23 07 2019

ՍԴ վրա հարձակման նախորդ, ընթացիկ և հաջորդ, ենթադրվող փուլերը

ՍԴ վրա հարձակման նախորդ, ընթացիկ և հաջորդ, ենթադրվող փուլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն ու թիմը առանձնապես գլուխ չունեն երկրի տնտեսական, սոցիալական, տարիներով կուտակված ու իրենց քննադատած խնդիրներով զբաղվելու հետ: Երևանի սանիտարահակահիգիանիկ վիճակի մասին էլ ավելի լավ է լռել:

Բայց այլ հարցերում իշխանության եկած «թավշյա» գործիչները անգերազանցելի են. նրանք հավասարը չունեն ինքնագովերգման և իրենց գովաբանող ինչ-որ զանգվածների սոցցանցերում ակտիվացնելու, քննադատողներին հայհոյելու, մուտիլովկաներ տարածելու, քուչի ժարգոնով արտահայտվելու «գործերում»: Բոլորից ուժեղը, անխոս, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Սերժ Սարգսյանի «հագով կարած» Սահմանադրությունը և վարչապետին տրված ընդարձակ լիազորությունները շատ էլ լավ Նիկոլ Փաշինյանին գոհացնում են: Ի՞նչ կապ ունի, որ նա ժամանակին այդ ամենը քննադատել է: Հասկացեք, վերջապես, այն ժամանակ, երբ քննադատում էր, ախր նա իշխանություն չուներ, իսկ հիմա ունի: Վատը ոչ թե այն էր, որ այդ լիազորությունները կային, այլ վատն այն էր, որ ինքը՝ Փաշինյանը այդ լիազորությունները չուներ: Իսկ հիմա ունի, ու վերջ, ամեն ինչ շատ լավ է: Սակայն ախորժակն ուտելիս է բացվում, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է գրավել ու, մասամբ արդեն գրավել է դատական իշխանությունը: Դա միամիտ զանգվածին ներկայացվում է որպես դատական համակարգի բարեփոխում, կոռուպցիայի դեմ պայքար, և նման այլ՝ գեղեցիկ հնչող բառերով: Բայց իրական բովանդակությունը դատական համակարգի անվերապահ ենթարկեցումն է անձամբ Նիկոլ Փաշինյանին: Եթե ԱԺ-ի գործնականում միակուսակցականացումը (այնտեղ ինչ-որ հարց կարող է լուծվել բացառապես Փաշինյանի «Իմ քայլի» քվեարկությամբ, մյուս երկու խմբակցություններն ընդամենը «ընդդիմություն են աշխատում») ապահովում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կապրիզներին օրենքի տեսք հաղորդելը, ապա դատարանների ենթարկեցման խնդիրն է՝ ապահովել այդ կապրիզները «պեչատելը»:

Տպավորությւոն կա, թե այդ ամենի պատճառը «Քոչարյանի գործն» է: Բայց «Քոչարյանի գործը» միայն հարմար շարժառիթ է՝ դատական իշխանությունը գրավելու, այն Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլի» իշխանությնա ոտքի տակ դնելու համար:  Եթե գտնվում էլ են այնպիսի դատավորներ, որ Նիկոլ Փաշինյանի կապրիզները չեն կատարում, ապա նրանց դեմ հետապնդում է սկսվում, գործ է հարուցվում, դիսերտացիան են գրաքննում, կարող են անգամ բացահայտել, որ այսինչը երեխա ժամանակ տակը չիշիկ է արել և այդպես շարունակ:

ԲԴԽ-ի հարցը համարվում է լուծված, դատավորներին սպառնալիքներն ու թափանցիկ մեսիջները՝ հղված, հիմա եկել է Սահմանադրական դատարանը գրավելու հերթը: Հարձակման «նախնական» փուլը խիստ պայմանական կարելի է համարել դատարանների շրջափակման օրը: Բուն հարձակման հաջորդ փուլը Վահե Գրիգորյանի տխրահռչակ ելույթն էր ԱԺ-ում:

Հաջորդ մեծ փուլը եղավ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը՝ «սեփականաշնորհված բուդկա»-ով, ու այդ կարգի արտահայտություններով: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հակադարձեց: Հիմա, ըստ «թավշյա» փորձարկված սխեմայի, Փաշինյանական «սպիտակավորները» պետք է որ թիրախավորված գրոհի անցնեն անձամբ Հրայր Թովմասյանի վրա: Չի կարելի բացառել, որ նրա նկատմամբ էլ քրեական գործ հարուցելու նախաձեռնություն դրսևորեն, արդեն լրատվական դաշտ նման «բադիկներ» նետել են: Կհաջողվի՞ Նիկոլ Փաշինյանին «գրավել» Սահմանադրական դատարանը: Իսկ ո՞վ կամ ի՞նչը պիտի խանգարի նրան դա անել: Ասենք թե 7 տարբեր կուսակցություն հայտարարություն են տարածել, ահազանգել են, դիմել Հայաստանի ձևական նախագահին, որ իբրև թե՝ սահմանադրության պահանջների պահպանման երաշխավորն է: Հետո՞ ինչ, ո՞վ է լսելու այդ կուսակցություններին կամ բանի տեղ դնելու: Ինչ-որ օրենքների խախտո՞ւմ է է հետ պահելու Նիկոլ Փաշինյանին:Մինչև հիմա ոչ մի նման բան նրան հետ չի պահել: Դատարանների շրջափակումը դրա մասին է խոսում: Ինչ-որ Վենետիկի հանձնաժողով կամ եվրոպական գործընկերնե՞ր են հետ պահելու: Նրանց համար ընդհանրապես միևնույն է, թե Հայաստանում իշխանության եկած անձանց շրջանակը ինչ քայլերով վարի կտա Հայաստանի՝ անցած ժամանակահատվածում ձևավորված պետական կառույցները: Եվրոպային իր քաղաքական շահերն են հետաքրքիր, ինչպես ցանկացած այլ խոշոր միջազգային խաղացողի՝ ընդունեք խաղի մեր կանոնները, մեզանից պարտք վերցրեք ու խելոք արեք այն, ինչ ձեզ կասվի:

Այնպես որ, Սահմանադրական դատարանը գրավելը Նիկոլ Փաշինյանի համար պետք է որ խնդիր չլինի, այսինքն՝ միայն ժամանակի խնդիր լինի: Իսկ ժամանակը աշխատում է նրա դեմ, և Իջևանի դեպքերն էլ ինչ-որ չափով կամ ինչ-որ մասով դա ցույց տվեցին: Նիկոլ Փաշինյանը դա զգում է, և դրա համար էլ մի փոքր ուզում է դեպքերից առաջ ընկնել: Կան մեկնաբաններ, որոնք կարծում են, թե ՍԴ-ն ոսկորը կմնա «թավշյա» իշխանության բկին: Բայց կան նաև կարծիքներ, որ Փաշինյանը բարեհաջող այդ «ոսկորն» էլ կուլ կտա:

Ուրիշ հարց է, թե ինչ է տալու նրան ՍԴ-ի գրավումը, ընդհանուր վերցրած: Կարող են իրենց համար ուշագնաց լինող զանգվածին ներշնչել, թե՝ մինչև ՍԴ-ն Նիկոլ Փաշինյանի տակ չմտնի, ներդրումներ չեն լինելու, կամ մեկ ուրիշ մանիպուլյացիայի դիմել, և մասսան կբացականչի՝ այո: Բայց կյանքը դրանից չի լավանալու, տնտեսական կամ սոցիալական վիճակը կտրուկ չի փոխվելու: Կարող են շարունակել «նվաճումները» և հաջորդ թիրախ դարձնել ոչ «թավշյա» լրատվամիջոցները, ասել, թե այ նրանք են արգելակում բարեփոխումները, խանգարում հեղափոխության առաջընթացին, ու չեն թողնում աշխատել: Առանց դրա էլ՝ արդեն «ժողովրդավրական թավշյաների» իշխանության այս 13 ամսվա ընթացքում մամուլի նկատմամբ տարբեր հարձակումների, նաև՝ սոցցանցերում թշնամական տրամադրությունների գեներացիան ռեկորդային ցուցանիշների է ձգտում: Այնպես որ, շատ բաներ դեռ առջևում են:

 

Հարութ Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ