23 04 2019

Ժողովուրդը դժգոհ է, բայց երևի Նիկոլը տեղյակ չէ

Ժողովուրդը դժգոհ է, բայց երևի Նիկոլը տեղյակ չէ

Լրանում է այսպես կոչված՝ «սիրո և հանդուրժողականության հեղափոխության» մեկ տարին։ Այս ժամկետը առավել քան բավարար է, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ եզրակացություններ անի, թե ի՞նչ է կատարվել այդ ընթացքում։ Հիմա էլ դեռ քիչ չեն ինքնախաբեությամբ տառապողները՝ «սպասենք դեռ, լավ կլինի» կամ «հույսն է ավելացել մեկ տարվա ընթացքում» տիպի արտահայտություններով։ Քիչ չեն նաև նման թմբիրից դուրս եկածները, որոնց մի մասին օգնեց սառը ցնցուղը, որ նրանց գլխին լցվեց իշխանությունների գործողությունների հետևանքով։ Սակայն արի ու տես՝ անգամ այս դեպքում ոչ բոլորը սկսեցին հասկացել, թե ո՞վ է իրենց վիճակի վատթարացման կամ իրավունքների ոտնահարման ուղղակի պատասխանատուն կամ էլ հասկացել են, բայց վախենում են քննադատել նրան։

Վերոնշյալ երևույթն առաջինն արձանագրվեց, երբ սուպերմարկետներին մսի մատակարարումը պարտադրվեց կատարել ավելացված արժեքի հարկի դաշտում։ Տեղական միս արտադրող գյուղացիները բողոքի ցույց կազմակերպեցին կառավարության շենքի մոտ, քանի որ վաճառող կազմակերպությունները սկսել էին իրենցից ավելի էժան գնով միս գնել։ Այդ ժամանակ բողոքող գյուղացիներից մեկի ոգեշունչ «Նիկոլին բան չասեք» հայտարարությանը մյուսները չհակադրվեցին։ Նույնը տեղի ունեցավ Ռանչպար գյուղում, երբ գյուղացին Նիկոլ Փաշինյանին բողոքում էր միսն իրենցից էժան գնողից, բայց ոչ նման վիճակ ստեղծողից՝ իր դիմաց կանգնած Նիկոլ Փաշինյանից։

Հաջորդը արծվաշենցիներն էին, որոնք կառավարությունից պահանջում էին, որ իրենց փոխհատուցում տրամադրեն տուն ձեռք բերելու համար։ Երբ հայտնվեց Նիկոլ Փաշինյանը, նրանք ծափերով դիմավորեցին նրան, իսկ վերջերս էլ, երբ նրանց տված խոստումները Նիկոլ Փաշինյանը չկատարեց, հայտարարեցին, որ «ոչ մի բան էլ չեն անի, կշարունակեն նույն ձևով ապրել», ապա նույն հարցով դիմեցին ․․․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն։

Հայ առաքելական եկեղեցուն դեմ հարձակումներին դիմագրավողները ևս քննադատության բառ իսկ չհնչեցրին Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Այն դեպքում, երբ նրա կողմից այդ արշավն իրականաղնոցները տարբեր պաշտոններ ստացան, իսկ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ խայտառակ ոտնձգությունները տարբեր ուժգնությամբ շարունակվեցին։

Փաստաբանական և հաշվապահական ընկերություններին ավելացված արժեքի դաշտ մտցնելու դեմ բողոքը ուղղված էր բացառապես ֆինանսների փոխնախարարի դեմ։ Այն ճիշտ է արդյունք տվեց, և կառավարությունը հրաժարվեց այդ մտադրությունից, բայց «վարչապետին երևի ճիշտ չեն տեղեկացրել» արտահայտությունը հաճախակի էր հնչում։

Նույնը կարելի է ասել շաքարավազ պարունակող խմիչքների վրա դրվող հարկի, փոխանակման կետերի և գրավատների պետտուրքի հարյուրապատիկ բարձրացման դեմ բողոքողների մասին։ Նրանք ևս հույս էին հայտնում, որ «վարչապետը երևի տեղյակ չէ» կամ «վարչապետի հետ հանդիպենք, ինքը որ մեզ լսի, հաստատ կհասկանա» և քննադատում էին ֆինանսների նախարարությանն ու Կենտրոնական բանկին, բայց ոչ երբեք՝ Նիկոլ Փաշինյանին։ Բնական է, որ վերջինս նրանց չընդունեց, բայց մի դեպքում հարկ դնելու նախագիծը կյանքի չկոչվեց, մյուս դեպքում՝ տուրքի բարձրացումը մնաց ուժի մեջ։

Օպերայի և բալետի ազգային թատրոնի ողջ անձնակազմը բողոքում էր իրենց տնօրեն Կոնստանտին Օրբելյանի աշխատանքից ազատելու դեմ և պահանջում մշակույթի նախարարի հրաժարականը։ Դարձյալ «վարչապետը մեզ կհասկանա և կհեռացնի մշակույթի նախարարին» ինքնախաբեությունը։ Նիկոլ Փաշինյանն ընդունեց մշակույթի գործիչներին, որի արդյունքում ո՛չ Կոնստանտին Օրբելյանի ազատումը չեղյալ համարվեց, ո՛չ մշակույթի նախարարը հրաժարական տվեց, բայց օպերային գործիչները տարօրինակ կերպով գոհ էին ու երջանիկ։

Ալավերդու կոմբինատի, Ամուլսարի հանքավայրի, «Սպայկայի», «Արարատցեմենտի» գործազուրկ դարձած և դառնալու ճանապարհին գտնվող մի քանի հազար աշխատակիցները ևս բողոքի ցույցեր են անում և մեղադրում կառավարությանը, ՔՊ-ին, պատգամավորներին, ում ասես, բայց ոչ իրական և անմիջական մեղավորին՝ Նիկոլ Փաշինյանին։ Ավելին, շատերը մատնաշնում են, որ իրենք էլ են «մասնակցել հեղափոխությանը» և ոմանք անգամ «դուխով» գլխարկներով են ցույցեր անում՝ փորձելով շողոքորթել իրենց գործազուրկ դարձրած մարդուն։ Բնականաբար՝ անարդյունք։

Անհեթեթության առումով բոլոր ռեկորդները խփեցին հատկապես «Սպայկայի» աշխատակիցները՝ խնդրելով Նիկոլ Փաշինյանից երաշխավոր լինել իրենց տնօրենի համար, որ նրան չձերբակալեն։ «Ձեր տնօրեինին ինքն ա բռնելու հրաման տվել, ի՞նչ եք անում»-ասողներին էլ նայում էին զարմացած կամ զայրացած հայացքներով։ Ընկերության փոխտնօրենն էլ ցույցերից հետո վարչապետից «ավել-պակասի համար ներողություն» էր խնդրում։

Եվս մի ուշագրավ հանգամանք՝ բոլոր թվարկված դեպքերում մարդկանց մի զգալի մասը շարունակում է մտածել, որ իրենց հարցում է միայն սխալ կատարվում, իսկ մնացած պարագաներում կառավարությունն ու հատկապես Նիկոլ Փաշինյանը ճիշտ է վարվում։ Օրինակ, օպերայի արտիստները մտածում են, որ իրենց տնօրենին ազատելը վատ է, բայց նույն տնօրենը հայտարարում է, որ սրճարաններ քանդելն ու մարդկանց գործազուրկ դարձնելը կամ բիզնես ոչնչացնելը՝ լավ։

Ի դեպ, հանուն արդարության նշենք, որ միայն քանդվող սրճարանների սեփականատերերն ու աշխատողները համարձակություն ունեցան քննադատել իրական մեղավորներին՝ վարչապետին ու քաղաքապետին։ Մնացած բոլոր դեպքերում մարդիկ չեն ցանկանում իրենց նեղություն տալ և մտածել, միատեղել բոլոր դժգոհությունները և հավաքել «փազլը», հասկանալ, որ այդ ամենի գլխավոր մեղավորը երկրի ղեկավարի պաշտոնում հայտնված մարդն է։ Ի վերջո, այդքան էլ դժվար չէ հասկանալ, որ առանց բռնապետական կառավարման հակումներ ունեցող Նիկոլ Փաշինյանի հրահանգի, ցանկության կամ ծայրահեղ դեպքում՝ համաձայնության, ոչ մի կարևոր որոշում չի ընդունվում։

 

Արա Մարտիրոսյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ