Հայաստանյան երկու նոր բարեգործական հիմնադրամների հիմնադիր և ղեկավար, Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ապրիլի մեկին Ամերիկայի Միացյալ Նահանգներ էր մեկնել: Նյու Յորքը նրա 17-օրյա շրջագայության վերջին կանգառն էր: Ապրիլի 18-ին նա ՀԲԸՄ-ում ելույց ունեցավ և մասնավորապես նշեց. «Թեև իմ հիմնադրամները բարեգործական են, իմ նպատակը ոչ միայն նյութական օգնություն ցուցաբերելն է, այլև կայուն ու տևական զարգացում ապահովելը: Հայերից շատերը սովոր են օգնություն ստանալ սփյուռքից, հույս ունեմ, որ «Իմ քայլը» հիմնադրամը Հայաստանում բարեսիրության նոր մշակույթ կձևավորի: Հասարակության ներսում չափազանց կարևոր է, որ մարդիկ հոգ տանեն միմյանց և իրենց կարիքավոր մերձավորի, այլ ոչ միայն սեփական անձի, սեփական բարօրության մասին: Մենք՝ ի դեմս «Իմ քայլը» հիմնադրամի, ուզում ենք նման արդյունքների հասնել»:
Ի դեպ, մոռացանք նշել, որ բացի խաղաղասիրական նպատակներից, Աննա Հակոբյանի այցի հիմնական առանցքում իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունն ու ծրագրերը ներկայացնելն էր՝ սփյուռքից օգնություն ստանալու ակնկալիքով: Ավելացնենք նաև, որ Աննա Հակոբյանի այցից առաջ արդեն նրան տեսնելու համար հատուկ տոմսեր էին վաճառվում՝ 150$ արժողությամբ:
Ստացվում է, որ բարեգործական հիմնադրամի ղեկավարը, որը գնացել է սփյուռքից միջոցներ ներգրավելու համար, սփյուռքի հետ հանդիպմանը ասում է, որ հայերից շատերը սովոր են օգնություն ստանալ սփյուռքից ու հավելում, որ պետք է փոխել այդ մշակույթը:
Հետաքրքիր տրամաբանություն է, ի՜նչ խոսք: Նախկինում փող ուզողներ էին, իսկ հիմա՞, հիմա պարզվում է՝ բարեգործության նոր մշակույթ ձևավորող: Հավանաբար, որպես վարչապետի կին գործարարների հետ հանդիպելն ու նրանցից աջակցություն ակնկալելը, կամ ծխախոտի ինդուստրիայից քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության ծրագրին հատկացումները ևս այդ նոր մշակույթի մի մասն են:
Փաստորեն, Հայաստանում ձևավորվում է փող ուզելու նոր մշակույթ։
Տաթև Միրզոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը