Ընթացող զարգացումներին զուգահեռ առավել է որոշակիանում, որ Փաշինյանն իր հեղափոխական թիմը կազմավորել է աշխատանքի տեղավորման գրասենյակի համանմանությամբ: Ի սկզբանե «հեղափոխական» են դարձել նրանք, ովքեր իրենց դիրքերն ամրապնդելու և ավելի շատ իշխանություն ունենալու մարմաջ են ունեցել: Նաև նրանք, ում առաջնորդը մանդատներ, պաշտոններ, մենաշնորհներ կամ արտոնություններ է խոստացել՝ իշխանությունը ստանալուց հետո: Հիմա, երբ պարզորոշվել է վարչապետի ժպ-ի կազմած՝ իշխանությունը վերաբաժանելու ողջ սխեման, շատերը հայտնաբերել են, որ դարձյալ դուրս են մնացել «երջանիկ կյանքի» փաշինյանական համակարգից:
Նախընտրական այս փուլում բոլոր «դուրս մնացածները» զանգվածաբար լքում են Փաշինյանի ճամբարը և «նոր հեղափոխություն» են նախապատրաստում՝ արդեն հայտնի «քայլերի» մեթոդաբանությամբ: Վարչապետի ժպ-ից «նեղացածների» ու «դժգոհների» շարքերում են այսօր դեռ ամենաազդեցիկ պաշտոններ ունեցողներից շատերը, ում աշխատանքը Փաշինյանն անզգուշություն է ունեցել՝ հրապարակավ քննադատել: Նաև նրանք, ովքեր համոզված են, որ պաշտոնանկ են արվելու դեկտեմբերի 9-ից հետո ու գիտեն իրենց փոխարինողներին:
Երիտասարդ ու հավակնոտ «նոր հեղափոխականների» թիմը նույնիսկ ունի իր նշանաբարը՝ «նորից փորձիր», իսկ Փաշինյանի թիմում, փաստորեն, ընդհատակյա «հակահեղափոխական» գործունեություն է ծավալում՝ «էլ մի փորձիր» նշանաբանով: Եվ որքան նոսրանում են Փաշինյանի կողմնակիցների շարքերն ու ստվարանում է հակառակորդների թիմը, այնքան վարչապետի քարոզչական ելույթները սպառնալից ու ծայրահեղական են դառնում: Այնքան ահագնանում է ինֆորմացիոն արտահոսքը իշխանական միջավայրից, և բացահայտվում են միանգամայն զարմանալի իրողություններ:
Մասնավորապես. օդում լուրեն են կախվում, որ Փաշինյանի ազդեցության դաշտից դուրս գալու և միանգամայն ինքնուրույն գործելու հետևողական քայլեր են ձեռնարկում և՛ ոստիկանապետը, և՛ ՀՔԾ պետը, և՛ պաշտպանության նախարարը, և՛ գլխավոր դատախազն ու որոշ դատախազներ, և՛ որոշ դատանների նախագահներ ու դատավորներ: Ինքնուրույնության այս ձգտումները նույնիսկ անհրաժեշտության են վերածվել, քանի որ ոչ ոք չի ցանկանում պաշտոնը պահպանելու գնով՝ ստանձնել այն օրինախախտումների պատասխանատվությունը, որոնք Փաշինյանը կանոնավոր պարբերականությամբ ու շարունակաբար գործում է:
Օրինախախտումների այս շարքը բավականին ընդարձակ է. և՛ պետական ռեկետ՝ տնտեսվարողների ու սեփականատեր դարձած օլիգարխների նկատմամբ, և՛ ռեպրեսիաներ՝ քաղաքական ուժերի ու գործիչների, նրանց ընտանիքի անդամների ու ծնողների նկատմամբ, և՛ աննախադեպ խոշոր չափերի կաշառառություն՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ու մինչ այս անպատկերացնելի եղանակներով, և՛ սահմանադրական դրույթներին ու միջազգային պայմանգրերին հակասող քայլեր, և՛ պետական ու հանրային շահերը շրջանցող գործողություններ:
Իսկ նախընտրական շրջանում հատկապես ինքնուրուն լինելու անհրաժեշտություն է առաջացել՝ «Սասնա ծռերին» համաներելու և քաղաքական գործունեության պատվեր տալուց հետո: Իհարկե. պատասխանատու այս բարձր պաշտոնյանների ինքնուրույնության գրավականը ԱԱԾ պետն է, ով, ըստ պնդումների, միշտ է ինքնուրույն:
Բանն այն է, որ ըստ օդում կախվող լուրերի, «Սասնա ծռերին» քաղաքական դաշտ են մտցնում դեսպանատները, քանի որ Փաշինյանը չունի ու այլևս չի կարող ունենալ իր «գրոհայինների» ջոկատները: ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում սադրիչ քայլերի միջոցով հակամարտություններ հրահրելուց և քաոսային իրավիճակ առաջացնելուց հետո, ըստ էության, Փաշինյանը սպառել է միջազգային վստահության ողջ լիմիտը և կորցրել է ցանկալի ներկայության բոլոր հնարավորությունները: Ահա և՝ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգելու պատճառներից մեկը:
Արցախի իշխանությունների հետ հարաբերություններում լարվածություն ներմուծելուց և Արցախյան ազատամարտի նշանակությունը նսեմացնելու գաղափարը շրջանառության մեջ դնելուց հետո Փաշինյանի դերն այլևս նշանակալի ու անհրաժեշտ չէ: Ե՛վ Հայաստանում, և՛ Արցախում արդեն կան դեսպանությունների ո՛չ թավշյա, առավել «մարտական» առաջադրանքները կատարելուն պատրաստ գործակալներ, ովքեր բացհայտ խաղի մեջ են մտնում և միանգամայն լիարժեք կարող են փոխարինել Փաշինյանին: Իսկ նա առժամանակ խաղից դուրս կմնա, կդառնա «քնած» գործակալ, Հայաստանից, Արցախից ու իրեն վստահած ժողովուրդից շատ հեռու՝ կվայելի թավշյա հեղափոխության համար ստացած վարձքը:
Եվ այսպես, քայլ առ քայլ գնում ենք դեպի ընտրություններ՝ ընտրելու մեր ու երկրի ապագան:
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը