Ազգային ժողովի մարտի 26-ին արտահերթ նիստ է անում՝ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը քննարկելու համար:
Միաժամանակ, խորհրդարանը սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար պետք է Հանրապետության նախագահի առաջադրած թեկնածուի հարցը քննարկի։
Միմյանցից անկախ բազմաթիվ տեղեկություններ էին շրջանառվում, որ այդ թեկնածուն հանրությանը տարբեր վիճահարույց թեմաներով հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանն է։
Հիշեցնենք, որ համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի․ «Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի ինը դատավորից երեքին ընտրում է Հանրապետության նախագահի, երեքին՝ Կառավարության, երեքին` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է նոր թեկնածու»:
Փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը մեկ անգամ արդեն առաջադրվել է նախագահի կողմից և քվեարկվել հոկտեմբերի 23-ի նիստում, սակայն անգամ քվորում չապահովվեց։ Դա այն ժամանակ էր, երբ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույց էր ի հայտ եկել, և բացահայտվել էր, թե ինչպես է մարտի 1-ի վերաբերյալ նոր գործի հարցում իրավական համակարգը դիմում այս փաստաբանին՝ խորհրդակցության և մամուլում ՀՔԾ տեսակետը հիմնավորելու համար։
Հիշենք այդ երկխոսությունը․
«Սասուն Խաչատրյան – Ընգեր որևէ խնդիր չկա, հիմա Վահեն ա գալու մոտս, Գրիգորյան:
Արթուր Վանեցյան – Ահա, ահա:
Սասուն Խաչատրյան – Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա, ընգեր, ու ելույթ էլ կունենա, էս սաղ հարցերին կպատասխանի, պռոստը իմ ելույթը ճիշտ չի էլի:
Արթուր Վանեցյան – Չէ, չէ, Վահեն թող խոսա որպես փաստաբան, որպես փորձագետ, թող խոսա:
Սասուն Խաչատրյան - Հա, Վահեն կխոսա ախպեր ջան: Որպես փորձագետ նաև ինքը Եվրոդատարանում ա, չէ՞ ներկայացնում»:
Բացի այդ, Վահե Գրիգորյանը ՍԴ անդամ «չընտրվելիս» ունեցած ելույթում հանդես եկավ բավականին «գոռոզ» տեսակետով, մոտավորապես այսպես՝ ինքը կայացած փաստաբան է, կարիք չունի պաշտոնի, ինչ անում է՝ մեզ համար է անում և այլն։
Սակայն ձախողվեց։ Դա հարված էր, որը չէր կարող կուլ տալ իշխանությունը, ու դեռ այն ժամանակ էր ենթադրելի, որ կրկին փորձելու է։ Թեև Գրիգորյանն ինքը առաջին պարտությունից հետո ֆեյսբուքում գրել էր, թե չի հավակնելու այլևս այդ պաշտոնին, քանի որ կրկնառաջադրումը անձամբ իր էթիկական ստանդարտին չի համապատասխանում։ Սակայն ֆեյսբուքյան խոստումը դեռ ոչինչ չի նշանակում։ Գուցե իշխանությունը համարում է, որ միակ և անփոխարինելին հենց նա է, նա էլ զոհաբերում է անձնական էթիկական ստանդարտն իշխանության ցանկությանը։
Մինչ համացանցում, մամուլում, տարբեր փորձագետներ մտքեր են հայտնում, թե չի կարելի իշխանահաճո, իսկ ավելի ճիշտ՝ «լևոնական» փաստաբանին վստահել նման պատասխանատու աշխատանքը, նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 21-ին առաջարկեց բոլորովին այլ թեկնածուի՝ Գոռ Հովհաննիսյանին, որը մասնակցել էր նախագահի կողմից ձեւավորված մրցութային հանձնաժողովի քննությանը:
Նախագահի այս քայլն առաջին հայացքից անակնկալ էր, բայց տրամաբանությունը կարող է հուշել որ, օրինակ՝ նախագահն չառաջադրեց այն անձին, ով իրեն անվանել էր անօրինական նախագահ դարձած։ Կամ էլ նախագահն ուղղակի չառաջադրեց քաղաքական ուժի և հայացքի հարող անձի, այլ առաջադրեց ապաքաղաքական կերպարով մեկին։ Վերլուծելով՝ մեկ վարկած ևս առաջ է գալիս, որ դա հնարավոր է պարզապես մտածված սցենար է։
ԱԺ կանոնակարգ-օրենքը երկակի մեկնաբանության տեղիք է տալիս։ Օրենքում գրված չէ՝ եթե մեկ անգամ չի անցել, կարո՞ղ է կրկին դիմել, թե՝ ոչ։ «Նոր թեկնածու» ձևակերպումը բոլորովին չի նշանակում, թե հին թեկնածուն չի կարող լինել նոր թեկնածու։ Միաժամանակ, օրենսդրական նոր փոփոխությամբ, այդ ձևակերպմանը կփոխարինի հետևյալ նախադասությունը․ «Եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո մեկամսյա ժամկետում իրավասու մարմինը կրկին առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու»:
Ստացվում է, որ եթե նախագահի՝ Գոռ Հովհաննիսյան թեկնածուն չի ընտրվում, այդ ընթացքում օրենսդրական փոփոխությունը կատարվում է, և նախագահն իշխանության պահանջով առաջադրում է իր ուզած Վահե Գրիգորյանին։
Կամ Վահե Գրիգորյանն իսկապես գոնե հիմա ձեռնպահ է մնում խոստումը դրժելուց, քանի որ իշխանությանը հիմա պետք է հենց այսօրվա կարգավիճակում։ Վահե Գրիգորյանը փորձառու իրավաբան է, թեև այդ փորձը հիմնականում դրսևորվել է ոչ ի շահ երկրի։ Ու հատկապես իշխանափոխությունից հետո հիմնականում ի շահ իշխանության է ծառայել այդ փորձը։ Հատուկ Քննչական Ծառայությունը և հատկապես՝ Սասուն Խաչատրյանը երբ մարտի 1-ով բացատրվելու կարիք են ունենում, դիմում են Վահե Գրիգորյանի օգնությանը, որպիսզի հանդես գա իբրև փորձագետ։ Իսկ ՍԴ անդամ լինելով՝ այլևս չեն կարող, նա օրենքով չեզոքության ու անաչառության պարտավորություն է ստանձնում։ Ուրեմն պետք է նրան պահել, քանի դեռ մարտի 1-ի գործն ամբողջությամբ իրենց ուզած ելքը չի ունեցել։ Մեկնարկում է դատավարությունը, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների խոսքով, 76 հատոր անհեթեթություն է իրենց դեմ տվել ՀՔԾ-ն, ու դրանք հիմնավորելու փորձի համար, վստահաբար, Սասուն Խաչատրյանին օդ ու ջրի պես պետք կգա Վահե Գրիգորյանը։
Իշխանությունը, ըստ ամենայնի, ինչ-որ փուլում պետք է հատուցի փաստաբանին իր ծառայությունների դիմաց։ Ու արդեն գալու է հաջորդ հարցը, թե՝ ի՞նչ է նրան տալու։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը