Արտաքին քաղաքականություն ունենալու համար նախ անհրաժեշտ է ներքին քաղաքականություն ունենալ, որ իմանաս, թե արտաքին աշխարհի կյանքին ինչպես ու ինչու մասնակցես։ Աշխարհի կյանքին մասնակից դառնալն իմաստ ունի, միայն եթե կարողանալու ես լուծել քո երկրի ներքին խնդիրները։ Կենցաղային լեզվով ասած՝ տան տղամարդը հենց այնպես մարդամեջ չպետք է դուրս գա. նախ պետք է իմանա, թե ի՞նչ է անելու տանից դուրս ու ինչպե՞ս, ո՞ւմ հետ ի՞նչ է խոսելու։ Այլապես խայտառակ կանի իրեն էլ, իր ընտանիքն էլ, իր ազգուտակն էլ. հիմարի կամ դատարկամտի, անբանի կամ պորտաբույծի համբավ ձեռք կբերի։ Ո՛չ իր, ո՛չ ընտանիքի հարցերը կլուծի. կտուրը միշտ ծակ կլինի, պատերը կքանդվեն, երեխեքն էլ ոչ կոշիկ կունենան, ոչ կուշտ փորով հաց կուտեն, ոչ էլ դպրոց գնալու հնար ու երես կունենան։
Մեր տան տղամարդը, ցավոք, երբ հիմա տանից դուրս է գալիս, նրա բարևը ոչ ոք չի առնում, նրան ոչ մեկը չի նկատում ու մի հարցուփորձ չի անում։ Արդեն հասցրել է բոլորին ցույց տալ իր չտեսությունը (իր լեզվով` գյոռմամիշությունը), իր խոսքի դատարկությունը։ Նույն ինքնագովազգով հոգնեցրել է բոլորին, կորցրել է բոլորի վստահությունը ու խայտառակվել է ամբողջովին` մինչև հայրապետի խազը։
Հիմա էլ վեր է կացել` թե գնում եմ Վիետնամ ու Սիգապուր։ Մտածում է` իրեն այնտեղ չեն ճանաչում ու «թավշյա ոչ բռնի»-ի մասին պատմությունով կզվարճացնի։ Աշխարհի այդ ծայրում էլ ենք խայտառակվելու...
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը