22 03 2019

Անլրջության դոզան ավելանում է

Անլրջության դոզան ավելանում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 4 թե 5 ժամ տևած ասուլիսում այնքան շատ խոսեց, որ առանձին հատվածներ մնացին նրա բառային հոսքի տակ: Մարդը շատ խոսելու հակում ունի: «Ֆեյսբուքում» գրում է, «լայվով» խոսում է (վերջին շրջանում ավելի հազվադեպ), կառավարության նիստերը մեկ դերասանի թատրոն են՝ խոսում է, զայրանում, կառավարության անդամների պորտերը տեղը դնում: Ուրիշ տարբերակ չլինի՝ բանաստեղծություն կգրի կամ դասականների գրածներից կկարդա: Մամուլի ասուլիսն էլ ժամեր է տևում:

Այդքան շատ ու հաճախ խոսելը տարրալուծում է խոսքի բովանդակությունը, ասածն ու բանախոսին այնքան էլ լուրջ չընդունելու տեղիք է տալիս: Անլրջության դոզան ավելանում է, երբ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդները և ընդդիմախոսները համեմատում են տարբեր ժամանակներում ու դեպքերում նրա արած հայտարարությունների հակասական, իրարամերժ ձևակերպումները:

Վերջին ասուլիսում հարց են տալիս, որ մի ժամանակ ասել էր, թե բիզնեսը ճամպրուկներով փողեր էր տանում Բաղրամյան 26, այդ ճամպրուկներով փողերն ի՞նչ եղան, պատասխանում է, որ սիրում է այլաբանություններով խոսել, ու երբեմն իրականության ու այլաբանության սահմանը հստակ չէ:

Փոխաբերական է խոսել վարչապետ Փաշինյանը, այլաբանություններով, ի՞նչ կա չհասկանալու: Պարզապես պետք է մի քիչ գրագետ, գրականագետ լինել և գլխի ընկնել՝ երբ է այլաբանորեն խոսում, երբ՝ ոչ:

«Մարտի 1-ի» գործի մասին որ հայտարարել է, թե այն ամբողջությամբ բացահայտված է, այլաբանորեն չի խոսել: Շատ կոնկրետ հայտարարություն է: Բայց այդ հայտարարույթունից հետո էլի հարցաքննություննր և քննչական գործողություններ են եղել: Վերջին ասուլիսում էլ վարչապետ Փաշինյանն ասաց, որ նախկինում գործի քննության ժամանակ պարկուճներ են փոխվել, դեռ պիտի փոխողներին հարցաքննել, նրանք էլ չեն գալիս՝ հանձնվեն ու հարցաքննվեն և այլն, և այլն:

Եթե գործով անցնող ինչ-որ անձինք կան, որոնց պետք է դեռ հարցաքննել, ապա իրավագիտությունից, քրեական գործերից հասկացող ցանկացած մարդ, ցանկացած փաստաբան ձեզ կասի, որ չի կարելի խոսել գործի բացահայտված լինելու մասին: Եթե կարևոր մանրամասնություններ կան, որ պետք է պարզել, էլ ի՞նչ ամբողջական բացահայտման մասին է խոսքը: Եթե ապացույցներ կան, որ դեռ պետք է ձեռք բերել և այլն, և այլն, ի՞նչ ամբողջ ծավալով բացահայտելու մասին կարելի է հայտարարել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչքան շատ է խոսում, այնքան նրա ասածի անլրջության դոզան ավելանում է ու ավելանում: Դրա հետևանքները կարող են շատ լուրջ լինել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, այդ հայտարարության տոնայնությունն ու Հայաստանին հասցեագրված մեսիջները, շատերի գնահատականով՝ կոշտ են, ապտակ են, սառը ցնցուղ: Դա Արցախի խնդրի վերաբերյալ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետևանքներից մեկը կարելի է համարել:

Եթե ներքաղաքական հարաբերություններում, երկրի ներսում սովորական են դարձել Նիկոլ Փաշինյանի ելույթների, հայտարարությունների մեջ եղած պոպուլիստական, ներվային, անհավասարակշիռ, անպատասխանատու պահերն ու ձևակերպումները, դրան դեռ կարելի է դիմանալ: Դա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրան վստահության քվե տված հասարակության խնդիրն է, դրա հետևանքները՝ օրեցօր դժվարացող կյանքի պայմանները, տնտեսական և սոցիալական վիճակը ներքին հարցեր են: Իսկ եթե արդեն արտաքին քաղաքական հարաբերույթուններում, արտաքին պարտնյորները սկսեն լուրջ չընդունել Հայաստանի իշխանությանն ու այդ իշխանության հայտարարությունները, ապա դրա բացասական հետևանքները չափազանց ծանր կարող են լինել ամբողջ պետության ու բնակչության համար:

Գրիգոր Գալստյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ