Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քրական գործից անջատված մասն արդեն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Թեև դատախազությունը մեղադրական եզրակացություն է կազմել, սակայն առայսօր ո՛չ շինծու քրգործի պատվիրատու վարչապետ Փաշինյանը, ոչ էլ նրա օրինազանց հրամանը կատարող դատական համակարգի պաշտոնյաները չեն կարողանում պարզաբանել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին և ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի իրավաբանական բովանդակությունը։
Այս իրողությունն արդեն կանխատեսելի է դարձնում, որ դատաքննության առաջին իսկ նիստերի ընթացքում հնարածին փատերի և շանտաժով ու գործարքով կորզված ցուցմունքների վրա հիմնված ջուր քրեական գործն անխուսափելիորեն խարխլվելու ու փլուզվելու է։ Արդեն իսկ մարդու իրավունքների պաշտպանն իր զեկույցում արձանագրել է, որ հանրային վստահության ծանրակշիռ բաղադրիչ ունեցող այս քրեական գործի նախաքննության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ոչ միայն խիստ որոշակիորեն խախտվել է անմեղության կանխավարկածը, այլ նաև քրգործում տեղ են գտել միանգամայն կանխակալ գնահատականներ։
Այսինքն, բացի այն, որ խախտվել է սահմանադրականորեն ամրագրված ՀՀ երկրորդ նախագահի անձեռնմխելիության իրավունքը, նաև նրան առաջադրված մեղադրանքը կառուցված է ոչ թե թերի կամ կաղացող տրամաբանությամբ, այլ որևէ տրամաբանության իսպառ բացակայությամբ։ Պարզապես, իր հոգևոր հայր ԼՏՊ-ի առաջնորդությամբ ծավալած ակտիվ գործողությունների միջոցով 11 տարի առաջ սահմանդրական կարգը տապալելու անհաջող փորձ ձեռնարկած և 1 տարի առաջ համանման փորձի հետևանքով սահմանադրական կարգը տապալած ու իշխանությունը յուրացրած Փաշինյանը քաղաքական հաշվեհարդար է ձեռնարկել իր նկրտումները վնասազերծած քաղաքական հակառակորդի նկատմամբ։
Զավեշտ է, որ սահմանադրական կարգի պահապանին, իր պաշտոնական անմիջական պարտականություններն անշեղ և ուղղակիորեն կատարելու` սահմանադրական կարգի տապալման փորձը կանխելու համար, առաջադրվել է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք։ Ակնհայտորեն ոչ միայն այս փաստն է, որ այսօր բոլոր դատավորների ստիպում է բոլոր հնարավոր ու անհնարին միջոցնելով խուսափել Ռոբերտ Քոչարյանի դեմ շինծու և ջուր քրգործի դատական քննությունն ստանձնելու հեռանկարից։
ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը որոշելու դատական նիստերի դեպքերում էլ, հիմա էլ գրեթե բոլոր դատավորները նույնիսկ աղոթում են, որ զերծ մնան Փաշինյանի հնարած չարիքից, թեև նրանց նկատմամբ վրեժխնդիր վարչապետը կարգապահական վարույթ է պատվիրել։ Իհարկե կա նաև Փաշինյանի քաղաքական հաշվեհարդարի դատական կատարածուն չդառնալու շատ ավելի ծանրակշիռ հանգամանք։ ՄԻԵԴ-ն իր վճիռով արդեն հաստատել է, որ մարտի 1-ի 10 զոհերի և՛ բարոյական, և՛ քաղաքական, և՛ իրավական մեղավորը Փաշինյանի հոգևոր հայր ԼՏՊ-ն է, ուրեմն` նաև նրա հոգեզավակը։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը