Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշումը առաջին ապտակն էր Հայաստանի Հանրապետությանը: Նման գնահատականներ հնչեցին իրավաբանական և փորձագիտական շրջանակներից: Իհարկե, այդ ապտակը իշխանությունը կարող է ինչ-որ ձև մարսել, կամ նույնիսկ չընդունել, բայց հաջորդ ապտակը, վստահաբար, չի ուշանա։
Ինչո՞ւ։
ՄԻԵԴ վճիռների և ոլորտում առկա խնդիրների մասին իշխանության տեսակետը կարելի է հասկանալ կառավարության նիստերից մեկում ծավալված քննարկումներից: Եվ այսպես, մայիսի 24-ին Կառավարության նիստում որոշվեց Դանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին հատուցել 2500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի հունվարի 11-ի Արզումանյանի հայցը բավարարելու վճիռը։ Ալեքսանդր Արզումանյանը պնդել է, որ դատարանը բավարար կերպով չի արդարացրել նրա կալանքի անհրաժեշտությունը և խախտվել են ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքները:
Արդարադատության նախարարը նաև նշեց, որ այս ոլորտում շատ լուրջ ռեֆորմներ անելու անհրաժեշտություն ունենք, պետությունը պարտավորություն է ստանձնում ոչ միայն այս իրավուքնը վերականգնելու այլ նաև միջոցառումներ ձեռնարկելու, որ այլոց իրավունքը այս իրավունքը չխախտվի:
«Էվրիկա»: Գրեթե այսպես արձագանքեց Զեյնալյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մենք արել ենք ամենակարևոր բարեփոխումը և դա արել ենք մեկ օրվա մեջ: Բաղրամյան 26-ից և այլ իշխանական կառույցից հրահանգներ չեն գնում դատարաններ: Եվ մենք պետք է ընդհանրապես ՀՀ-ում բացառենք քաղաքական հետապնդումները, և քաղբանտարկյալների առկայությունը, Ալեքսանդր Արզումանյանի այս վճիռը գալիս է հաստատելու, որ նա եղել է քաղբանտարկյալ, ինչքան էլ ՀՀ-ում իշխանությունները դա ընդունել են կամ չեն ընդունել»:
Արտակ Զեյնալյանը, այնուամենայնիվ, շարունակեց խոսել այս ոլորտի խնդիրների մասին և նշեց. «Երբ մի կողմը նախաքննական մարմինը, դատախազությունը 95 տոկոս դեպքերում շահում է կալանքի գործերը, երբ որ այսպիսի պատկեր կա, մենք ունենալու ենք եվրոպական դատարանի վճիռ մարդու իրավունքների խախտում, ով բարձրագույն արժեք է և դրանից հետո ֆինանսատնտեսական հետևանքներ»:
Նիկոլ Փաշինյանի պատասխանը հետևյալն էր. «Այդ իրավիճակի պատճառը քաղաքական է և եղել է քաղաքական, և մենք այդ իրավիճակը վերացրել ենք և շարունակելու ենք վերացնել: ՀՀ որևէ դատավոր կաշկանդված չէ որևէ ապօրինի գործոնով իր որոշումները կայացնել: Երբ որ այս ամենը հստակ արձանագրում ենք, ձեր ասած այդ խնդիրները վերանում են»:
Մեկնարկը, ինչ խոսք խոստումնալից էր, ոլորտի խնդիրները արձանագրվեցին, լուծումն էլ գտել են:
Մայիսյան իրադարձություններին հետևեցին բազմաթիվ աղմկահարույց «բացահայտումներ», մեղադրանքներ, հրապարակային դատավորներին ուղղված մեղադրանքներ և հոխորտանք, գաղտնալսված ձայնագրություն՝ բացահայտումներ անող բովանդակությամբ, կալանավորումներ, հերքումներ և անգամ հրատապ ՄԻԵԴ որոշում: Կարճ ասած, վերջին ինն ամիսների ընթացքում Հայաստանի դատաիրավական համակարգում իսկական քաոս սկսվեց:
Եվ այս ամենի ֆոնին հրապարակվեց ՄԻԵԴ որոշումը: Հիշեցնենք, որ 2018թ․ հոկտեմբերի 6-ին գործարար, h2 հեռուսաալիքի ղեկավար Սամվել Մայրապետյանին ձերբակալեցին «կաշառք ստանալուն օժանդակելու» մեղադրանքով: Հետո նա կալանավորվեց, նրա փաստաբանները մի քանի անգամ դիմեցին դատարան խափանման միջոցը փոխելու համար, ի թիվս այլ փաստարկների առանցքային նշանակություն ուներ Սամվել Մայրապետյանի ծանր առողջական վիճակը, որն անհամատեղելի էր կալանքի հետ։ Ի վերջո, փաստաբանները դիմեցին ՄԻԵԴ, որը մեկ օրում բավարարեց միջնորդությունը և ցուցում տվեց Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն, և չմոռանալ վերադարձնել անձնագիրը որպիսզի այն կատարվի այն բուժհաստատությունում որտեղ նախկինում վիրահատվել էր Մայրապետյանը։ Նախ վերադարձրին անձնագիրը, երկրորդ դիմումից հետո՝ թույլտվություն տրվեց մեկնել երկրից՝ բուժման համար։
Դեռ հունիսին կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանները ևս բազմիցս ահազանգել են, որ նա կալանքի հետ անահամտեղելի հիվանդություններ ունի: Թեև փաստաբանները նշում էին, թե չեն դիմելու ՄԻԵԴ, բայց դիմեցին: Ու արդեն հասկանալի է, որ Եվրադատարանը հերթական նամակն է ուղարկելու։ Մայրապետյանի գործով գանգատն արդեն անգիր արած ՄԻԵԴ-ը, բնականաբար, զարմանք է արտահայտելու, թե հնչեղ գործերով նախորդի փորձից արդյո՞ք դաս չի քաղել «աննախադեպ ժողովրդավար» Հայաստանը, որ դանդաղ կործանման է տանում նաև մյուս կալանավորին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նրա պաշտպանական թիմն արդեն երրորդ բողոքն է պատրաստվում ներկայացնել Եվրոպական դատարան, որտեղ ներառված է նաև նրա՝ քաղբանտարկյալ լինելու հանգամանքը: Ոչ միայն նրա պաշտապնները, պաշտոնական գրասենյակը, այլև շատ իրավաբաններ փաստում են, որ ոչ միայն «գործը ջուր է», այլ նաև գործ ունենք հստակ քաղաքական հետապնդման և զանգովի արդարադատության հետ: Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանին ներկայացվել է մի մեղադրանք, որը դեռ 2009-ին հանվել էր Ալեքսանդր Արզումանյանի վրայից՝ օրենսդրական փոփոխության պատճառով։ ՄԻԵԴ-ի պատասխանն արդեն կանխատեսելի է։ Մանավանդ որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ զեկույցում անդրադառնալով 2008-ի մարտի մեկի դեպքերի բացահայտմանն ուղղված գործողություններին, կարևորել է, որ գործընթացն իրականացվի զգուշորեն՝ խստագույնս հավատարիմ մնալով իրավունքի գերակայության, դատական անկախության, թափանցիկության և արդար դատաքննության երաշխավորման սկզբունքներին, որպեսզի բացառվի ենթադրյալ վրեժի քաղաքականության կամ ընտրովի արդարադատության որևէ մեղադրանք:
ԵԽ հանձնակատարը կոչ է արել Հայաստանի իշխանություններին պաշտպանել քրեական հանցագործության մեջ մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը և հասարակական դիսկուրսում խուսափել բևեռացնող, հրահրող ձևակերպումներից, ինչը, ըստ Հանձնակատարի, խոչընդոտ է համախմբված հասարակություն ձևավորելու և անցյալի պառակտումները հաղթահարելու համար:
Ստացվում է, որ կառավարության՝ մայիսի 24-ի նիստում ծավալված քննարկումը պարզապես դատարկ խոսակցություն էր, պոպուլիզմ, որն այդ ժամանակ կար, իսկ հետո իրեն սպառեց՝ տալով հակառակ էֆեկտ:
Ժամանակն է տիրապետել իրավիճակին և գիտակցել, որ Հայաստանը մի շարք միջազգային պարտավորություններ ստանձնած երկիր է, որ աշխարհը ոչ միայն անարյուն հեղափոխությանն է հետևել, այլ մնացած բոլոր զարգացումներին, հակառակ դեպքում ՄԻԵԴ ապտակները, չեն ուշանա և կհետևեն արդեն քաղաքական գնահատականներ, պայմանավորվածությունների սառեցումներ:
Տաթև Միրզոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը