Առաջակա շաբաթ օրը անցյալ տարվա ապրիլի 23-ի երկուշաբթին կհիշվի ու կնշվի` որպես սահմանադրական կարգը տապալած միակ քաղաքացու օր։ Առավել ևս, որ իր անվանական օրը ճոխ նշելու համար այդ միակ քաղաքացին գրեթե դատարկված պետական գանձարանից արդեն դուրս է գրել ևս 124 միլիոն դրամ կամ 260 հազար դոլար կամ առնվազն 5 ճոխ բնակարան անտուն, հպարտանալու ոչ մի առիթ չունեցող քաղաքացու ընտանիքի համար։
Հերթական հակասահմանադրական հարվածները հասցվեցին նախորդ հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, երբ իր իշխանությունը հաստատելու համար, 2008-ի մարտի 1-ի իր վարքին հար և նման, Փաշինյանն իր սադրիչ կոչերով ռեպրեսիվ քայլերի մղեց ցուցարարներին։ ԱԺ պատգամավորների նկատմամբ հարկադրանք ու շանտաժ կիրառվեց, իսկ խորհրդարանի օրենսդիր գործունեությունը խափանվեց։ Իսկ օրերս` ապրիլի 19-ին, Սահմանադրական դատարանը խորհրդակցական նիստում հրապարակեց իր որոշումը, որով ԱԺ հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ԱԺ կանոնակարգ-օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց։
Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի կամային, ռեպրեսիվ գործողությունների ու շանտաժի միջոցով անցյալ հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում հանիրավի խոչընդոտվել է օրենքի ու սահմանադրության կիրառությունը։ Եթե այս անօրեն, հակասահմանադրական միջամտությունը չլիներ և օրենսդիր մարմնի աշխատանքը չխոչընդոտվեր, ապա իրադարձությունները բոլորովին այլ` բնականոն, օրինական ու սահմանադրական ընթացք կունենային և ո՛չ Փաշինյանի երկու անգամ շինծու չընտրվելու ֆարսը կլիներ, ո՛չ վեցերորդ գումարման Ազգային ժողովը հակասահմանադրական եղանակով լուծարված կլիներ, ո՛չ թավշյա էկլեկտիկ հավաքածուով ԱԺ-ն արտահերթ նշանակված կլիներ, ո՛չ էլ Փաշինյանը վարչապետ դարձած կլիներ։
Թավշյա իշխանությունում խուճապ է, քաոս, անորոշություն, պառակտում։ Եվ սա բնականոն է, քանի որ մեկ տարի առաջ այն ծնվել է սահմանադրական կարգը տապալելու քայլերից և շարունակվել է օրենքն ու սահմանադրությունը ոտնահարելու, քաղաքական հաշվեհարդարների, ստի ու խաբեության ճանապարհով։ Կեղծիքն անխուսափելիորեն արագ է հասնում իր վախճանին։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը