09 05 2019

Արդարադատության ճգնաժամ

Արդարադատության ճգնաժամ

Թավշյա ռեժիմի արդարադատությունը հասել է համակարգային կործանման ապոգեին։ Դատավորները հրաժարվում են մասնակցել Փաշինյանի հրահանգով գլխավոր դատախազության սարքած «քրեական» գործերի քաղաքական դատաքննությանը։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, հիմնականում` Արցախի ազատամարտին որոշիչ մասնակցություն ունեցած, նաև ծանրակշիռ քաղաքական ազդեցություն ձեռքբերած գործիչների նկատմամբ քաղաքական հաշվեհարդի բոլոր դրվագներում եղել են արժանապատվություն, մասնագիտական պատիվ ու մարդկային ինքնասիրություն ունեցող դատավորներ, ովքեր կայացրել են օրենքից բխող որոշումներ կամ գտել են անօրեն գործարքներին չմասնակցելու իրավական պատճառներ։

Հիմա ԲԴԽ-ն հաշվեհարդար է տեսնում բոլոր այն դատավորների նկատմամբ, ովքեր հիմնավոր պատճառով բացարկ են ներկայացրել կամ հրաժարվել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին անօրեն կալանելու, նրանց կալանքի ժամկետը երկարաձգելու հրահանգված դատավարությունից։ Չի բացառվում, որ գիտակցված այս քայլին է գնացել դատավոր Վարդան Գրիգորյանը, ով ապրիլի 29-ին նշանակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործի` քառյակի գործի դատավոր։

Դատավոր Գրիգորյանը մի քանի հիմնավոր պատճառաներով ինքնաբացարկ է հայտնել։ Ակներևաբար. նա նախընտրել է «հանձնվել» ԲԴԽ «դատին», բայց իր պատիվը չպախարակել Փաշինյանի քաղաքական պատվերի կատարածուն դառնալով։ Մինչդեռ սա Փաշինյանի քաղաքական, իրավական, բարոյական ու պաշտոնական գահավիժման միայն մեկնարկն է։ Նրան դեպի դատարան անշեղ ճանապարհ ու անխուսափելի դատապարտում է խոստանում ՄԻԵԴ ապրիլի 25-ին կայացրած որոշումը, որում ուղղակիորեն ու ամբեկանելի արձանագրված է, որ 2008 թվականի մարտին որևէ կերպ չի խախտվել սահմանադրական կարգը տապալելու փորձ ձեռնարկած առաջին նախագահ ԼՏՊ-ի ազատության իրավունքը, որևէ կերպ չի սահմանափակվել նրա ազատ տեղաշարժվելու իրավունքը։ ՄԻԵԴ-ը նաև մերժել է ԼՏՊ-ի փաստարկները` ակնհայտորեն անհիմն լինելու հիմնավորմամբ։

Այսինքն. ՄԻԵԴ-ը հիմնավոր հերքել է ԼՏՊ-ի ու նրա կողմնակիցների 11 տարի շարունակ պնդած սուտը, բացահայտել ու արձանագրել է քաղաքական կաստայի կեղծ ու մանիպուլյատիվ էությունը։ Իսկ սա նշանակում է, որ ԼՏՊ-ն նենգ դիտավորությամբ հարկ չի համարել գալ ու ղեկավարել իր կոչով բողոքի ակցիա անող ցուցարարներին, այլ իր տանն ապահով պատսպարված` կողմնակիցներին սադիչ գործողություններ կազմակերպելու հրահանգներ է հղել։ Չարենցյան «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» տողի շահարկումով իրեն հավատացածներին խաբելով ` ԼՏՊ-ն «տնային կալանք» է բեմադրել և առաջնորդվելով «թեկուզ բոլորը զոհվեն հանուն իմ ցանկության» տմարդի գաղափարով, դիտավորությամբ ցուցարարներին մղել է իրավապահների հետ բախումների, քաղաքական անհնազանդության ու սադրիչների նախապատրաստած ակնհայտ զոհողության։

ԼՏՊ-ի սադրիչների ավանգարդում հենց Նիկոլ Փաշինյանն էր, ում անմիջական հրահրման ու ռազմաշունչ կոչերի հետևանքով (բազմաթիվ տեսագրություններ, նաև ականատեսների վկայություններ ու ցուցմունքներ կան) տեղի ունեցան բախումները և տասը մարդ զոհվեց։ Բացահայտ էր, որ և՛ հրազենով, և՛ մետաղաձողերով ու դագանակներով, տարբեր այլ սարքերով զինված սադրիչներին ԼՏՊ-ի անունից հրապարակավ ղեկավարում և ուղղորդում էր հենց Փաշինյանը։ Այս նախապատրաստված ու զինված սադրիչների առաջնորդությամբ էին կատարվում իրավապահների քարկոծումներն ու հրկիզումները, հետո նաև իրավապահների հետ բախումները։

Բացառվում է, թե ԼՏՊ-ն կամ Փաշինյանը չէին գիտակցում, որ բախումները հղի են ամենաանցանկալի հետևանքներով։ Եթե ԼՏՊ-ն, նաև Փաշինյանը, զոհերից խուսափելու գեթ ձևական նպատակ ունենային, ապա առաջինը չէր թաքնվի իր տան պարիսպների հետևում, այլ կգար իրեն սատարած ցուցարարների գրոհները կանխելու, իսկ երկրորդը ցուցարարներին նպատակամղված չէր հավաքի քաղաքապետարանի մերձակայքում, չէր ցուցադրի իր մարտավարական անգրագիտությունն ու ցուցարարներին դեպի կառավարական «դաչաներ» ուղղորդելու նպատակով նրանց թալանի ու ավարառության ազատություն չէր տա, չէր խրախուսի հրդեհումներն ու ագրեսիվությունը։

Մինչդեռ հենց Փաշինյանն էր, որ ոստիկանների նկատմամբ հաշվեհարդարները քաջալերեց «հոգիս փառավորվեց» արձագանքով, իրավախախտների ցասումն էլ ավելի գրգռեց «հաղթանակ», «հիմա» բթացնող վանկարկումներով, «ռազմավար», «փողոցների գրավում», «պոդկրեպլենի», «դիրքերից հետ մի գնացեք» ու նման արտահայտություններով։ Հենց Փաշինյանն էր, որ կառավարելի ու մարդակործան քաոս էր ստեղծել, իսկ երբ գիտեր, որ արդեն վիրավորներ ու զոհեր կան` խաբում էր բոլորին ու գոռում, թե` «հերիք ա պանիկա անեք, ոչ մի բան չկա, նորմալ ա, ապահով ա ամեն ինչ, ստահոդ լուրեն են տարածում, որ խուճապի մատնվենք»։

ԼՏՊ-ի նախագծած սցենարով հենց Փաշինյանն էր 2008-ի մարտի առաջին օրերին ղեկավարում պետական հեղաշրջմումը` սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու ծրագիրը, որը կանխվեց սահմանադրական կարգի երաշխավոր նախագահ Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական ու օրինական գործողությունների շնորհիվ։ Իսկ որ ԼՏՊ-ի ու Փաշինյանի նպատակը հենց սահմանադրական կարգի բռնի, զինված տապալումն էր, կարելի է համոզվել բազմաթիվ, նաև այս տեսագրությունը դիտելով։ Եվս մեկ ապացույց օրերս հրապարակեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ փաստելով, որ մարտի 1-2 գիշերվա բախումների ժամանակ 10 զոհերի հատ եղել են նաև հարյուրավոր վիրավորներ, որոնցից 187-ը ոստիկաններ և իայն 32-ը ցուցարարներ, ինչը պարզ հաստատում է, թե ովքեր են գրոհել ու ովքեր են պաշտպանվել։

Հիմա, երբ արդեն ՄԻԵԴ որոշմամբ միանշանակ բացահայտ է, որ 11 տարի առաջ ԼՏՊ-ն սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու փորձ է կատարել և նրա մորթապաշտ անպատասխանատվության զոհն են դարձել տասը մարդ, ժամանակն է օրինական պատասխանատվության կանչել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Մինչդեռ նույնքան բացահայտ է, որ համակարգային կործանման ապոգեին հասած թավշյա ռեժիմի արդարադատությունը չի առաջնորդվելու օրենքով ու սահմանադրաությամբ, այլ կատարելու է Փաշինյանի կամքը։ Իսկ թավշյա ռեժիմի ամբողջապետը չի դատի իր քաղաքական հոգևոր հորը, բայց ո՛չ թե նրա ուղղակի ժառանգորդը լինելու, այլ նրա գլխավոր հանցակիցն ու գործիքը լինելու և սեփական մորթը փրկելու պատճառով։

Իսկ այն, որ Փաշինյանն օրերս ասել է, թե «եթե պարզվի` Քոչարյանի գործը ոչ իրավական է, գործընթացի նախաձեռնողները պատժվելու են», վկայում է նրա անորոշ քաղաքական վիճակի ու հեղհեղուկ հոգեվիճակի մասին։ Սա նշանակում է, որ աշխարհաքաղքական բոլոր բևեռները` ԱՄՆ-ն, Եվրոպան, ՌԴ-ն, Արաբական աշխարհը, Չինաստանն ու Հնդկաստանը, նույնիսկ աֆրիկյան երկրները, ովքեր Հայաստանում տնտեսական ծրագրեր իրագործելու մտադրություններ կարող են ունենալ, Փաշինյանից նախևառաջ պահանջում են` կարգի բերել երկրի դատական համակարգը, հրաժարվել դատարանների ու դատախազության աշխատանքին կամային միջամտություններից ու քաղաքական հաշվեհարդարի պատվերներից։

Իսկ դատական համակարգի առողջացման ցուցիչը նախևառաջ դիտարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրագործվող անձնական ու քաղաքականացված վրեժառությունը։ Բոլորին է ակնհայտ, որ սահմանադրական կարգը տապալել փորձած, ապա տապալած գործիչը սահմանդրական կարգի երաշխավորին առաջադրել է սահմանադրական կարգը տապալելու անհիմն, անբովանդակ, օրինազանց ու անտրամաբանական մեղադրանք։ Եվ հիմա ռեժիմի ամբողջատերը հնարավորություններ է փնտրում` սեփական օրինազանցությունների մեղքը ևս բարդել իր կամքը հլու կատարած դատախազների, դատավորների, քննիչների վրա։ ԼՏՊ-ից ժառանգած քաղաքաքկան գեներն ու նենգամիտ գործելաձևերն արդեն ակթաքույց է դրսևորվում։

Ժամանակն ամեն ինչ շուտով իր տեղը կդնի։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ