Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը իր կարծիքով «պարզաբանում» է տվել «մամուլում տեղ գտած այն հրապարակումների առնչությամբ, ըստ որի՝ ՋԷԿ-ի կառուցումը մեկնարկել է դեռևս 2017 թվականին և որ «նոր իշխանությունը սեփականաշնորհում է նախորդ իշխանության աշխատանքը»։ «Մամուլում տեղ գտած» այդ հրապարակումը մեր կայքում հրապարակված «Երևանի նոր ՋԷԿ․ Նիկոլ Փաշինյանը նախորդ իշխանության արածը «սեփականաշնորհեց»» հոդվածն էր։
Ամենայն հավանականությամբ, հրապարակումը նյարդային վիճակի մեջ է գցել վերնագրում նշված անձին, որն էլ պատճառ է դարձել հիշյալ «պարզաբանման» լույս աշխարհ գալուն եւ դրանում մեր հոդվածի վերնագրի նույնությամբ գրելուց խուսափելուն։ Մեկ անգամ եւս միմյանց կողք դնել «Նիկոլ Փաշինյան» եւ «սեփականաշնորհեց» բառերը նախարարության աշխատակիցները չէին համարձակվի, ուստի ընտրվել է իրենց ընկալմամբ «ճկուն» տարբերակը։ Սա՝ ի միջի այլոց։
Առաջին միտքը, որ գալիս է, այն է, թե ի՞նչն են պարզաբանել կառավարության եւ նախարարության մտքի «գիգանտները» 4 օր շարունակ մտատանջվելուց հետո։
Նրանք չեն հերքել, որ Երեւանի նոր ՋԷԿ-ի ներդրումային ծրագիրը նախաձեռնել եւ սկսվել իրականացվել նախորդ իշխանության կողմից եւ նշել են․ «ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2017 թվականի մարտի 17-ին Երեւան ՋԷԿ-ի հարակից տարածքում տեղի է ունեցել նոր ջերմային կայանի կառուցման հիմնարկեքի արարողություն»։ Ապա շարունակել են․ «Սակայն դրանից ոչ առաջ և ոչ էլ հետո որևէ շինարարական աշխատանք չէր իրականացվել, թե ինչու և ինչ պատճառներով չեն իրականացվել վերոնշյալ աշխատանքները՝ մեկնաբանությունը թողնում ենք հանրության դատին»։ Փորձենք պատասխանել վերոնշյալ հարցերին, որոնք, ի դեպ, հաղորդագրության մեջ առանց հարցական նշանների էին։
Նախ՝ վերստին ներկայացնենք նոր ՋԷԿ-ի կառուցման ընթացքի վերաբերյալ ՀՀ կառավարության կայքում 2017 թ․-ի սեպտեմբերի 19-ի տեղադրված հաղորդագրությունը․ «Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը: Կողմերն անդրադարձել են ս.թ. մարտի 23-ին Երևանում ՀՀ կառավարության և «Ռենկո» ընկերության միջև կնքված շրջանակային համաձայնագրի դրույթների կատարման ընթացքին, որոնք վերաբերում են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցմանը: Ջովաննի Ռուբինին գոհունակությամբ ընդգծել է, որ բոլոր աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի»։
Հիմա հատուկ կառավարության քարոզիչների համար բացատրենք, թե ի՞նչ է գրված հաղորդագրության մեջ։ Առաջինը, որ 2017 թ․-ի սեպտեմբերին կողմերը քննարկել են մարտի 23-ին, այսինքն՝ հիմնարկեքի արարողությունից հետո կնքված շրջանակային համաձայնագիրը։ Սա նշանակում է, որ հիմնարկեքը դեռ չի նշանակում բուն շինարարական գործընթացի սկիզբ։ Երկրորդը՝ ուսուցանենք նաեւ, թե ի՞նչ է նշանակում շրջանակային համաձայնագիր։ Դրանում նշվում են կողմերի միջեւ համաձայնության նախնական դրույթները, որոնք հետագայում ճշգրտվում են հիմնական պայմանագիրը կնքելիս։ Եվ ահա, անդրադառնալով այդ շրջանակային համաձայնագրի կատարման ընթացքին, «Ռենկոյի» գլխավոր տնօրենը «գոհունակությամբ» ընդգծել էր, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի։ Համառոտ այսքանը շրջանակային համաձայնագրի, հիմնարկեքի եւ շինարարական աշխատանքների տարբերությունը չիմացող պետական պաշտոնյաների համար։
Նախարարության պարզաբանման մնացած մասում ըստ էության ոչ մի նոր բան չի ասվում՝ ներկայացվում է նոր ՋԷԿ-ի պայմանագրի վերաբանակցման, վերակնքման, ստացվող էլեկտրական էներգիայի նոր արժեքի, ներդրումային ծրագրի ժամկետի մասին։ Եվ ոչ մի խոսք մեր հրապարակման մեջ նշված հարցադրումներին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ավելի քան մեկ տարով կասեցրեց այս ներդրումային ծրագրի իրագործման ընթացքը իշխանության գալուց հետո, ինչո՞ւ 285 մլն դոլարանոց ներդրումային ծրագիրը դարձավ 256 մլն դոլարանոց եւ թե այդքանից հետո ինչպե՞ս եւ ինչո՞ւ «Ռենկո» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիմոնե Ջիովանինի հավաստմամբ 2016 թ․-ից սկսված նոր ՋԷԿ-ի կառուցման ծրագիրը 2018 թ․-ի մայիսին իշխանությունը գրաված Նիկոլ Փաշինյանը յուրացրեց եւ վերագրեց իրեն։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը