Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն քանի ամիս է, ինչ գտնվում է անազատության մեջ: Հայաստանի նոր իշխանությունների ձևական ու բացարձակապես անհեթեթ մեղադրանքն այն է, թե 2008 թվականի մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը: Մեղադրանքի անհեթեթությունն ու անտրամաբանական լինելը բազմիցս է նշվել և՛ երկրորդ նախագահի փաստաբանների, և՛ այս խայտառակ «գործին» անդրադարձող այլ փորձագետների, և՛ թե տրամաբանող բազմաթիվ քաղաքացիների կողմից:
Բոլորն էլ հասկանում են. 2008-ի մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը, որպես գործող նախագահ, կատարել է գործողություններ, որոնք ուղղակիորեն բխում են այդ ժամանակ նախագահին տրված սահմանադրական լիազորություններից: Գործող նախագահը ոչ թե տապալել է սահմանադրական կարգը, այլ ձեռնարկել է քայլեր՝ դրա տապալումը կանխելու, թույլ չտալու համար:
Ներկայացված մեղադրանքի հորինված և անտրամաբանական բնույթը առավել բացահայտ է դառնում այն փաստի ուժով, որ 2008 թվականին, այսինքն՝ մեղսագրվող արարքի դրությամբ նման բովանդակությամբ հոդված Քրեական օրենսգրքում չի եղել:
Իրավաբանները դա արդեն այնքան են ասել ու փաստարկել, որ անհարմար է լրացուցիչ անգամ կրկնել:
Ռոբերտ Քոչարյանն ինքը իր նկատմամբ նոր, այսպես կոչված՝ հեղափոխական իշխանությունների սկսած հետապնդումը որակեց որպես քաղաքական վենդետտա, իսկ ներկայացված մեղադրանքն ու կարված գործը՝ փուչ մի բան, իրավաբանական աղբ:
Բայց այդ բոլոր ակնհայտություններով հանդերձ, Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ անազատության մեջ, կալանքի տակ, փաստացի և ըստ էության լինելով ժամանակակից Հայաստանի թիվ 1 քաղաքական բանտարկյալը: Հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն ու նրա նախաձեռնած քաղաքական հետապնդումը Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի դեմ շարունակվում է, ընթացքում ստանալով նոր երանգներ:
Օրինակ այն, որ փորձ արվեց Ռոբերտ Քոչարյանի վրա կաշառքի հոդված էլ բարդել, գործարարուհի Սիլվա Համբարձումյանի միջոցով: Դա այնքան արտառոց ու զավեշտական էր, որ բոլորը ծաղրեցին: Դա տեսնելով, ՀՔԾ-ն կարծես հրաժարվեց «կաշառք Սիլվայի» ծառայություններից։ Դե, առանձնապես Սիլվան էլ իրեն չի ճղում հավաստի երևալու համար, իրար հակասող հայտարարություներ է անում: Անցան պահեստային տարբերակի՝ հարություն տալով ինչ-որ մութ կերպարների, ինչպես օրինակ՝ Շիրխանյանին, իր գրած նամակով: Դա ավելի խայտառակ արձագանքի արժանացավ, քան կաշառքի մեղադրանք կարելու ձախորդ փորձը:
Նման փորձերն ու հենց միայն Ռոբերտ Քոչարյանի անձի վրա կենտրոնանալը գալիս են ավելի ամրապնդելու այն գնահատականները, որ տեղի ունեցող միայն ու միայն քաղաքական հաշվեհարդար է՝ Հայաստանի, այդ թվում՝ Արցախի կյանքում նշանակալի դրական դերակատարում ունեցած, ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ՝ տնտեսության բնագավառում, արտաքին քաղաքական ոլորտում լրջագույն արդյունքներ գրանցած պետական գործչի նկատմամբ: Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի ղեկավարն էր պատերազմի ժամանակ: Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ առաջին նախագահն է եղել պատերազմից հետո, նշանակալի դերակատարում ունենալով հետպատերազմյան վերականգնման, պատերազմի հետևանքների հաղթահարման, պաշտպանական բնագծերի ու բանակի ամրապնդման գործում:
Ռոբերտ Քոչարյանը, 1997-ին համաձայնելով ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը, իսկ 1998-ին դառնալով Հայաստանի նախագահ, իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում կարողացել է կառավարել այնպես ու այն մոտեցումներով, որոնք թույլ են տվել ապահովել երկրի շարունակական երկնիշ տնտեսական աճ, ՀՆԱ-ի՝ բազմապատիկ (կարծեմ հնգապատիկ) ավելացում, արդյունաբերական ու վերամշակող ձեռնարկությունների թվի ու արտադրական ծավալների աճ, տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր, պետության արտաքին պարտքի էական կրճատում: Նման կենսագրությամբ և հատկապես նման արդյունքներ գրանցած երկրի ղեկավար, դժվար կլինի գտնել թե՛ մեր երկրի պատմության մեջ, թե՛ այլ երկրների։
Իսկ այժմ, «բախտդ սիրեմ Քաջ Նազար»-ով իշխանության ղեկին հայտնված անձինք ու նրանց քաղաքական հոգեհայրը վրեժ են լուծում՝ չխորշելով ոչ մի բանից: Իսկ միգուցե այս ամենը քաղաքական հաշվարկ է և ոչ մեր երկրում ծրագրված, նպատակներն էլ ոչ մի դեպքում Հայաստանի քաղաքացու շահերից չէ որ բխելու են, այլ իրենց, կամ իրենց շահառու երկրների։
Հայրենիքում քաղաքական բանտարկյալի կարգավիճակում հայտնված Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ու նրա դեմ արդեն 8 ամիս է, ինչ կատարվում են քայլեր ու գործողություններ, որոնց մասին հայության ու Հայաստանի թշնամիները միայն կարող էին երազել:
Շուշի Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը