Մարտի 1-ի գործով նախաքննությունն ավարտվել է, 76 հատորանոց գործն ուղարկվել է դատարան։ Հաշվի առնելով նախաքննության ժամանակաշրջանի բոլոր թերությունները, աղաղակող սխալները, նաև այն, որ մեղադրյալները ցուցմունք չեն տվել՝ մեղադրանքի անհասկանալի լինելու և այլ պատճառներով, կարող ենք ասել, որ մի ֆարսը չավարտված՝ սկսվում է նորը։
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շատ ուշագրավ հայտարարություն արեց. Մարտի 1-2-ի իրադարձություններն ամբողջությամբ բացահայտելու «քաղաքական պատվեր կա»:
Անդրանիկ Քոչարյանը նախկինում փաստահավաք խմբի անդամ (որպես նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շահերի ներկայացուցիչ), «բնականաբար» քաղաքական պատվերի շրջանակներում միակողմանի բազմաթիվ փաստեր էր հավաքել, որն էլ հենց եղել է իշխանափոխված ՀՔԾ-ի բացած գործի հիմքում (ՀՔԾ հաղորդագրությունը պարունակում էր նույն ձևակերպումները ինչ փաստահավաք խմբի զեկույցում էր): Ու հիմա փաստացի ամեն ինչ գնում է հենց այդ քաղաքական պատվերի շրջանակներում, որը, սակայն, բնավ գործը բացահայտելու մասով չէ, այլ՝ նախկիններին մեղավոր հանելու, իսկ մեղավորներին՝ արդարացնելու։ Ու հենց այդ պատվերի տրամաբանությունն է, որ գործի բացահայտման շրջանակներում չգտնվող մարդիկ մեղադրանքների ու անգամ կալանքի տակ են։
Հենց այդ պատվերի շրջանակներում է, որ Նիկոլ Փաշինյանը մեկ հայտարարում է, թե մարտի 1-ն ամբողջ ծավալով բացահայտված է, մեկ հայտարարում է, թե պետք է բացահայտվի, մեկ ՀՔԾ-ն հայտարարում է, թե նախաքննությամբ ամբողջապես հիմնավորվել է վարկածը, մեկ էլ հայտարարում է, թե ով տեղեկություն ունի, եկեք-հայտնեք: Տրամաբանությունն ասում է՝ եթե բացահայտված է, ուրեմն պետք է բացահայտված լինեն առաջին հերթին 10 զոհերի մեղավորները։ Այդպես չէ՞։
ՀՔԾ պետը հայտարարում է, թե Տիգրան Աբգարանին դիտմամբ են սպանել, որ նախագահի արտակարգ դրություն մտցնելը հիմնավորեն, հետո հայտնվում է տեսանյութ, որտեղ նախագահը նշում է, թե տեղյակ չէ զոհերից, այլ՝ վիրավորների մասին է իրեն հայտնի:
ՀՔԾ պետը հայտարարում է, թե զորքը սահմանից բերել են Երևան, ինչի արդյունքում մեր դիրքերը թուլացել են, և թշնամին աշխուժացել է, իսկ Գլխավոր շտաբի պետը հերքում է՝ չեն բերվել, բանակին կրակելու հրաման չեն տվել:
Մի խոսքով, խայտառակ նախաքննություն․ ամենաբարձր մակարդակով փնթի հայտարարություններ, աղբային գործելաոճ ու հայտարարություններ: Եվ Անդրանիկ Քոչարյանն իսկապես խոստովանել է իրականությունը, քանի որ սա է հենց կոչվում քաղաքական պատվեր։
Եվ քանի որ հենց այսպիսին է պատվերը, որ անգամ առանց նյութի մեջ խորանալու ակնհայտ է, ու այդ պատվերի շրջանակներում անգամ նշված է, թե ում պետք է անդրադառնալ, ում՝ ոչ, ում մի քանի օր բանտարկել, որ խոսի, ում գրավ կիրառել և այլն, ուրեմն այսօրվանից պետք է խնդրել արդեն հաջորդ իշխանություններին, որ մարտի 1-ի բացահայտման ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ բարոյահոգեբանական պատվեր այլևս չտա։ Եթե պետք է լինի այնպես, ինչպես հիմա է, ուրեմն հաստատ պետք չէ։
Վերջ իվերջո, պետք է այդ արատավոր շղթան կտրել։ Պետք է կանգնել հենց այն կետի վրա, որտեղից սկսել էր պատվիրատու իշխանությունը, հանել մեղադրանքներն այն անձանց վրայից, որ այժմ կան և ներողություն խնդրել՝ առաջին հերթին ժողովրդից։ Այլապես պատկերացնենք, որ հաջորդ իշխանությունը ևս նման քաղաքական պատվեր տա և այժմ էլ գործ հարուցեն այսօրվա իշխանության ներկայացուցիչների վրա, որոնք այդ պատվերն տվել են, չմոռանալով նրանց, որոնք այն իրականացնում են։ Կարծում եմ՝ պարզ է. այդ բոլորը նույնպես հայտնվելու են մեղադրյալի կարգավիճակում, այս անգամ, արդեն, անհերքելի փաստերի հիմքով։
Հայաստանը հավակնում է խայտառակությամբ աշխարհին հայտնի դառնալ։ Իշխանությունը սիրտը դող ընկած սպասում է որոշումների եվրոպական դատարանից, ԵԽԽՎ ներկայացուցիչն արդեն կոչ է արել անձնական վրեժխնդրության զգացումով չանդրադառնալ գործին:
Հայաստանը, որն աշխարհին հայտնի էր շատ առաքինություններով, այժմ արդեն հայտնի է դառնում մարտի 1-ի գործի քաղաքական պատվերով։ Եվ քանի որ մենզ մոտ անվանափոխությունների շրջան է սկսվում, անգամ Հայաստանն ենք դարձրել Նոր Հայաստան, ուրեմն կարելի է այժմյան իշխանությունն անվանափոխել, ու դնել մարտի 1-ի անվան իշխանություն: Նիկոլ Փաշինյանին՝ մարտի 1-ի վարչապետ։ Ուրիշ էլ ո՞նց։
Ծիծաղելի է, իհարկե։ Բայց այսօրվա իշխանության էությունը դա է՝ ամենայն ծիծաղելին ու զավեշտականը, իսկ իրականում ցավալին։ Երիտասարդների իշխանություն, եռանդ, նոր հայացք և այլն, որի մասին կարելի էր երազել նախկինում, հիասթափեցնում է, զբաղվում է ոչ թե առաջ նայելով, ծրագրելով, գործելով, այլ նախկինի բարդույթները պետական մակարդակով բավարարելով։
Հերի՛ք է, անցե՛ք, գնացեք առաջ։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը