներկայացվեց Լոռու մարզի ներդրումային ֆորումը, որ քիչ էր մնում ստվերեր Դավոսյան համաշխարհային տնտեսական համաժողովնը:
Իրականում նման ֆորումները շատ կարևոր են երկրում ներդրումներ անելու, մարզերը զարգացնելու, տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից։ Համենայնդեպս՝ կարող են այդպիսին լինել։
Ինչպես ներկայացվում էր կառավարության և պետական այլ կառույցների հաղորդագրությունների մեջ, համաժողովը մեծ ոգևորությամբ է ընդունվել գործարար շրջանակներում, ներկայացվել են բազմաթիվ ծրագրեր և ստարտափեր:
Բայց երբ փորձում ենք գտնել իրական արդյունքը, ակնհայտ է դառնում, որ միակ ռեալ բանը եղել է այն, որ վարչապետը հերթական ելույթն է ունեցել։
Այսպես, Լոռու մարզպետարանի կայքում կա «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորում բաժին, որի հղումով անցնելիս բացվում են երեք ենթաբաժիններ՝ «Իրավական ակտեր», «Ներդրումային ծրագրերի անձնագրեր», «Հաջողված ծրագրեր»։ «Ներդրումային ծրագրերի անձնագրեր» բաժնում կա 53 ծրագիր։ Ենթադրվում է, որ սրանք ներկայացվել են հենց այդ համաժողովի ժամանակ, որոնք ուսումնասիրելիս, պարզ է դառնում, որ բոլորն էլ աշխատատեղ ստեղծող են, պահանջում են լավ ներդրում, սակայն հիմնականում գումար չկա։ Այսինքն, պետությունը կամ դոնորներ պետք է ներդնեն։
«Հաջողված ծրագրեր»-ի տակ ներկայացված է 4 ծրագիր։ Եթե 4 ծրագիրն իրականացվում են այդ համաժողովի կողմից, ուրեմն այն հաջողել է։ Սակայն ուսումնասիրելու արդյունքում պարզվում է, որ դա պարզապես բլեֆ է։
Չորս հաջողված ծրագրերից 3-ը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, «ՌԱԴ սանե Վարշամիր գրուպ» գործարանը և «Գյուղատնտեսության զարգացումը Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում» գործարկվել են դեռ տարիներ առաջ՝ նախորդ իշխանությունների օրոք: Միայն չորրորդ ընկերությունն է՝ «Արդվի Գյուղ Ռեզորթը», որ նորաստեղծ ծրագիր է:
Մարզպետարանի ներկայացուցիչը մեզ փոխանցեց, որ այդ բաժնում պարզապես հաջողված ծրագրերն են ներկայացված, որոնք իրականացվում են մարզում, բոլորը մեկտեղել են՝ անկախ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» արշավի հետ կապից։
Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ են տեղադրել այդ խորագրի տակ՝ տպավորություն ստեղծելով, թե դրանք ֆորումի ժամանակ առաջարկված և միանգամից կյանքի կոչված նախաձեռնություններ են։
Փաստորեն, հերթական անգամ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Նիկոլ Փաշինյանը սեփականաշնորհում է նախկին իշխանության արածները՝ հընթացս քննադատելով նրանց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը