19 04 2019

Պետությունը պատանդի կարգավիճակում է հայտնվել

Պետությունը պատանդի կարգավիճակում է հայտնվել

Վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար հնչում են հայտարարություններ, տեսակետներ, որոնց քողարկված կամ բացահայտ թիրախը պետականության, ազգային ինքնագիտակցության հենասյուներն են: Վատն այն է, որ այդ հայտարարույթունների հեղինակները անցյալ տարվա հուզումներով ու «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկածներն են, այդ իշխանության կրողները: Նրանց այդ արտահայտույթունները երբեմն բուռն և կոշտ պատասխանների են արժանանում, մեկ-մեկ էլ՝ աննկատ են մնում կամ արագորեն լղոզվում-սվաղվում են ՔՊ-ական, ԻՔ-ական պրոպագանդիստների, ֆեյքերի ու քֆուրախոս այլևայլների արտանետումներով:

ԵԿՄ նախագահ դարձած պատգամավոր Սասուն Միքայելյանը ամիսներ առաջ հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանի գլխավորած «թավշյա հեղափոխությունն» ավելի կարևոր հաղթանակ էր, քան Արցախյան ազատամարտում գրանցած արդյունքը: Այն ժամանակ այդ հայտարարությանը կտրուկ արձագանք, ռեակցիա եղավ, վրդովված հակադարձումներ հետևեցին: Բայց վերջերս, երբ նույն Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահ էր ընտրվում կամ նշանակվում, էլի նույն բանը հայտարարեց, այս անգամ մի քիչ հղկված, իբր՝ հիմնավորելով: Ասածն այն է, թե Նիկոլ Փաշինյանի ու նաև իր գլխավորած իշխանափոխություն-հեղափոխությունը թույլ է տալիս ամրացնել Արցախի ազատամարտի արդյունքները, դրա համար է կարևոր: Ասում է, թե որ այդ հեղափոխությունը չլիներ, Արցախը կկորսվեր, որովհետև նախորդ իշխանությունները նման քաղաքականություն էին տանում:

Այս անգամ արդեն ոչ մեկը համարյա բան չի հարցնում կամ հակադարձում ասված անհեթեթությանը: Ու ստացվում է, որ արդեն սովորական է ընդունվում, որ Սերժ Սարգսյանի հրաժարական տալն ու Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ավելի կարևոր մի բան էր, քան Արցախյան ազատամարտը:

Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, «Ամերիկայի ձայն»-ին հարցազրույց է տալիս, որի ընթացքում ասում է, թե զինվորները զոհվում են հանուն ոչնչի: Աղմուկ է բարձրանում: Նիկոլ Փաշինյանն անձամբ է մեկնաբանություններ գրում, թե ինչպես չար ու ծախու քարոզիչները խեղաթյուրել են Աննա Հակոբյանի ասածի միտքը, ինքը՝ Աննա Հակոբյանն է մեկնաբանում, թե՝ կոնտեքստից կտրել են իր ասածները: Սակայն ով լսելու կարողություն ու դատողություն ունի, կարող է նայել, լսել այդ հարցազրույցն ու իր հետևությունն անել: Իսկ ովքեր ուզում են, որ իրենց հայտնի կենդանու տեղը դնեն, նրանց անգամ նման պարզաբանումներ մատուցել պետք չէ. իրենց պաշտամունքի առարկա՝ Նիկոլ Փաշինյանի նկարը կամ «դուխով» կեպկան ցույց տվեք, հերիք է:

Դա չի կարևորը, այլ կարևորը այն է, որ զուգահեռաբար հասարակությանը «միտք են տալիս», հանրային կարծիքի դաշտ են նետում գլորվելու և ուռճանալու հակված պայթուցիկ գնդեր. Արցախի ազատամարտը երկրորդական է իր կարևորությամբ, նույնիսկ երրորդական, զինվորները ոչինչ են պահպանում ու ոչ մի բանի համար են զոհաբերվում...

Իրենցից շատերի համար էլ անակնկալ իշխանության բազկաթոռներին ցատկելը օրացույցում ամրացնող տոն են սահմանում, անունը դնում՝ «Քաղաքացու օր»: Դե բոլոր ժամանակների հեղափոխականներին բնորոշ ախտանիշ է: Բայց կրթության նախարարը ասում է, թե այդ տոնն ամենակարևորն է, դրանից կարևոր երևի մեկ էլ միայն Անկախության տոնն է: Ոչ Շուշիի ազատագրում է եղել, այսինքն, ոչ Մայիսի 8-9 է եղել, ոչ Մայիսի 28, ոչ Հունվարի 28 կա, ոչ Սուրբ Ծնունդ: Դրանք սուտի, անկարևոր, չորրորդական բաներ են:

Կարևորը «Քաղաքացու օրն» է, այսինքն՝ որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության: Իսկ անկախության մասին էլ զուտ նրա համար են ասում, որ աղմուկը շատ չլինի:

Ինչո՞ւ են նոր Հայաստանի իշխանավորները, իշխանության «առաջին շրջանում պտտվող» դեմքերը ժամանակ առ ժամանակ անում արտահայտություններ, որոնց կոնտեքստը Արցախյան շարժման, ազատամարտի նշանակությունը, կարևորությունը նսեմացնելն է: Ինչպես է լինում, որ նույն այդ ազատամարտի ու արձանագրած հաղթական արդյունքին հասնելու մեջ դեր ունեցած անձանց այս նորիշխանավորներն առավել ցուցադրաբար են հետապնդում: Խոսքը միայն հրապարակային խայտառակ արված Մանվել Գրիգորյանի մասին չէ, ում նույն Տեր-Պետրոսյանը մի 10 տարի առաջ անգամ վանկարկում էր՝ Ման-վել, Ման-վել, ու այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը դրանից չէր նեղսրտում:

Կարելի է անվանապես հիշատակել այլ հետապնդվողների՝ Յուրի Խաչատուրով, Միքայել Հարությունյան: Կարելի է հիշեցնել Արցախի պաշտպանության բանակի ղեկավարության վրա Հայաստանից իրականացված քարոզչական հարձակումը՝ Նիկոլ Փաշինյանի մակարդակով: Այնպես որ, այդ հրամանատարները հեռացան՝ չցանկանալով այս ծանր վիճակում լրացուցիչ բորբոքումների առիթ տալ:

Նիկոլ Փաշինյանի բռնած քաղաքական ուղղության մեջ է լիովին տեղավորվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող փաստացի քաղաքական հետապնդումը: Դա միայն անձնական վենդետտա չէ, դա նպատակային հետապնդում է, որի հնարավոր նպատակներից մեկը կարող է լինել այն, որ որոշակի պահի «փակի տակ» լինեն այն քաղաքական դեմքերը, որոնք կարող են լրջորեն հակադարձել իշխանության այս կամ այն բախտորոշ քայլին, որոշմանը, կամ գոնե ընկալվում են որպես նման հակադարձման հնարավորություն ունեցող: Ինչ-որ տեղ, Ռոբերտ Քոչարյանը քաղաքական պատանդ է մի իշխանությունների ձեռքում, որոնց քայլերից շատերը ուղղված են պետության հենասյուներին: Եթե շատ ավելի լայն նայես, կարելի է ասել, որ պետությունն է պատանդի կարգավիճակում հայտնվել:

Գալուստ Գրիգորյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ