Կենտրոնական բանկի խորհուրդը 0,25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոսի փոխարեն սահմանելով 5,75 տոկոս։ Նախ ներկայացնենք, թե ինչո՞ւ է ԿԲ-ն իջեցնում, բարձրացնում կամ անփոփոխ թողնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը և ի՞նչ կապ ունի տվյալ պահի տնտեսական կացության հետ։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման միջոցով ԿԲ-ն ազդում է մի կողմից՝ գնաճի վրա, մյուս կողմից՝ տնտեսական ակտիվության աճի: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվում է գնաճի զսպման նպատակով, քանի որ խստացվում են դրամավարկային պայմանները, այսպես ասած թանկանում է փողը և դանդաղում է տնտեսական ակտիվությունը: Եթե գնաճը զսպելու խնդիր չի լինում և տնտեսական ակտիվությունը նվազում է, վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվում է, դրանով խթանելով տնտեսական աճին: Սա իհարկե չի նշանակում, որ տնտեսական աճի կամ գնաճի փոփոխությունները բացառապես վերաֆինանսավորման տոկոսադրույքով են լինում։ Այն միայն մասնակի և անուղղակի ազդեցություն է գործում տնտեսական գործընթացների վրա:
Հունվարի 29-ի որոշման հիմնավորման մեջ, ԿԲ խորհուրդը նշել է, որ 2018 թ․-ի վերջին տնտեսական ակտիվությունը շարունակում է թույլ մնալ, իսկ գնաճը՝ ցածր։ Ուստի, կիրառել է այս՝ խթանող գործիքը։ «Միևնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի խթանող պայմաների պահպանում ավելի երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գների կայունության ապահովման համար», նշված է ԿԲ հաղորդագրության մեջ։ Սա էլ նշանակում է, որ առաջիկայում տնտեսական ակտիվության աճ չի ակնկալվում։
Այն, որ տարվա առաջին երեք-չորս ամիսներից հետո, Հայաստանի տնտեսությունում հետընթաց սկսվեց, բազմիցս է ասվել։ Տնտեսական բարձր աճը աստիճանաբար նվազեց և տարվա վերջին աճի տեմպը գրեթե կրկնակի ցածր է տարեսկզբի աճի տեմպից։ Նման իրավիճակում Կենտրոնական բանկը փորձում է օգնության հասնել կառավարությանը։ Նախկինում ևս ԿԲ-ն կիրառել է այս գործիքը և փոփոխել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Մասնավորապես վերջին երեք տարիներին այն հետևյալ կերպ է փոփոխվել․
10․11․2015 թ․ 9,75 տոկոս
22․12․2015 թ․ 8,75 տոկոս
16․02․2016 թ․ 8,5 տոկոս
29․03․2016 թ․ 8,25 տոկոս
17․05․2016 թ․ 7,75 տոկոս
28․06․2016 թ․ 7,5 տոկոս
16․08․2016 թ․ 7,25 տոկոս
27․09․2016 թ․ 6,75 տոկոս
15․11․2016 թ․ 6,5 տոկոս
27․12․2016 թ․ 6,25 տոկոս
14․02․2017 թ․ 6 տոկոս
29․01․2019 թ․ 6,25 տոկոս
Աղյուսակից երևում է, որ Կենտրոնական բանկը վերաֆինսավորման տոկոսադրույքը պարբերաբար իջեցրել է 2015-2016 թթ․, երբ Հայաստանում տնտեսական աճը ցածր էր և գնանկում էր արձանագրվում։ 2017 թ․-ից սկսած տնտեսական աճի բարձր տեմպը վերաֆինանսվորման տոկոսադրույքի իջեցման անհրաժեշտություն չի առաջացրել։ Սակայն, մեկ անգամ ևս շեշտենք, որ 2017 թ․-ին տնտեսական բարձր աճ արձանագրվեց և շարունակվեց 2018 թ․-ի առաջին ամիսներին նախորդ կառավարության արդյունավետ քաղաքականության շնորհիվ, իսկ ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը միայն օժանդակող գործիք էր՝ ոչ ավելին։ Առավել ևս, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի ազդեցությունը տնտեսության մեջ նկատվում է աստիճանաբար, ամիսների ընթացքում։
Հիմա, երբ տնտեսական ակտիվությունը թավաlգլոր տեմպով նվազում է և մեծ է հավանականությունը, որ տարվա առաջին ամիսներին տնտեսական անկում լինի, ԿԲ-ն կրկին դիմել է այս քայլին։ Սակայն քիչ հավանական է, որ այն էական դրական տեղաշարժ առաջացնի տնտեսության մեջ, քանզի կառավարության կողմից չկա տնտեսական զարգացման որևէ ծրագիր և ընդհանրապես բացակայում է տնտեսական քաղաքականությունը։
Ընդ որում, ոչ միայն տնտեսական քաղաքականություն չկա, այլև ընդունվում են այսպես կոչված «ծախսերի կրճատման» և «օպտիմալացման» որոշումներ, որոնց հետևանքով հազարավոր մարդիկ դառնում են գործազուրկ, ինչն էլ իր հերթին նպաստում է տնտեսական ակտիվության անկմանը։ Այսինքն, առաջիկայում մարդկանց գնողունակությունը նվազելու է, քանի որ գործազուրկների շարքերը համալրվում են արագ տեմպերով։ Սա հարվածելու է տնտեսության բոլոր ճյուղերին՝ շինարարությունից մինչև առևտուր։ Եվ այս ֆոինին եթե ԿԲ-ն անգամ ոչ թե 0,25 տոկոսով, այլ 1,25 տոկոսով իջեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, իրավիճակը դրական փոփոխություններ չի կրի։ Ա’յս վարչապետն ու ա’յս կառավարությունն ի վիճակի չեն և ցանկություն էլ չունեն տնտեսական զարգացման ուղղությամբ քայլեր կատարել։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը