Հայաստանի տնտեսական վիճակի մասին պաշտոնական տեղեկատվություն հաղորդող նախարարություններն ու պետական հաստատությունները վերջին ամիսներին դարձել են ավելի անթափանց, իսկ նախկինում հստակ ժամկետներում հրապարակվող տեղեկատվությունը այժմ հրապարակվում է ուշացումով։ Դա վերաբերվում է և՛ ֆինանսների նախարարությանը, և՛ պետական եկամուտների կոմիտեին, և՛ վիճակագրական կոմիտեին, և՛ անգամ՝ Կենտրոնական բանկին։ Մարդկայնորեն նրանց կարելի է հասկանալ։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ հրապարակվեն միայն լավատեսական և երկրի «թռիչքային զարգացման» մասին տեղեկություններ։ Սակայն քանի որ իրականությունը հակառակն է, վերոնշյալ կառույցների համար բավականին բարդանում է Նիկոլ Փաշինյանի ցանկությունը կատարելը։
Ապրիլ ամսվա առաջին օրերին ՊԵԿ նախագահի մամուլի ասուլիսում հայտարարվեցին հարկային եկամոււտների ցուցանիշի մասին տվյալներ, իսկ դրանք կոմիտեի կայքում հրապարակվեցին միայն ապրիլ ամսվա վերջին օրերին։ Ի դեպ, ֆինանսների նախարարությունն անգամ անցյալ տարվա բյուջեի տարեկան և այս տարվա մարտ ամսվա հաշվետվությունները դեռ չի հրապարակել։
Մի խոսքով, ՊԵԿ նախագահ Դավթի Անանյանը հայտարարեց, որ այս տարվա առաջին եռամսյակում բյուջեի փաստացի հարկային եկամուտները գերակատարել են 4 տոկոսով կամ 11,4 մլրդ դրամով և հավաքել 296,5 մլրդ դրամ։ Այդ ու հրապարակված ցուցանիշները չեն համապատասխանում։
ՊԵԿ նախագահի ասածի և չասածի մասին՝ առավել հանգամանորեն։
Նախ՝ ՊԵԿ նախագահը, բնականաբար, չասաց, որ այս տարվա համար պլանավորված հարկային մուտքերը բավականին համեստ են։ Կարելի է, իհարկե, համեստ խնդիր դնել և հետո հերոսաբար հայտարարել, որ այդ խնդիրը կատարված և գերակատարված է։ Սա այս դեպքն է։
Երկրորդ՝ հայտարարված տվյալը, ինչպես արդեն նշեցինք, չի համապատասխանում ամսվա վերջին հրապարակված ցուցանիշների հետ։ Ընդամենը վճարված հարկային եկամուտները, ըստ ՊԵԿ կայքի հրապարակման, 292 մլրդ դրամ են կազմել, իսկ պետբյուջե հաշվեգրված հարկային եկամուտները՝ 299 մլրդ դրամ։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը Դավիթ Անանյանի հրապարակած 296,5 մլրդ դրամը չեն։
Երրորդ՝ նախորդ տարվա առաջին երեք ամիսներին փաստացի հավաքված հարկային եկամուտները կազմել էին 293 մլրդ դրամ, որից 54 մլրդ դրամը վերադարձվել էր արտահանողներին։ Հիշեցնենք, որ արտահանումը Հայաստանում ազատված է ավելացված արժեքի հարկից և արտահանող ընկերությունները իրենց ապրանքն արտահանելիս նախ վճարում են այդ հարկը, ապա՝ պետությունը հետ է վերադարձնում այն նրանց։ Եթե 293 մլրդ դրամը համեմատենք այս տարվա առաջին եռամսյակում հավաքված վերևում հիշատակված երկու ցուցանիշների՝ 292 մլրդ դրամի կամ 299 մլրդ դրամի հետ, ապա կստացվի, որ առաջին դեպքում՝ հարկային եկամուտները ոչ միայն չեն գերակատարվել, այլև թերակատարվել են, իսկ երկրորդ դեպքում՝ ավելի են հավաքվել ընդամենը 6 մլրդ դրամով։ Այսինքն, այս տարվա առաջին եռամյսակում անցյալ տարվա առաջին եռամսյակին հավաքվածի մոտ հարկային եկամուտներ են հավաքվել ընդամենը, որը ոչ միայն հպարտանալու բան չէ, այլև քննադատության ենթակա ցուցանիշ է։
Չորրորդ, լավ կլիներ, որ ՊԵԿ նախագահը հայտներ, թե որքա՞ն են եղել 2018 թ․-ի առաջին եռամսյակի հարկային եկամուտները՝ ներառյալ հետ վերադարձված 54 մլրդ դրամը և որքա՞ն էին դրանք ավելացել 2017 թ-ի առաջին եռամսյակի համեմատ։ 2017 թ․-ի առաջին եռամսյակում հավաքվել էր 255 մլրդ դրամ, որից 38 մլրդ դրամ ավելի էր հավաքվել 2018 թ․-ի առաջին եռամսյակին։ Այ սա է գերակատարումը, որ հաջողվել էր Կարեն Կարապետյանի կառավարությանը։
Հինգերորդ՝ հետաքրքրական կլիներ հարկային եկամուտների աճը համադրել տնտեսական ակտիվության աճի հետ։ Այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության աճը, համենայնդեպս, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 6,5 տոկոս է կազմել։ Ընդ որում, հարկումից ազատված գյուղատնտեսությունում նվազում է եղել, ինչպես և՝ ԱԱՀ-ից ազատված արտահանման մեջ։ Հետևաբար, հարկային եկամուտների աճն առնվազն պետք է կազմեր տնտեսական ակտիվության աճին մոտ՝ 6-6,5 տոկոս։ Մինչդեռ, անգամ եթե հիմք ընդունենք 299 մլրդ դրամ եռամսյակային հարկերի ցուցանիշը, ապա այն այն նախորդ տարվա 292 մլրդ դրամի համեմատ ավելացել է մոտ 2 տոկոսով։ Դա նշանակում է, որ կամ հարկերի հավաքումը հետ է մնում տնտեսական ակտիվությունից, կամ տնտեսական ակտիվության իրական աճը 2 տոկոսը չի գերազանցում։
Այնպես որ, վիճակագրական տվյալներ հրապարակելիս հարկ է նկատի ունենալ, որ հնարավոր է խճճվել կեղծ թվերի մեջ, ինչպես սարդոստայնում։ Տվյալ և նշված մյուս կառույցների ղեկավարները գուցե փորձեն դա բացատրել Նիկոլ Փաշինյանին ․․․
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը