18 01 2019

Իսկ գուցե հիմա՞ Սասուն Խաչատրյանը խաղաղ ցույցը կտարբերի զանգվածային անկարգություններից

Իսկ գուցե հիմա՞ Սասուն Խաչատրյանը խաղաղ ցույցը կտարբերի զանգվածային անկարգություններից

Մարտիմեկյան իրադարձությունների մասին խոսելիս, ՀՔԾ-ն, նրա ղեկավարը մշտապես կրկնում են փաստահավաք խմբի և տերպետրոսյանական քարոզչության թեզը, այն է՝ ընտրությունները կեղծվել էին, ինչը չհանդուրժող ժողովուրդը դուրս էր եկել խաղաղ ցույցի՝ տեր կանգնելու իր քվեին և պահանջում էր վերահաշվարկ։ Երևանի Ազատության հրապարակում ձայների կեղծման դեմ բողոք էին արտահայտում նախագահի մյուս թեկնածուներին սատարող բազմահազար քաղաքացիները՝ զանգվածային հրապարակային խաղաղ միջոցառումների, երթերի, շուրջօրյա հանրահավաքների միջոցով։

2018թ․ հուլիսի 3-ից ի վեր, Սասուն Խաչատրյանը պնդում է, թե ցույցերը եղել են բացառապես խաղաղ, ցուցարարները՝ անզեն, իսկ ոստիկանությունը, բանակը պարզապես ջարդել է նրանց, որին կարողացել՝ սպանել է՝ նպատակ ունենալով խաղաղ հավաքը ցրել, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնել:

Որևէ տրամաբանող էակ կարող է առանց լուրջ մտատանջությունների հասկանալ, որ խաղաղ հավաքի անզեն մասնակիցը փախչելու կամ բիրտ, դաժան բանակայինի վայրենի հարձակմանը դիմակայելու համար մեքենա չի վառում և առավել ևս՝ խանութ չի թալանում։

Մարտի 1-ի գործով հայտնի 7 մեղադրյալների՝ Ալեքսանդր Արզումանյանի, Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի, Շանթ Հարությունյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, ինչպես նաև հավաքի կզմակերպիչ և հրահրող Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներում հստակ նշվում է, որ Երևան քաղաքում 10 զոհից բացի, նաև նյութական կորուստներ եղան, մասնավորապես․ ոստիկանությանը պատճառվել էր 25 980 093 դրամի վնաս, Կենտրոն Համայնքին՝ 69 288 760 դրամի վնաս, 92 տրանսպորտային միջոցների հրկիզման ու ջարդելու արդյունքում ոստիկանությանը, քաղաքացիներին ու ուղևորափոխադրող ընկերություններին՝ 70 854 525 դրամի վնաս։

Խաղաղ ցուցարարները ինչպե՞ս են պետությանը պատճառել այդքան վնաս, դա հնարավո՞ր է։

Բոլորովին չենք զարմանա, եթե ՀՔԾ-ն ու նրա ղեկավարը հայտարարեն, թե գործով անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել, որ զինվորներն ու ոստիկանության հատուկ ուժերը սպանել են 8 քաղաքացու և երկու ոստիկանի, հետո էլ թալանել են խանութները՝ սպանությունը կողոպուտի արդյունք ներկայացնելու համար։

Քանի դեռ կա հստակ մեղադրանք և արդյունքում՝ դատարանի վճիռ թալանի ու մեքենաներ ջարդուփշուր անելու մասին, որևէ մեկը, այն էլ՝ իրավական վերնախավից, իրավունք չունի խոսել խաղաղ ու անզեն ցույցերի մասին։

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ