Մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած երթը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս։
Խոսքը բնավ այն մասին չէ, որ երթից վարչապետը չափազանց շուտ գնաց, իսկ մարդիկ չհասկացան, թե ինչի համար են իրականում հավաքվել, հետո ինչ պետք է անեն ու Մյասնիկյանի արձանից ցրվեցին տարբեր կողմ։ Մարզերից եկած-բերածներից շատերը զարմացան, թե ինչու էին իրենց քաշել-բերել։ Բոլորովին այն մասին չէ, թե ինչու երթից հետո սիրելի ժողովրդին թողնելով հրապարակում, Նիկոլը շտապեց ․․․ սրճարան։ Ու անգամ այն մասին չէ խոսքը, թե ինչու էր վարչապետի թիկնազորը մունաթ գալիս մարդկանց վրա ու բոլորին հավասարապես հրում-բրդբրդում՝ վարչապետի անխափան ընթացքն ապահովելու համար։
Խոսքը երթի իմաստին է վերաբերում ու կազմակերպման պետական մասշտաբին։
Նախ տեղի ունեցավ վարչական ռեսուրսների կոպիտ ու անգրագետ օգտագործում։ Մի քանի մարզպետ պաշտոնապես լծված էր երթին մարդ բերելու գործին, ֆեյսբուքյան էջում անվճար մայրաքաղաք բերելու ծառայություն էին առաջարկում, ու պետական հիմնարկների աշխատանքը ժամանակից շուտ էին ավարտել՝ Երևան գալու համար։ Պետական հիմնարկների աշխատողներին, ըստ տարբեր տեղեկությունների, հրահանգված էր մարդ բերել՝ 1+4 սկբունքով։
Բայց անգամ վարչական ռեսուրսի կոպիտ ու անընդունելի չարաշահման պարագայում երթին մասնակցում էր, ըստ ոստիկանությունից ստացված ներքին տեղեկությունների, 4-7 հազար մարդ։ Այսինքն, քաղաքացիներն այդպես էլ չհասկացան երթի իմաստն ու չմասնակցեցին։ Չմասնակցեցին նաև այն պատճառով, որ, գուցե, հասկացան՝ դա շոու էր ու անհարկի շահարկում։
Երկրորդն ու ամենակարևորը իշխանության՝ հերթական անգամ պատմության մեկ դրվագ մեկ այլ դրվագի ստորադասումն էր։ Մեկ օր առաջ Սումագայիթյան ոճրագործության տարելիցն էր, ու երկրիս վարչապետը բավարարվեց միայն գրառմամբ։ Հայերի կոտորածի ու ցեղասպանության տարելիցն աչքաթող արած վարչապետին իր նախաձեռնած «հզոր» երթն էր հետաքրքրում։ Դրանից առաջ էլ արցախյան պատերազմն էր ստորադասվում արագաչափ փակելու և հանրային ռադիոն գրավելու ակցիային։ Այո, մարտի 1-ի զոհերի հիշատակը վառ պահել է պետք, բայց անթույլատրելի է դա անել շահարկումներով՝ փորձելով մարդկանց էմոցիաների վրա քաղաքական միավորներ վաստակել։
Ակնհայտ է՝ Մարտի 1-ի թեման ՀՀ վարչապետը, իսկ նրանից առաջ՝ ՀԱԿ-ն իր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանով սեփականաշնորհել են դեռ 10 տարի առաջ՝ տալով իրենք իրենց զոհի կարգավիճակ, դա սարքելով քաղաքական պայքարի համար մեկ օրակարգը։ Հասկանալի է, թե ինչու․ հույզերի վրա հեշտ է միավոր վաստակել։ Վստահ էն, այլը չի ստացվի։
Հաջորդը․ Մարտիմեկյան երթն ուշագրավ էր բոլորովին ոչ նրանով, որ պետական մասշտաբով էր կազմակերպվել, այլ ուշագրավ էր նրանով, թե ով էր կազմակերպել։
Նույն նրանք, ովքեր կազմակերպել էին մարտի 1-ին ողբերգության տանող անկարգությունները 2008 թվականին, նույն նրանք, ովքեր սկզբից քաղաքացիների մեջ սերմանեցին ատելության անսպառ մթնոլորտ ու տարան բախման, նույն նրանք, ում գործունեությունը հանգեցրեց մայրաքաղաքի կենտրոնում ավեր ու թալանի, հիմա էլ կազմակերպեցին մարտի 1-ի իբրև թե հիշատակի երթ, իսկ իրականում՝ «եկեք-տեսեք, թե ինչեր ենք արել» խորագրով։
Ու զարմանալի զուգադիպությամբ, Մարտի մեկի թիվ մեկ պատասխանատու Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես 11 տարի առաջ հրաժարվեց հրապարակ գալ՝ կանխելու ողբերությունը՝ գերադասելով տանը խաղաղ քնել, այս անգամ էլ չմասնակցեց 11 տարի անց կազմակերպվող երթին։ Ատամն էր ցավում։
Պատմությունը կրկնվում է, հերոսները՝ նույնպես։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը