21 06 2019

Իսկ ո՞ւր են խոստացված 350 կոռուպցիոն սենսացիոն բացահայտումները

Իսկ ո՞ւր են խոստացված 350 կոռուպցիոն սենսացիոն բացահայտումները

Ինչպես երևում է, իշխանությունը խճճվել է իր իսկ հորինած «կոռուպցիոն բացահայտումների» մեջ։ Մեկ տարի առաջ հարայ-հրոցով, «տուշոնկա», «Երևան սիթի», «Նորֆոլկ» և նմանատիպ շուոներով սկսված «կոռուպցիան արմատախիլ անելու» և «թալանված միլիարդները ժողովրդին վերադարձնելու» Նիկոլ Փաշինյանի բեմադրությունները, մեղմ ասած, արդեն խամրել են։ Անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում հասարակությունը համոզվեց, որ «թալանված միլիարդների» (դոլարային միլիարդներ) մասին հայտարարությունները, ԱԱԾ տնօրենի խոստացած 350 սենսացիոն բացահայտումները ոչ այլ ինչ են, քան սովորական փուչիկ, որը արդեն իսկ պայթել է, թեև այն փչողները ոչ մի կերպ դա չեն ցանկանում խոստովանել։

Մարդիկ այդպես էլ չտեսան, թե որտեղ են թալանած միլիարդները և, առավել ևս, չզգացին իրենց կյանքում, որ եթե նախկինում թալանվում էր, իսկ հիմա չի թալանվում, ապա ինչո՞ւ դա իրենց՝ ժողովրդին չի հասնում։ Իշխանության ներկայացուցիչներն էլ արդեն դժկամությամբ են պատասխանում «առաջիկայում ի՞նչ կոռուպցիոն բացահայտումներ սպասենք» կամ «որքա՞ն գումար է մուտք գործել պետական բյուջե կոռուպցիոն բացահայտումների շնորհիվ» հարցերին։ Հարցեր, որոնց նրանք մեկ տարի առաջ շունչները պահած սպասում էին, որպեսզի խոսեն «վարչապետի հանձնարարությամբ» ձեռնարկված քայլերի և հետ բերված գումարների մասին, իսկ հիմա հրաժարվում են իրենց իսկ ասածներից։ Մասնավորապես, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, մի քանի օր առաջ պատասխանելով հարցին, թե «արդյո՞ք սպասվում են կոռուպցիոն նոր  բացահայտումներ», ըստ էության, սենսացիոն հայտարարություն է արել՝ ասելով, «քաղաքական ղեկավարության կողմից, ի դեմս վարչապետի Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ-ի առջև նման խնդիր առհասարակ չի դրվել, չի դրվում, կարծում է, չի էլ դրվի»։ Ապշել կարելի է, թե ի՞նչ թեթևությամբ է երկրի «քաղաքական ղեկավարությունը» հետ կանգնում իր խոսքից, հուսալով, որ ժողովուրդը կմոռանա «կոպեկ կոպեկ վերադարձնելու», «բոմժ դարձնելու», «թալանած գույքը բռնագանձելու» և նմանատիպ բազմաթիվ դատարկ հայտարարությունները, որոնք Նիկոլ Փաշինյանի լայվերի և այլ ելույթների հիմքն են կազմել և որոնց ուղղությամբ նա անընդհատ, հրապարակայնորեն հանձնարարություններ են տվել «իրավապահ մարմիններին», այդ թվում Արթուր Վանեցյանի գլխավորած ծառայությանը։

«Սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից» հետո բյուջե վերադարձված «թալանված գումարի» մասին հարցին էլ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է օրերս ոչ պակաս ցնցող պատասխան տվել, ասելով, դժվարանում է պատասխանել և չունի կոնկրետ տվյալներ։ Բնական է, որ եթե դեռևս գոյություն չունեցող և խոստացվող գումարների մասին էին իշխանության ներկայացուցիչները օրուգիշեր թմբկահարում, ապա պատկերացնել կարելի է, թե ի՞նչ մեգաշոուներ կբեմադվեին,եթե դրանք իրականություն լինեին։

Այդուհանդերձ, անցյալ տարվերջին, լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան ԱԱԾ-ի կողմից եղավ հաղորդագրության, որտեղ «կոռուպիցոն բացահայտումների շնորհիվ» պետական բյուջեի ստացած գումարների մասին էր խոսվում և նշվում 12,8 մլրդ դրամ գումարը։ Դատելով նրանից, որ հիմա ընդհանրապես դժվարանում են որևէ կոնկրետ գումարի մասին խոսել, կարելի է ենթադրել, որ վերոնշյալ 12,8 մլրդ դրամն էլ խիստ կասկածելի թիվ է եղել, որն ի դեպ, անցյալ տարվա պետական բյուջեի եկամուտների 1 տոկոսից էլ պակաս գումար է կազմում։ Եթե սա է այն «միլիարդները», որոնց մասին հանրահավաքներում կոկորդ էր պատռում Նիկոլ Փաշինյանը, ապա մնում է միայն կարեկցել նրան հավատացողներին։ Սակայն, ի վերջո, ինչպես պարզել կա՞ն և հետ բերվե՞լ են առեղծվածային «միլիարդավոր դոլարները»։

Պետական բյուջեի եկամուտների մեջ գոյություն ունի «այլ եկամուտներ» տողը, որտեղ ենթադրվում է պետք է արտացոլվեն այն գումարները, որոնք այսպես կոչված հետ են բերվել «թալանվածից»։ Համեմատելով վերջին տարիների այս տողով մուտքերի ցուցանիշները, որևէ սրընթաց փոփոխոթյուն 2018 թ․-ին չգտանք։ 2018 թ․-ին այս տողով նշված եկամուտները կազմել են 72 մլրդ դրամ, նախորդ տարվա 2017 թ․-ի 65 մլրդ դրամի փոխարեն։ 2016 թ․-ին այս տողով եկամուտներրը կազմել են 60 մլրդ դրամ, 2015 թ․-ին՝ 70 մլրդ դրամ, 2014 թ․-ին՝ 63,4 մլրդ դրամ։ Այսինքն, վերջին 5 տարվա դինամիկան այստեղ անցյալ տարի էապես չի փոխվել, պայթեցնելով գոյություն չունեցող միլիարդների մնասին փուչիկը, որը փչելով իշխանության են եկել այս մարդիկ։

Այդպես էլ չգտնելով իր իսկ խոստացած միլիարդները, Նիկոլ Փաշինյանը անցել է ստի և կեղծիքի հեղափոխության երկրորդ փուլին՝ հայտարարում է, որ միայն անցումային արդարադատությունից հետո հնարավոր կլինի «հետ բերել թալանվածը»։ Նրան ակհայտորեն ոգեշնչում է մարդկանց խաբելու իր իսկ սովորությունը, մոռանալով հայտնի ասացվածը, որ անհնար է ամեն անգամ խաբել ողջ ժողովրդին։ Չխոսելով արդեն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կրկնվող «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» պատճառով, 2017 թ․-ից սկսած և 2018 թ․-ի առաջին ամիսներին շարունակվող բարձր տնտեսական աճը, որ հասել էր 10 տոկոսի, տարվա վերջում իջավ մինչև 5,2 տոկոսի և պետական բյուջեն չստացավ մոտ 50-55 մլրդ դրամի հավելյալ եկամուտներ։ Սա ի գիտություն բյուջե իբր վերադարձված գումարների մասին «տվյալներ չունեցող» պաշտոնյաների և «հուսով դեռ սպասում եմ» ասող «հպարտ քաղաքացիների»։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ