Առանց չափազանցության, անցնող մեկ-երկու օրվա ընթացքում լրատվամիջոցներում և սոցցանցերում քննարկվող հիթը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր՝ երկրի իրավիճակը փոխելու իր բանաձևի մասին։ «Ես իմ մեջ բանաձև ունեմ, որ մեր երկրի իրավիճակը կարող է լիարժեք փոխվել, եթե երեք բանից կարողանանք ազատվել: Մեկը՝ աղբը, որ ամենուրեք է, երկրորդը՝ «բուտկաներն» են, որ չգիտես ում կողմից, երբ տեղադրված են ամենուրեք, և երրորդը՝ ավտոմեքենաների կարկասներն են, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են։ Եթե մենք կարողանանք այս հարցը լուծել վիզուալ մակարդակում, դա կնշանակի, որ մեր երկրում ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել»,- ասել էր վարչապետը։
Թվում էր, թե Ազգային Ժողովում իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորների՝ քաղաքականապես անգրագետ և մեծ աղմուկ առաջացրած հայտարարությունները կմնային անցնող շաբաթվա գլխավոր բացասական իրադարձությունները, բայց՝ ոչ։ Կառավարությունում արած վերոնշյալ հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ պատահական չի, որ ինքը նույն թիմի առաջնորդն է և այդ թիմը առանձնապես ոչնչով չի տարբերվում իրենից։
Եթե շատ մեղմ արտահայտվենք, համայնքների՝ գյուղապետարանների և քաղաքապետարանների մակարդակով ընթացիկ հարցերի լուծումը ահռելի փոփոխություններ համարելը պարզապես զավեշտալի է։ Մնում է միայն պարզել Նիկոլ Փաշինյանը ժողովրդի՞ն է հիմարի տեղ դնում՝ ավելի ու ավելի ծիծաղելի բաներ ասելով, թե՞ իսկապես հավատում և լուրջ է ընդունում իր ասածը։
«Հպարտ քաղաքացիներն» արդեն մոռացել են ապրիլ-մայիսին նույն Նիկոլ Փաշինյանի կողմից տրվող խոստումները՝ տնտեսության թռիչքաձև աճի, թոշակների և աշխատավարձերի բարձրացման, գազի և հոսանքի սակագների նվազման, սոցիալական արդարության և գեղեցիկ հնչող այլ բաների մասին և շարունակում են «լավ բանի» սպասել։
Եթե մինչ երեկ նրանիցից ոչ ոք այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ի՞նչ «լավ բանի» են սպասում, ինչպե՞ս և ինչի՞ հիման վրա է դա լինելու, ապա հիմա կարող ենք փաստել, որ այս հարցերի պատասխանը նրանք արդեն կկարողանան տալ և այդ կապակցությամբ կարելի է շնորհավորել նրանց։ Պարզվում է, որ երկար սպասված «լավ բանը» աղբից, բուտկաներից և ավտոմեքենաների կարկասներից ազատվելն է։ Եթե դա «հպարտների» կողմից բարձրյալի կարգավիճակին հասցված մարդը՝ Նիկոլ Փաշինյանն է ասում, ուրեմն նրանք վերջապես պետք է հասկանան, որ իրենց համար «լավ բանը» դա է, որ կա։ Դա փոքր ինչ տարբերվում է Նիկոլ Փաշինյանի և նրա շուրջ հավաքված մարդկանց ստացած «լավ բանից», բայց ոչինչ։ Ի՞նչ անենք, նրանք էլ թող ամեն օր քեֆեր անեն, թանկարժեք հագուստ կրեն, օրումեջ Փարիզ ու Ժնև մեկնեն, նոր անձնական և ծառայողական մեքենաներ ձեռք բերեն և այլ վայելքների տրվեն։
Այժմ վարչապետի նշած խնդիրների մասին փոքր-ինչ հանգամանորեն։
Աղբի հարցը վերջին տարիներին գոնե Երևանում կարգավորված է եղել։ Այո, 2018-ի ընթացքում եղել են պահեր՝ երկու-երեք շաբաթ, երբ «Սանիթեքը» վնասված աղբատար մեքենաների պատճառով վատ է իրականացրել աղբահանությունը, բայց դա չի վերածվել համակարգային խնդրի, ինչպես հիմա է Երևանում՝ «կարգին» քաղաքապետի օրոք։
Նախորդ կառավարության կողմից էլ մարզերում իրականացվում էր «Մաքուր Հայաստան» ծրագիրը, մաքրվում և կոնսերվացվում էին աղբավայրեր, կանոնակարգվում գործող աղբավայրերը, անգամ նախկին վարչապետի հանձնարարականը կար՝ չսահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքներ կիրառող ստորաբաժանում ստեղծել։ Բնական է, որ այս ամենը ջնջեց «թավշյա» հեղափոխությունը և հազիվ թե նոր կառավարությունն ու վարչապետը կարողանան վերսկսել այն, ինչ ընդհատվեց իրենց պատճառով։
«Բուտկաների» հարցը։ Եթե Նիկոլ Փաշինյանի առաջադրած քաղաքապետը ցանկանա, կարող է տեսնել Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցությունների սղագրությունները, որտեղ որպես մշտական հանձնարարական եղել է չգործածվող և քաղաքի տեսքն աղավաղող կրպակների ապամոնտաժումը։ Մշտապես զեկուցվել է, թե անցնող շաբաթվա ընթացքում քանի նման կրպակ է ապամոնտաժվել, բայց երբեք դա չի ներկայացվել որպես «ահռելի փոփոխություններ» երկրի կյանքում։
Մեքենաների կարկասների մասին ասվածն անգամ աղբի ու «բուտկաների» ֆոնին է անեկդոտային։ Մի քանի տասնյակ նման մեքենաների վերացնելը դարակազմիկ իրադարձություն չի դառնա անգամ բակի մակարդակով, ուր մնաց քաղաքի կամ երկրի համար։
Մի խոսքով, բարի գալուստ «սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից» 9 ամիս անց «ահռելի փոփոխությունների» մասին հայտարարվող «նոր Հայաստան»։ Կարծում ենք, «հպարտ քաղաքացիները» ըստ արժանվույն կգնահատեն իրենց սիրելի վարչապետի «ազգափրկիչ» նախաձեռնությունը։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը