Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բազմիցս հայտարարվեց կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման մասին։ Մեր նոր իշխանավորները քանի որ շատ անհամբեր էին որքան հնարավոր է՝ շատ ատելության դոզա ներարկելու համար, մանր ու մեծ բոլոր բացահայտումների ու անգամ կասկածների դեպքերում հնչեղ հայտարարություններ էին կազմում ու տարածում՝ չխուսափելով ավելորդ լիրիկական զեղումներից։ Դրանք այն աստիճանի ոչ պրոֆեսիոնալ էին, որ շատ փորձագետներ, իրավաբաններ, տնտեսագետներ ու իրավապաշտպաններ հայտարարում էին, թե երկրի իմիջը չգցելու համար շատ դեպքերում պետք է պարզապես չբարձրաձայնել չապացուցված հայտնաբերումների մասին, քանի որ դրանք նախ խախտում են անմեղության կանխավարկածը, բացի այդ բացասական են անդրադառնում Հայաստանի ներդրումային գրավչության վրա։ Մարդուն անմիջապես ներկայացնում են որպես հանցագործ, մինչդեռ դա ապացուցող հիմնավոր առիթ դեռևս չկա, դեռ հետաքննում են։
Վարկաբեկումներով համեմված այդ շոուները շարունակվեցին և, ինչպես պարզվեց, այն ընդգրկում էր միայն նախորդ իշխանության ժամանակ աշխատածներին։
Հայաստանում կատարվել է չափազանց տարօրինակ բան․ պաշտոնյաներն ընդամենը մի քանի ամիս աշխատելով՝ այնպիսի կոռուպցիայի մեջ են մտել, որ ոչ թե աշխատանքից ազատվել են, այլ՝ միանգամից ձերբակալվել։ Ու դա եղել է Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանում կոռուպցիան արմատախիլ է արված» հայտարարությունների ֆոնին։
Նախ մամուլը գրեց, որ պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակից է ձերբակալվել։ Մեկ ամբողջական աշխատանքային օր լրատվամիջոցներին չէր հաջողվում ԱԱԾ-ից կամ նույն ՊՎԾ-ից ստանալ հաստատում կամ հերքում։ Ուղղակի «ցրում» էին։ Օրվա վերջում կողմնորոշվեցին․ՊՎԾ-ն հայտարարեց, թե դա աղավաղված ինֆորմացիա է, ոչ թե 4, այլ՝ երկու աշխատակից է ձերբակալվել։ Բայց անունները չեն նշում։ ՊՎԾ մամուլի խոսնակ Զարուհի Մեժլումյանն օրվա գլխավոր տեղեկության վերաբերյալ, անդրադարձավ օրվա վերջում, այն էլ՝ ֆեյսբուքյան էջում․ «Ձերբակալվել է ՊՎԾ 2 աշխատակից, որոնց նույնականացնող տվյալներ չենք հաղորդում նրանց սահմանադրական իրավունքը՝ անմեղության կանխավարկածը չխախտելու սկզբունքով պայմանավորված»։
Յա, իրո՞ք։ Այդ ո՞ր օրվանից է ձեզ հետաքրքրում մարդու սահմանադրական իրավունքը։
Նույն օրը՝ փետրվարի 26-ին, ձերբակալվեց Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը։ Անմիջապես հաղորդեցին, թե յուրացումներ է կատարել։ Այդ դեպքում ինչո՞ւ չհարգվեց սահմանադրական իրավունքը։
Նույն Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը երբ ուսումնասիրությունները դեռ չավարտած արդեն հայտարարում էր, թե ԵՊՀ ռեկտորը համալսարանը թալանել է, նրա սահմանադրական իրավունքը ի՞նչու չէր պաշտպանվո՞ւմ։ Դավիթ Սանասարյանը երբ դեռ Սփյուռքի նախարարություն, ՊՆ և այլ հիմնարկներ ուսումնասիրելու չգնացած հայտարարում էր, թե՝ տեսեք ինչ աղաղակող խախտումներ ենք բացահայտելու, սահմանադրական իրավունքը պաշտպանո՞ւմ էր։ Երբ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածում, թե Միքայել Հարությունյանը սահմանադրական կարգ է տապալել ու անգամ վերջում չէր գրում ծանուցումը, թե մարդն անմեղ է, քանի դեռ օրենքով ուժի մեջ մտած դատավճիռ չկա, նրա Սահմանադրությամբ վերապահված իրավունքները հաշվի առնո՞ւմ էր։
Երբ Ալեքսանդր Սարգսյանին բերման էին ենթարկում ու հայտարարություն տարածում, որ պատճառն ապօրինի զենք պահելու կասկածանքն է, հետո պարզվում էր, որ զենքը օրինական է, նրա անմեղության կանխավարկածը հաշվի առե՞լ էին։
Երբ Արթուր Աղաբեկյանի դեմ գործ էր հարուցվում յուրացումների համար ու անմիջապես հայտարարում էին այդ մասին՝ նշելով թվեր և այլն կամ ԱԱԾ-ն գնում էր խուզարկությունների ու բարդ ստորադասական բազմաթիվ նախադասություններից կազմված անհասկանալի ու սարքած գործի տպավորություն թողնող հայտարարություններ և տեսանյութեր էր տարածում, ո՞ւմ անմեղության կանխավարկածն էր հաշվի առնում։
Կարո՞ղ եք ասել, թե այդ սահմանադրական իրավունք հանդիսացող անմեղության կանխավարկածը երբվանից են սկսել գործածել և՝ ում համար՝ միայն «Նոր Հայաստանի» կոռուպցիոներների՞ համար։
Սահմանադրությունն ու օրենքները տարածվում են ՀՀ բոլոր քաղաքացիների վրա, դա դեռ չընկալած ուզում եք արդարություն ու օրենքի գերակայությո՞ւն հաստատել երկրում․․․
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը