27 12 2018

Ապաշնորհ կառավարման հետևանքը․ + 490 մլն դոլար՝ քաղաքացիների ուսերին

Ապաշնորհ կառավարման հետևանքը․ + 490 մլն դոլար՝ քաղաքացիների ուսերին

Անցնող տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի փողոցները փակող և մեքենաների ձայնային ազդանշաններով շրջապատը խլացնող «հպարտ» քաղաքացիները և նրանց աջակից «մի լավ բանի» ակնկալիք ունեցողները մի առանձին ջանասիրության հայհոյում էին նախորդ իշխանությանը Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի ավելացման համար։ Այդ օրերին և դրանից հետո էլ նրանք բոլորը միաժամանակ օժտվել էին տնտեսագիտական գիտելիքներով և տարատեսակ եզրակացություններ էին անում այն մասին, թե ինչպես կարելի է արտաքին պարտքը «օլիգարխներին թափ տալով» փակել, թե պարտքը վերցրել են ու «կերել», իսկ սերունդները պետք է նրանց փոխարեն փակեն այդ պարտքը և այլն։

Այդ ամենը շարունակվում էր մինչև այս տարվա դեկտեմբերի երկրորդ տասնօրյակը, երբ «հպարտ» քաղքացիները տեղեկացան, որ նոր կառավարությունը եկող տարվա համար նախատեսվում է ևս 490 մլն դոլարի արտաքին պարտք ավելացնել։ Դրանից հետո արտաքին պարտքի մասին վերջին ամիսներին հնչող «հիմնավորումները» դանակի պես կտրվեցին։ Ինչը հասկանալի է, ինչպե՞ս կարող են «սիրելի վարչապետին» մեղադրել այն բանում, ինչում նա մեղադրում էր նախորդներին, բայց անում է ճիշտ նույն քայլը։ «Հացը որ 1000 դրամ էլ դառնա, ոչինչ, կարևորը վարչապետը Նիկոլն ա» մտայնությունը, ավելի շուտ մտայնության բացակայությունը, դեռ պահպանվում է։

Այսպիսով, ի՞նչ է տեղի ունեցել արտաքին պարտքի հետ վերջին 10 տարիներին և ի՞նչ է տեղի ունենալու հիմա։

2007 թ․-ի վերջին Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 1 մլրդ 488 մլն դոլար էր։ դա կազմում էր Հայաստանի տնտեսության ծավալի՝ համախառն ներքին արդյունքի շուրջ 6 տոկոսը։ Հիշեցնենք, որ դա երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման վերջին տարին էր և դրան նախորդել էր 7-8 տարիների բարձր՝ երկնիշ տնտեսական աճը։ Դրա շնորհիվ արտաքին պարտք վերցնելու մեծ անհրաժեշտություն չի եղել։

Սակայն 2008-ի վերջին սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամը լրջորեն ցնցեց նաև Հայաստանի տնտեսությունը։ Տնտեսական աճին նպաստած կարևոր ճյուղերից շինարարությունը և հանքարդյունաբերությունը էական վնասներ կրեցին, որից հետո առաջինը մինչև 2017 թ-ը գտնվում էր անկման մեջ, իսկ հանքարդյունաբերությունը մի քանի տարի անց սկսեց ուշքի գալ, երբ մետաղների միջազգային գները կրկին փոքր-ինչ բարձրացան։

Այսպիսով, 2009թ․-ին Հայաստանի տնտեսությունը ավելի քան 14 տոկոս անկում ունեցավ, որի հետևանքով պետական բյուջեի առանջնահերթ ծախսերը՝ այդ թվում պետական աշխատավարձերի և թոշակների վճարումը չկատարելու ռիսկեր առաջացան։ Այդ ժամանակվա կառավարությունը պետք է ընտրեր կա՛մ այդ ծախսերը կրճատելը, կա՛մ պարտք վեցնելը։ Ընտրվեց երկրորդը, հակառակ դեպքում սոցիալական աղետ կլիներ։ Արտաքին պարտքը սկսեց ավելանալ։ Սակայն այն ուղղվում էր ոչ միայն բյուջեի ծախսերը կատարելուն, այլև ենթակառուցվածքային ծրագրերի՝ մասնավորապես միջպետական, հանրապետական և անգամ համայնքային ճանապարհների կառուցման ֆինանսավորմանը։ Այս ամենի արդյունքն այն էր, որ 2017-ի վերջին Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքն արդեն 5 մլրդ 494 մլն դոլար էր։ Այսինքն, 10 տարվա ընթացքում ավելացել էր շուրջ 4 մլրդ դոլարով կամ միջին տարեկան մոտ 400 մլն դոլարով։ Այս ցուցանիշի մասին փոքր-ինչ հետո։

Արտաքին պարտքի ավելացումն այնքան սարսափելի չէր, որքան որ այն ավելացել էր համախառն ներքին արդյունքի ցածր աճին զուգահեռ։ Այսինքն, պարտքն աճել էր ավելի արագ, քան տնտեսությունը, որի պատճառով արտաքին պարտքը կազմել էր համախառն ներքին արդյունքի մոտ 45 տոկոսը։ Տեղեկացնենք, որ արտաքին պարտքը կառավարելի է համարվում, եթե այն չի գերազանցում ՀՆԱ-ի 50 տոկոսը և ամենակարևորը, որ երկրում բարձր տնտեսական աճ է արձանագրվում։ Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի տնտեսությունոււմ հիմա։

Տնտեսական աճի տեմպի թավալգլոր նվազում, որը պայմանավորված չէ համաշխարհային գործընթացներով ինչպես 2009-ին էր և դրան զուգահեռ նախատեսվում է արտաքին պարտքի ավելացում։

Այսինքն, կառավարության վերջին ամիսների գործունեության կամ դրա բացակայության հետևանքով տնտեսական վիճակը վատանում է, իսկ կառավարությունը իր ապաշնորհության հետևանքները ծածկելու համար արտաքին պարտք է ավելացնում։ Սա երևի զանգվածային փսիխոզի մեջ գտնվողների համար ընկալելի չէ, բայց այսօրվա իրականությունն է։

Ընդ որում, շեշտենք, որ իր կառավարման առաջին լիարժեք տարում՝ 2019 թ․-ին «թավշա» իշխանությունը վեցնելու է ավելի շատ պարտք, քան նախորդ իշխանության միջին տարեկան 400 մլն դոլարն էր՝ այսինքն 490 մլն դոլար։ Ֆինանսների նախարարության ներկայացուցչի տեղեկացմամբ, արտաքին պարտքը հասնելու է երկրի համախառն ներքին արդյունքի արդեն 50 տոկոսին՝ ռիսկայինի վերին սահմանին։ Դեռ չխոսենք այն մասին, որ անգամ սա կարող է լավատեսական համարվել, քանզի եկող տարվա տնտեսական աճի հավանականությունը խիշտ մշուշոտ է։ Հնարավոր է անգամ անկում տարվա առաջին ամիսներին։ Սակայն, տնտեսական անկման կամ ցածր աճի պարագայում 6 մլրդ դոլարի հասնող արտաքին պարտք ունենալն այլևս չի սասափեցնում «հպարտներին»։ Չէ՞որ «կարևորը որ Նիկոլն ա վարչապետը» ․․․

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ