Դեկտեմբերի 7-ի աշխատանքային օրվա երկրորդ կեսին վերաքննիչ դատարանը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Այս ամբողջ գործընթացն ընթանում է ծայրաստիճան լարված նյարդերի պայմաններում։ Ըստ ամենայնի՝ լարված են թե՛ դատավորը, թե՛ մեղադրող դատախազները, թե՛ հրահանգ տալու պատրաստ և գաղտնալսվող ԱԱԾ, ՀՔԾ պետերն ու նաև վարչապետը, այս ամենը լուսաբանող լրատվամիջոցներն ու նրանց հետևող քաղաքացիներն էլ՝ չհաշված։
Ամենալարվածը, սակայն, հենց վարչապետն է, և նա մի կողմից հայտարարում է զանգովի արդարադատության վերացման մասին, մյուս կողմից ստիպված է լինում արդարանալ ամեն մի զանգի «վերծանումից» հետո։
Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ի հանրահավաքում արդեն մատ թափ տվեց Վերաքննիչ դատարանի դատավորի վրա, որը համարձակվել էր չենթարկվել իրեն և այլ վճիռ կայացրել Ռոբերտ Քոչարյանի գործով, քան ուզում էր ինքը։ Դեկտեմբերի 4-ին էլ նա դիմեց մյուս դատավորին, որը պետք է դեկտեմբերի 7-ին վճիռ կայացնի․ «Ազգային ժողովը քաղաքական բարձրագույն մարմին է, և կառավարությունն ունի բոլոր լծակները դատական համակարգում նույնպես, ի վերջո, հեղափոխութուն անելու։ Որովհետև, այո, Հայաստանի դատական համակարգում շատ մեծ թիվ են կազմում կոռումպացված, թալանչի դատավորները։ Եվ էդ դատավորներին էլ հատ-հատ բերելու ենք պատասխանատվության»։ Իհարկե՝ խոսքը պաշտոնապես ուղղված էր բոլոր դատավորներին, որոնք կհամարձակվեն հակառակ կարծիքով որոշում կայացնել։
Եթե Հայաստանում կա թալանչի դատավոր, պետք է նստի, բայց Նիկոլ Փաշինյանը, որ ամեն առիթով հայտարարում է, թե թալանն ու կոռուպցիան վերացրել է, կտրուկ փոփոխություն է բերել երկրին, որքանո՞վ է վստահ, որ այժմ կան թալանչի դատավորներ։ Որովհետև նրանց որոշման հետ համաձայն չէ՞։ Կա՞ն փաստեր որևէ դատավորի՝ թալանչի լինելու մասին և ինչո՞ւ նա ձերբակալված չէ։
Նիկոլ Փաշինյանի համար չափազանց կարևոր է մինչև ընտրություններ Ռոբերտ Քոչարյանի անպայման ու անհապաղ կալանավորումը։ Դա երևաց Վճռաբեկ դատարանի որոշմանը հաջորդած հապճեպությունից։ Օգոստոսից ի վեր մոռացված գործը, ոնց որ դեժավյու լիներ, հանկարծ վճռաբեկում անակնկալ քննվեց, բեկանվեց, հետ ուղարկվեց Վերաքննիչ՝ նոր քննության, և այդ նոր քննությունը սկսվեց ընդամենը տասն օր անց։ 7 օրում 5 դատական նիստ տեղի ունեցավ՝ ամբողջ աշխատանքային ժամերի ընթացքում, փոքրիկ ընդմիջումներով, 6 դատախազի, այդ թվում՝ գլխավոր դատախազի մասնակցությամբ։
Ու նման ծանրաբեռնվածությամբ աշխատում են, որ հասցնեն․․․Որքան էլ ծիծաղելի է՝ քարոզարշավի ավարտին։
Տնտեսական, սոցիալական, արտաքին քաղաքական, պաշտպանական, անվտանգության և այլ ոլորտներում խայտառակ պարտությունից ու ձախողումից հետո քարոզարշավը տարվում է քաղաքական ու իրավական հարթությունում։ Սա իրավական հարթությունում Փաշինյանի քարոզարշավն է ու ինչպես քաղաքական բառապաշարն է չափազանց հակապետական, այնպես էլ սա։
Քարոզարշավի ժամանակ կոնկրետ ծրագրերի բացակայությունը լրացվում է տարատեսակ քրեական շոուներով, որոնք պահել են հենց վերջին պահին՝ լռության օրվանից առաջ ձնծաղիկի պես ծլեցնելու համար՝ Արամ Հարությունյանի կաշառք, Սերժ Սարգսյանի՝ Վաչո, Գեներալ Մանվելի անշարժ գույքի նվիրաբերություն, Ալեքսանդր Սարգսյանի 30 մլն դոլար և այլն։ Վերջին ակորդն էլ Ռոբերտ Քոչարյանի գործն է։ Ավելի ճիշտ՝ երկրորդ նախագահի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը։ 4 ամիս այն այդքան էլ հրատապ չէր, հիմա անհրաժեշտ է, հրատապ ․․․
Ամսի 7-ին ավարտվում է քարոզարշավը և կայացվում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը։ Դրանից հետո լռության օր է, բայց թեժ է լինելու այդ թեման, քաղաքացին ընտրատեղամաս է գնալու իրենց պատկերացրած «հզոր Փաշինյանով» ոգևորված, որը «դուխ» ունեցավ կալանքի տակ առնել նախկին նախագահին։ Ծիծաղելի և միաժամանակ՝ լացելու աստիճանի, որ քարոզարշավի մարտավարության դրվագում հայրենի գործիչները չեն խորշում օգտագործել անկախ դատական համակարգ համարվող ինստիտուտը՝ թաղելով այդ հասկացությունը վերջնականապես, ի հակառակ վերակենդանացնելու և ժողովրդի աչքերում վստահությունը վերականգնելու։
Օգոստոսի կեսերին, երբ Վերաքննիչ դատարանը վճռեց Քոչարյանի կալանքը վերացնել՝ անձեռնմխելիության հիմքով, շատ ու շատ իրարից տարբեր կարծիքների մեջ՝ կողմ թե դեմ, առանձնացան մասնավորապես այդ ոլորտի մասնագետների՝ երկարամյա փորձառությամբ իրավաբանների, փաստաբանների կարծիքները, որ Հայաստանում, ի վերջո, քաղաքական կամ անձնական ցանկությունները և շահը մի կողմ է դրվել՝ ի նպաստ այդ չարչարված ոլորտի վերականգնմանը։ Այդ օրերին դեռ ԱԱԾ-ՀՔԾ ղեկավարների խոսակցությունները չկային։ Դրանք մենք կլսեինք մոտ մեկ ամիս անց։
Իսկ այսօր դեռ ընկալումը հետևյալն է․ Հայաստանում կալանք տալու դուխ ունի, ինչպես երևում է՝ մեկ հոգի՝ ևս երկու հոգու հետ բոլորովին չպաշտպանված հեռախոսակապով խորհրդակցելով։
Կարծես Փաշինյան-Վանեցյան-Խաչատրյան եռյակի ուսերին է ՀՀ արդարադատության համակարգն իրականացնելու ծանր ու պատասխանատու բեռը։ Կարճ ասած՝ «Անցումային արդարադատություն»։ Մինչ մասնագետները լուրջ դեմքերով քննարկում են դրա գործածելու սահմանադրականությունը, այս մարդիկ արդեն լիովին իրականացնում են դա։
Չենք կարող գուշակել, թե դատավորն ինչ վճիռ կկայացնի, բայց նաև փաստ է, որ գաղտնալսված հեռախոսազրույցի ֆոնին այդ դատական վճռից շատ բան է կախված։ Համենայն դեպս, պարզ է դառնալու, թե ինչ սկզբունքներով է շարժվում Նոր Հայաստանի դատարանը՝ շարունակվելո՞ւ են հետհեղափոխական պոպուլիզմն ու իշխանության ուղեղում էյֆորիկ տրամադրությունները, թե՞, ամեն դեպքում, սթափանալու նշաններ ցույց կտա նույն իշխանությանը։ Պետության հիմնասյուների հետ խաղ անելով՝ շատ շուտով կկորցնենք այն, ինչի վրա դողում ենք անկախությունից ի վեր՝ մեր պետականությունը։ Չէ՞ որ նման պետության վրա շատ ավելի հեշտ է թե՛ ճնշելը, թե՛ սպառնալը, թե՛ հասցնելը վախճանի․․․
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը