27 11 2018

Առնվազն 10 հրաժարական, որ պետք է տրվեր

Առնվազն 10 հրաժարական, որ պետք է տրվեր

Պատասխանատվության բացակայություն․ սա այն է, ինչի համար Հայաստանի իշխանությունները միշտ ենթարկվել են սուր քննադատության։ Իր արածի, ասածի համար ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ բարոյական պատասխանատվություն սովորաբար չի կրում իշխող ուժի անդամը, ինչն անկառավարելի, ոչ ադեկվատ է դարձնում այդ ուժին և բազում մերժելի բաների հանգեցնում։

Նիկոլ Փաշինյանի պարագայում նախկին սխալին ավելանում է մեկ բան՝ եթե նախորդիվ բանի տեղ չէին դնում, կամ ներսում երևի թե «ջղայնանում» էին վրան, մինչև տպավորությունը մարում էր, այժմ Փաշինյանն արդարացնում է։ Հրապարակավ։

Սասուն Միքայելյանը հայտարարել է բան, որը մերժելի է թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ ազատամարտիկների, թե՛ հանրության, թե՛ սփյուռքահայերի և անգամ՝ «Իմ քայլ»-ի որոշ ադեկվատ գործիչների համար։ Նման սայթաքում պետք է թույլ չտա հատկապես ազատամարտիկը, որը հավակնում է հերոսի կոչման, «Երկրապահ» կամավորական միությունը ղեկավարելուն, ԱԺ պատգամավոր է, Հայաստան է ներկայացնում։

Փոխանակ դատապարտելուն, ներողություն հայցելուն, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է․ «Տարիներով հետևել եք, թե ոնց է բանակը թալանվել, ու մի նախադասություն չեք ասել, հիմա չփորձեք դիվիդենտներ հավաքել մի սխալ նախադասության համար․․․»:

Ու վարչապետի այս պատասխանն էր պատճառը, որ Սասուն Միքայելյանը հետո հայտարարեց, թե կրկնում է իր ասածը, պարզապես այն կոնտեքստից հանվել է, չնայած որ այլ կոնտեքստ չկար։

Այս ուժի շարքերում նման սխալները շատ են, որոնք մի մասը համարում են լեզվական սայթաքում, մի մասը՝ անգրագիտություն, մյուսները՝ դիտավորություն՝ քաղաքական ծրագիր։ Բայց այն, ինչ ներելի չէ սովորական քաղաքացուն, ներելի է «հպարտ» իշխանավորին։

Նորմալ երկրում, օրինակ, կրթության և գիտության նախարարը տառասխալներով գրելու համար հրաժարական կտար, իսկ մեզանում նախարարն ընդամենը ուղղում է գրածը՝ առանց գոնե արդարանալու, և քանի որ ֆեյսբուքում ջնջումներ չեն լինում, հայտարարում են, թե ի սկզբանե ճիշտ է գրել, գլխին «սարքել» են։

Նորմալ երկրում ԱԱԾ տնօրենը հրաժարական կտար՝ ասուլիսում պետության նախկին ղեկավարին կաշառատվության մեջ մեղադրելու համար, որի ապացույցը չունի և չի էլ կարող ունենալ։ Իսկ մեզանում համարեցին արագ խոսելու հետևանքով՝ լեզվի՝ ուղեղին չենթարկում։

Նորմալ երկրում ժողովրդին սև ու սպիտակի բաժանող թեկնածուն դուրս կգար պայքարից՝ որպես քաղաքացիական պատերազմ հրահրող, իսկ մեզանում համարեցին առաջին լուրջ քաղաքական ելույթ, որը կարող է ունենալ նաև թերացումներ։

Նորմալ երկրում մարզպետն անմիջապես հրաժարական կտար, քանի որ գյուղատնտեսական հեղափոխություն խոստացող երկրում չգիտի իր մարզում կաթիլային ոռոգման ներքո գտնվող հողերի թիվը։ Իսկ մեզ մոտ համարեցին լեզվի սայթաքում, ինչպես նաև լեզվի սայթաքում էր մեկ այլ նախարարի՝ օրացույցին նվազագույն գրագիտության մակարդակով իսկ չտիրապետելը։

Նորմալ երկրում ՀՔԾ և ԱԱԾ տնօրենները հրաժարական կտային՝ դատարանին ուղորդելու համար, իսկ մեզ մոտ հավասարեցվեց ընկերական զրույցի, որի մեջ ոչ ոք իրավունք չունի քիթը խոթել․ այդ մեկը, արդեն, ազգային անվտանգության հարց է։ Դա պարզ է, իսկ որ պաշտոնյան ակնհայտ պատմում է, թե ինչպե՞ս է հրանգավորում «անկախ» և «վախեցած» դատավորին, դա՝ հեչ։

Նորմալ երկրում պատասխանատվության կենթարկվեր փոխվարչապետը՝ պաշտոնի եղած ժամանակ սեփական բիզնեսի զարգացման համար պետական դրամաշնորհ ստանալու համար։ Մեզ մոտ մի բան էլ ինքն է հոխորտում, իսկ վարչապետին էլ բավարարում է նրա բացատրությունները։

Նորմալ երկրում ՀՔԾ տնօրենը հրաժարական կտար ենթադրյալ մեղադրյալին անձնական վիրավորանք հասցնելու, անմեղության կանխավարկածը բազմիցս խախտելու, ուղորդումների համար։ Իսկ մեզ մոտ արդարացավ, թե ամեն մեկն էլ մտքի մեջ կարող է մեկ ուրիշի մասին կարծիք ունենալ և այլ նմանատիպ անտաղանդ բացատրություններ։

Նորմալ երկրում ․․․ Մի խոսքով, պատասխանատվության բացակայությունը մեզանում չափազանց արագ է իր պտուղները տալիս, որոնք էլ վայելում ենք մենք՝ քաղաքացիներս։

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ